Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՂԵՑԻԿ» ԿՐՔԵՐ ԵՎ ՏԳԵՂ ՊԱՀՎԱԾՔ

Հուլիս 27,2010 00:00

«Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը պատասխանում է իր նախկին գործընկերոջը:

\"\"
Ա. Խաչատրյանը հավաստիացնում է, որ կեղծ դիպլոմներ չի տալիս:

«Առավոտի» հունիսի 24-ի «Ընդհարում գեղեցկության պատճառով» հրապարակմանը արձագանքել է «Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հոդվածում «Թոփ մոդել պրոդաքշընի» գլխավոր տնօրեն ներկայացած Գեւորգ Ասատրյանը մի շարք դժգոհություններ էր հայտնել նախկինում իր եւ Ա. Խաչատրյանի համագործակցության վերաբերյալ: Նաեւ հայտարարում էր, թե Ա. Խաչատրյանի տված դիպլոմներն ու վկայականները կեղծ են: Ա. Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Գեւորգ Ասատրյանի բոլոր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: Մեր զրուցակիցը խմբագրություն էր եկել հսկա թղթապանակներով, ամսագրերով, երկրների առաջին դեմքերի հետ լուսանկարներով: Նա ցույց տվեց բազմաթիվ կնքված փաստաթղթեր ու հավաստիացրեց, որ դրանք հասատում են իր՝ այս կամ այն միջազգային մրցույթը ներկայացնելու իրավունքը: Ա. Խաչատրյանը տեղեկացրեց, որ 1990թ-ից կազմակերպում է մանկական գեղեցկության մրցույթ-փառատոն, «Միսս եւ միստր բարեգործական հիմնադրամը» գրանցված է արդարադատության նախարարությունում, Հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալությունում, ունի կանոնադրություն, կնիք, ապրանքային նշան: Ա. Խաչատրյանը, ցույց տալով ինչ-ինչ թղթեր, ասաց, որ Գեղեցկության համաշխարհային կազմակերպության թույլտվությամբ 2005 թվականից հանդիսանում է «Թոփ մոդել աշխարհ» բացառիկ ապրանքային նշանի եւ անվան միակ հավատարմագրված օգտագործողը: Իսկ Գ. Ասատրյանի այն նկատառմանը, թե «Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի փաստաթղթերի վրա գրված է «Վիագրա տուր», Ա. Խաչատրյանը պարզաբանեց, որ Գ. Ասատրյանը թյուրիմացության մեջ է, որովհետեւ «Վիագրա տուրը», թարգմանչական ծառայություն իրականացնող ընկերություն է, որը թարգմանել է անգլերենից նամակներն ու փաստաթղթերը, դրա համար էլ իր կնիքն է դրված դրանց վրա: Գ. Ասատրյանի «մասով» Ա. Խաչատրյանը նաեւ նշեց, որ «Թոփ մոդել Հայաստան» կազմակերպություն իրականում գրանցված չէ, Գ. Ասատրյանը որպես անհատ ձեռնարկատեր գրանցել է միայն «Թոփ մոդել պրոդաքշըն» ապրանքային նշանը, ինչը նրան իրավունք չի տալիս գեղեցկության մրցույթներ անցկացնել: Իսկ Ա. Խաչատրյանը դադարեցրել է համագործակցությունը Գ. Ասատրյանի հետ, որովհետեւ, նրա խոսքերով՝ վերջինս քաղաքապետերից մրցույթների համար գումարներ էր վերցնում եւ մուտք չէր անում հարկային դաշտ. «Ես էի նրան ու կնոջը Թալինում մրցույթ անցկացնելու լիցենզիա տվել, ես էլ հետ վերցրի»: Ա. Խաչատրյանը թվարկեց մի շարք միջազգային մրցույթների անուններ ու ասաց, որ շուրջ 100 մրցույթ- փառատոն անցկացնելու իրավունք ունի, բացի «Միսս աշխարհից»:
Նա թվարկեց իրենց ձեռքբերումները՝ Մարիկա Թունյանը «Թոփ մոդել աշխարհ» մրցույթում ճանաչվել է 10 լավագույն մոդելներից մեկը, 2,5 տարեկան Աիդա Պետրոսյանը «Թոփ մոդել էջմիածին» մրցույթում հաղթելուց հետո մեկնել է Բուլղարիա եւ 60 երկրների ներկայացուցիչների մեջ գրավել առաջին տեղը: Վերջերս Դոմինիկյան Հանրապետությունում կայացած մրցույթում «Միստր տիեզերքին» Մովսես Երեմյանը շահել է «Հանդիսատեսի համակրանք», «Միստր ինտերնետ» եւ «Միստր համերաշխություն» մրցանակները՝ 40 երկրների ներկայացուցիչների մեջ, իսկ Մարիկա Ավետյանը վերջին մեկ ամսվա ընթացքում 3 միջազգային մրցույթի է մասնակցել: Ի դեպ, 2010-ի փետրվարին «Թոփ մոդել աշխարհ» մրցույթի շրջանակներում Ա. Խաչատրյանին շնորհվել է «Լավագույն ազգային գործակալության տնօրեն» հավաստագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել