Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավական մեծ նշանակություն չունի

Հուլիս 28,2010 00:00

\"\"Կոսովոյի հարցում, ըստ Վարդան Պողոսյանի, պետք է տարանջատել իրավունքն ու քաղաքականությունը

Միջազգային իրավունքի անկախ փորձագետ Վարդան Պողոսյանի կարծիքով, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախությունը օրինական ճանաչելու վերաբերյալ «զուտ իրավաբանական տեսանկյունից շատ մեծ նշանակություն չունի»:

«Կոսովոյի խորհրդարանը ընդունել էր հայտարարություն Կոսովոյի անկախության վերաբերյալ, եւ Հաագայի դատարանը ընդամենը պետք է պատասխան տար այն հարցին, թե ինչքանով է այդ հայտարարությունը անկախության վերաբերյալ համապատասխանում միջազգային իրավունքին: Հարցադրումը հենց այդպիսին էր»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Պողոսյանը՝ շարունակելով. «Հարցադրումը չէր վերաբերում այն բանին, թե տվյալ դեպքում արդյոք Կոսովոյի ալբանական ժողովուրդը իրավունք ունի՞ ինքնորոշվելու, թե՞ ոչ, եթե նման ինքնորոշման իրավունք ունի, ապա ի՞նչ ձեւով դա պետք է իրականացնի: Դատարանը իր որոշման մեջ չի անդրադարձել նաեւ այդ հայտարարության իրավական հետեւանքներին: Դատարանը իր որոշման մեջ չի անդրադարձել այն հարցին, թե ինչքանով են օրինական այն պետությունների քայլերը, որոնք միակողմանիորեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը»:

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում դատարանի որոշումը «աննախադեպ» գնահատվեց՝ միաժամանակ հնչեցին կարծիքներ, որ Հաագայի դատարանի վճիռը կարող է նախադեպ դառնալ այլ հակամարտությունների համար: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, մինչդեռ, երեկ հայտարարել է, թե որոշումը չի կարող նախադեպ ծառայել:

Վարդան Պողոսյանը այս առնչությամբ շեշտեց, որ հարկավոր է հստակ տարանջատել միջազգային իրավունքը եւ քաղաքականությունը. «Ձեր վկայակոչած բոլոր հայտարարությունները միայն քաղաքական հայտարարություններ են եւ բավականին հեռու առնչություն ունեն միջազգային իրավունքի հետ: Հաագայի դատարանը ընդամենը փաստել է մի շատ պարզ, ինքնըստինքյան հասկանալի եւ վաղուց միջազգային իրավունքում գոյություն ունեցող սկզբունք, ըստ որի՝ ազգերը իրավունք ունեն որոշակի պայմաններում ինքնորոշվելու եւ այդ որոշակի պայմանների դեպքում՝ նաեւ ընդունելու մի այնպիսի հայտարարություն, ինչպիսին ընդունել էր Կոսովոյի խորհրդարանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել