Ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Փափազյանը կարծում է՝ մեր օպերային թատրոնում իրար գլուխ են ջարդում:
Արմեն Տիգրանյանի «Անուշը» օտարերկրացի հանդիսատեսին ներկայացված հայկական առաջին օպերան է: Եգիպտոսում ծնված, Կիպրոսում, ԱՄՆ-ում, իսկ այժմ էլ Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից Ժիրայր Փափազյանն է այդ օպերայի բեմադրիչը: Նա, 1980 թվականին, ավարտելով թատերական ինստիտուտը, մեկնում է ԱՄՆ, Միչիգանի օպերային թատրոնում ամերիկյան կազմով անգլերեն «Անուշ» բեմադրում: Ժ. Փափազյանը, որ Հայաստան էր ժամանել Գյումրիում նկարահանվող «Դաշնամուրը» ֆիլմում նկարահանվելու համար, օրերս նաեւ «Նարեկացի» արվեստի միության հյուրն էր: «Անուշից» հնարավորություն կար տեսնելու միայն մի քանի հատված, որովհետեւ այդ տարիներին նկարահանումն արգելված էր եղել, եւ միայն մի հանդիսատես կարողացել էր ծածուկ նկարահանել ներկայացման որոշ հատվածներ: Թե ինչով էր 1980-ականներին «Անուշը» գրավել ամերիկացիներին եւ ինչ պայմաններում ամերիկացի երգիչներն ու պարողները ներկայացրին «Անուշը», պատմում է բեմադրիչը. «Միչիգանի օպերային թատրոնի հիմնադիր, կոմպոզիտոր, ծագումով իտալացի Դեյվիդ Դիթիերան, ում ես հանդիպեցի պատահականորեն, 80-ականներին հայտարարություն էր արել, թե բացի գերմանական, իտալական, ֆրանսիական հայտնի օպերաներից, ուզում է ներկայացնել ազգային սահմաններից դուրս չեկած օպերաներ: Եզրակացության էին եկել, որ «Անուշը» հայկական ամենաէկզոտիկ գործն է, ինձնից ուզեցին անգլերեն թարգմանությունը, ասացի՝ չկա, ամերիկացու համար անհնարին բան է, որ ինչ-որ գործ անգլերենով չլինի: Այդ տարիներին Միչիգանի օպերան ավանդական մի բան էր արել. ներկայացումները մի գիշեր անգլերենով էին, հաջորդ գիշեր՝ իտալերենով: Ասացին՝ հայերենն այնպիսի լեզու է, որ արտիստները երկու անգամ ավելի գումար կպահանջեն անծանոթ լեզու սովորելու համար, կամ էլ գործ որոնող երկրորդական արտիստները պիտի հետաքրքրվեն, որոնց համար լեզուն չինարեն է, թե հայերեն, կարեւոր չէ: Այդպիսի մակարդակով չուզեցին բեմադրել, սա ինձ համար էլ էր կարեւոր, որովհետեւ անծանոթ ժողովրդի, հեղինակի գործը միջազգային մակարդակով ներկայացնելիս պետք է որակով անես, դա է հաջողության միակ գաղտնիքը»: Դրանից շուրջ 20 տարի անց Ժ. Փափազյանը ամերիկացիներին հնարավորություն ընձեռեց կրկին տեսնել «Անուշը»՝ այս անգամ հայերենով:
Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը նշելիս Սան-Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում Ժ. Փափազյանը բեմադրում է նաեւ Տ. Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան: Շուրջ մեկ ամիս առաջ էլ նա ֆրանսիացիներին ներկայացրել է «Կարինե» օպերետը: Ժ. Փափազյանն անգլերեն բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է, ինքն է թարգմանել նաեւ «Անուշը»: «Միշտ էլ այդ թարգմանությունների կարիքը կա, օտարները շնորհակալություն են հայտնում, որովհետեւ պատճառ ես լինում, որ իրենք մի նոր բան հայտնաբերեն»,- ասում է զրուցակիցս: Տ. Չուխաջյանի «Կարինեն» ֆրանսերեն թարգմանելու համար նրան օգնել են ֆրանսիացի Ժան Դընի Վիվիենը եւ Քրիստոֆ Ռամուն: Վերջինս երգի բառերի հեղինակն է: Ֆրանսերեն թարգմանության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել, օրինակ, «այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք» արտահայտությունը թարգմանվել է «զղջան ծնողների ամուսնությունը»: Ժ. Փափազյանը կարծում է՝ «ֆրանսիացիները շիտակ կամ գրեթե քառակուսի մտածող մարդիկ են, աբստրակտ բաները իրենց ուղեղի մեջ չեն մտնում: Չեն հասկանում՝ ի՞նչ է հոր հարսանիք հիշելը, դրա համար փոխեցինք»: Ներկայացման մեջ Ժ. Փափազյանը նաեւ Հոր-Հոր աղայի դերակատարն է եւ բեմի վրա նաեւ երգում է: Բեմադրիչը երաժշտական ընտանիքում է մեծացել, բայց երաժշտական կրթություն չունի: «Կարինեի» դեպքում այնպիսի արվեստագետների հետ աշխատեցի, որոնք սիրտ եւ հոգի ունեին, նվիրական արվեստագետներ են, հոժարեցան շատ զոհողություններ անել ու քիչ փող ստանալ: Դեկորների ու հագուստների համար մի ֆրանսիացու հետ աշխատեցի, որ տարիներով Պիտեր Բրուկի, հետո էլ Իրինա Բրուկի հետ էր աշխատել, ասացի՝ միայն 600 եվրո ունեմ թե՛ կոստյումների, թե՛ դեկորների համար, որը մեզ մոտ շատ փոքր գումար է: Բայց ամեն ինչ շատ ճաշակով արեց»,- ասում է ֆրանսահայ բեմադրիչը:
Ինչ վերաբերում է «դրսում» ստեղծագործելու պայմաններին, բեմադրիչի խոսքով՝ սփյուռքում այսօր մշակութային գործունեություն ծավալելը չափազանց դժվար է դարձել, որովհետեւ տեղի բարեգործական կազմակերպությունները սկսել են միայն Հայաստանին օգնել: Ժ. Փափազյանը կես լուրջ, կես կատակ ասում է՝ որոշել է հայաստանցի դառնալ. «Միշտ էլ մեծապատիվ մուրացկանների նման մուրացկանություն ենք անում, որ պետությունը կամ հարուստները մեզ փող տան, միայն սովետն էր, որ որոշեց ծորակները բացել, փողերը թափվում էին, բայց հանկարծ Հայաստանը անկախացավ, սփյուռքը խառնվեց իրար՝ թե Հայաստան անկախ է, պետք է փող ուղարկել: Երբ այս տեսակ ծրագրեր ենք մշակում, մեզ համար՝ փող չունեն, ամեն ինչ Հայաստան են ուղարկում, մնում է՝ ես էլ Հայաստանում մի միություն բացեմ, որ դրսում կարողանամ գործերս կազմակերպել: Ո՞ւր պիտի դառնանք՝ ֆրանսիական պետություն, դոտացիա տվեք մեզ, ասում են՝ օ քեյ՝ 300 հազար եվրոյից 150 հազարը կտանք, 150-նն էլ Հայաստանի մշակույթի մինիստրությունը թող տա, պատասխանը դա է, բայց հանաք ե՞ք անում, Հայաստանը մի ներկայացման համար 150 հազար եվրո տա՞…»: Ֆրանսահայ արվեստագետը դժգոհում է. «Սփյուռքում դպրոցներ, թերթեր են փակվում, խայտառակ բան է՝ Կիպրոսի Մելքոնյան գիշերօթիկ դպրոցը փակելը ի՞նչ կնշանակե, ինչ է, թե Հայաստանում մի դպրոց պիտի բացեն, թե հայեր պիտի գան, հայերեն սորվին, լա՜վ էլի, այստեղ միլիոն հատ դպրոց կա, այնտեղ մեկ-երկուսն է մնացել, գուրգուրանքով նայում են ու փակում… սպանում, մորթում են ոսկե ձու ածող հավը եւ ոսկին ուղարկում Հայաստան»: Մինչդեռ, ըստ մեր հայրենակցի, սփյուռքը անտեսված չպետք է լինի. «Թուրքը մեզ այդ բախտն է տվել, պարտավոր ենք 2-րդ ճակատ ունենալ, եթե այդ ճակատը սպանեցինք, վաղը եթե այս երկիրը մի բանի կարիքն ունենա, ո՞վ պիտի լինի հայրենասեր, որ մտածի Հայաստան փող ուղարկելու մասին»:
«Առավոտը» բեմադրիչից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս ուզում է հայրենիք վերադառնալ, նա պատասխանեց. «Շատ կուզեմ գալ Հայաստան, բայց նախ պաշտոնապես պիտի հրավիրեն: Մյուս կողմից, չեմ կարող գործս թողնել, առանց փողի, ի սեր հայրենիքի, նվիրատվություն անել: 80-ականներին գալու առաջարկ եղավ օպերային թատրոնի ղեկավար Տիգրան Լեւոնյանի կողմից, բայց կյանքս ուրիշ կերպ դասավորվեց: Հիմա եթե լինի էլ, կմերժեմ, որովհետեւ վախենում եմ՝ ձեր օպերայի եւ բալետի թատրոնում այնպիսի ինտրիգներ կան, իրար գլուխ են տալիս-ջարդում, մեկը մյուսին չհավանելու, չհարգելու վիճակ կա, ծայրահեղական կարծիքներ, նույն օպերային ե՛ւ շատ կողմ են արտահայտվում, ե՛ւ շատ քննադատում են, ես չեմ կարող մտնել նման բաների մեջ»: :