Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑԵՔ

Հուլիս 28,2010 00:00

\"\"Հաագայի դատարանի որոշմամբ խանդավառված քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս Պարույր Հայրիկյանը:

– Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումից հետո Հայաստանում եւ Ղարաբաղում քաղաքական գործիչները մի տեսակ ակտիվացել են, ոգեւորվել են, միաբերան պնդում են, որ դա պետք է նախադեպ լինի Ղարաբաղի համար՝ չնայած ԱՄՆ Պետդեպը արդեն երկրորդ անգամ է հայտարարում, որ այդ որոշումը նախադեպային լինել չի կարող:

– ԱՄՆ Պետդեպը քաղաքական կառույց է եւ միջազգային իրավունքի հարցերում շատ կապ չունի, եւ այդ հարցերում նրան լուրջի տեղ դնել չի կարելի: Պետդեպը եւ ԱՄՆ նախագահները տարբեր դրսեւորումներ էլ են ունենում. ժամանակին հայր Բուշը ինձ համարում էր «դեստաբիլիզացիոն ֆակտոր», որովհետեւ ես գլխավորում էի Սովետական Միության դիսիդենտներին, ովքեր պայքարում էին արդարության համար: Ընկեր Գորբաչովն իրենց հարազատն էր, «դեմոկրատ» էր, իսկ մենք՝ Բուկովսկի, Կուզնեցով եւ մյուս նշանավոր դեմքերը, որ հավաքվել էին եւ ինձ ընտրել ղեկավար՝ «դեստաբիլիզացիոն ֆակտոր»: Այնպես որ, լուրջ մարդիկ պետք է լուրջ չընդունեն Պետդեպի՝ միջազգային իրավունքին վերաբերող գնահատականները: Քաղաքական հարցերում կարող են: Բայց տվյալ դեպքում խոսքը վերաբերում է միջազգային իրավունքին, իսկ իրավունքը ոչ միայն նախադեպ է, այլեւ հարաբերություններ կարգավորող օրենք, վճիռ, իմաստնություն: Ինչ վերաբերում է մեր քաղաքական գործիչների ակտիվացմանը՝ բոլորի ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն հանգամանքին, որ Սովետական Միության առաջին քաղաքական կազմակերպության անունը, որը ստեղծեց ձեր խոնարհ ծառան՝ Հայրիկյանը՝ իր չորս ընկերների հետ, ոչ թե սահմանների անձեռնմխելիության միավորում էր, այլ Ազգային ինքնորոշում միավորում: Այնպես որ, հայ ազգը, ի դեմս ԱԻՄ-ի, շատ վաղուց իր գնահատականն ու վճռական խոսքն ասել է Սովետական Միության բոլոր ազգերի համար: Այսօր ակտիվացողներին խնդրում եմ մի քիչ խորանալ հայ ժողովրդի պատմության մեջ. դրանից ավելի շատ դասեր կքաղեն, քան թե այս կամ այն ատյանում ընդունած որոշումները թմբկահարելուց:

– Այդ ոգեւորությունն անհասկանալի է նաեւ այն տեսանկյունից, որ եթե անցած տարիներին մեզանում որոշ անհատներ խոսում էին ԼՂՀ ճանաչման իրավական ճանապարհի մասին, նրանց վերաբերվում էին քամահրանքով, հեգնում էին, պիտակներ կպցնում, հիմա ինչո՞ւ ենք ազգովի ոգեւորվել:

– Թե ինչո՞ւ են ոգեւորված՝ իրենք կարող են ասել: Երեւի լավատեսության լրացուցիչ հիմքեր են տեսնում, բայց ԱԻՄ-ի մասին խոսելիս, կարծում եմ, շատ հստակ գիտենք, որ նույնիսկ Սովետական Միության ամենաանհեռանկարային տարիներին մենք եղել ենք իրավական լուծումների հավատացող, որովհետեւ ի սկզբանե խոսքն էր, եւ խոսքն Աստծու մոտ էր, եւ խոսքն ինքն Աստված էր: Այսինքն՝ եթե միջազգայնորեն ընդունվում է ինչ-որ տեսակետ, այն վաղ թե ուշ իրականություն է դառնում: Այսօր ասպարեզ իջած խանդավառությունն էլ անհիմն չէ, որովհետեւ երկրորդական չպիտի համարենք այդպիսի բարձր ատյանի տված գնահատականը:

– Կիսո՞ւմ եք առաջին նախագահի տեսակետը, որ ԼՂՀ հարցի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում է:

– Այն իմաստով, որ Արցախի խնդիրը կերտել է բոլշեւիկյան Ռուսաստանը՝ կարելի է ասել. բայց չեմ կարծում, որ ՀՀՇ-ականներն այդքան տարրական քաղաքացիական արիություն ունենային խոսելու ՌԴ-ի բացասական դիրքորոշման մասին: Դա հերթական ռուսասապոնվելու, ռուսին հաճոյանալու դրսեւորումն է, ինչպես այն պրիմիտիվ հայտարարությունը, որ մենք հերոսաբար թախտի տակից դուրս չեկանք եւ Կարս-Արդահանի պայմանագրից չհրաժարվեցինք: Իսկ եթե խորքից մոտենանք՝ այս խնդիրը մեզ համար ստեղծել է ռուսական կայսրությունը: Ռուսական դեմոկրատիայի կայացմամբ նաեւ այդ կայսերապաշտական մոտեցումը կարող է նահանջել եւ ասպարեզ բացվել քաղաքական ու իրավական եզրահանգման համար: Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանը, թեկուզեւ Հայաստանին էլ է զենք վաճառում, բարեկամ չի կարող ընկալվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել