Ծանրամարտի Հայաստանի ու եւս 13 ազգային ֆեդերացիաների
նախագահների առաջարկով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (IWF) 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվարկման կարգում փոփոխություններ է մտցրել:
Դրանց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, ո՞րն է այդ առաջարկի էությունը, եւ դա ի՞նչ է տալիս, մասնավորապես, մեզ:
– Ինչպես գիտեք, ի տարբերություն մյուս մարզաձեւերի, ծանրամարտում խաղարկվում է օլիմպիական թիմային ուղեգիր, ու մասնակիցների թիվը որոշվում է նախորդ տարիների աշխարհի առաջնություններում հավաքականների վաստակած վարկանիշային միավորների ու զբաղեցրած տեղի հանրագումարով: Լոնդոնի պարագայում վարկանիշային համարվում են սեպտեմբերին Անթալիայում եւ հաջորդ աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունները: Հասկանալի է, որ առավելագույն թիմային միավոր վաստակելու համար ազգային ֆեդերացիաները ստիպված պետք է մրցավայր գործուղեն տղամարդկանց եւ կանանց ամբողջական հավաքական թիմեր՝ համապատասխանաբար ութ եւ յոթ ծանրորդ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում նման ֆինանսական ծախսերը շատ երկրների (այդ թվում՝ նաեւ տնտեսապես համեմատական բարվոք վիճակում գտնվող) համար հնարավորության սահմաններից վեր են: Այդ պատճառով էլ ժամանակին 14 ազգային ֆեդերացիաների նախագահների ստորագրությամբ դիմում-նամակ գրվեց IWF, որում ազգային ֆեդերացիաների միջեւ հավասարության սկզբունքը պահպանելու եւ ֆինանսական վիճակը մեղմելու նպատակով արել էինք համապատասխան առաջարկներ: Օրերս միջազգային ֆեդերացիայից ստացել ենք պաշտոնական պատասխան, որ մեր առաջարկներն ընդունվել են, եւ կանոնադրությունում համապատասխան փոփոխություններ են կատարվել:
– Որո՞նք են այդ փոփոխությունները:
– Նոր կանոնակարգով՝ օլիմպիական վարկանիշային միավոր բերելու են տղամարդկանց հավաքականների 6 եւ կանանց հավաքականների 4 ծանրորդների մրցելույթները: Իսկ այդ մարզիկներին ընտրում են ազգային ֆեդերացիաները՝ կոնկրետ անունները նշելով մինչեւ աշխարհի առաջնության կազմկոմիտե հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրը:
– Այսինքն, Հայաստանը Անթալիայում ներկայացնելու են վեց տղա եւ չորս աղջի՞կ:
– Այո: Նրանք լինելու են մեր լավագույն ծանրորդները:
– Մեր ծանրորդների անուններն արդեն հայտնի՞ են:
– Հիմնականում՝ այո: Տղաներ. Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան՝ 77 կգ, Արա Խաչատրյան՝ 85 կգ, Գեւորիկ Պողոսյան՝ 94 կգ, Արթուր Բաբայան՝ 105 կգ եւ Ռուբեն Ալեքսանյան՝ +105 կգ: Հավաքականում այսօրվա դրությամբ մեկ թափուր տեղ կա, որին հավակնում են Գեւորգ Դավթյանը՝ 77 կգ, Տիգրան Մարտիրոսյանը՝ 85 կգ, Վանիկ Ավետիսյանը՝ 69 կգ եւ Աղվան Մելիքյանը՝ 94 կգ: Այդ չորսից ո՞վ կհամալրի հավաքականը, կերեւա մոտավորապես օգոստոսի կեսերին: Իսկ ինչ վերաբերում է աղջիկներին, Անթալիայում մրցահարթակ կմտնեն Էլեն Մուրադյանը՝ 58 կգ, Քրիստինե Պետրոսյանը՝ 63 կգ, Մելինե Դալուզյանը՝ 69 կգ եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ +75 կգ: Ներկայումս նրանց հետ ուսումնամարզական հավաքում են նաեւ Նառա Հարությունյանը, Իզաբելլա Յայլյանը եւ Ալլա Սամվելյանը:
– Այսինքն, մեր հավաքականների յուրաքանչյուր մասնակցի մրցելույթ վարկանիշային է լինելո՞ւ:
– Այո: Եվ նրանց հետ որոշակի հույսեր ենք կապում: Ճիշտ է, նշածս մարզիկներից ոչ բոլորն են ի վիճակի պայքարել մեդալների համար, բայց պիտի ամեն ինչ անեն՝ հնարավորին չափ բարձր տեղ զբաղեցնելու եւ հավաքականին առավելագույն չափով թիմային միավորներ բերելու համար:
– Իսկ IWF-ի նոր կանոնակարգում երկու աշխարհի առաջնության արդյունքներով թիմերի գրաված ընդհանուր տեղի եւ ըստ դրա օլիմպիական խաղերի մասնակիցների թվի մեջ փոփոխություն չկա՞:
– Նախորդ օլիմպիական խաղերից առաջ նվազագույն՝ երկու մարզիկի մասնակցության իրավունք տալիս էր 17-րդ տեղը: Իսկ հիմա Լոնդոնում իր ներկայացուցիչները կարող է ունենալ նաեւ 21-րդ տեղը գրաված ազգային ֆեդերացիան:
– Վերջերս մեր տղամարդկանց ազգային հավաքականը ծանր կորուստ կրեց: Հանկարծամահ եղավ գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը: Նրան փոխարինող նշանակվե՞լ է:
– Հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես դրել ենք Պողոս Պողոսյանի վրա, իսկ երկրորդ մարզիչ, նույնպես ժամանակավոր, նշանակվել է մեր ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նրանք երկուսն էլ վաստակաշատ եւ փորձառու մասնագետներ են: Իսկ գլխավոր մարզչի հարցում վերջնական որոշում կկայացվի միայն աշխարհի առաջնությունից հետո: Եթե արդյունքները գոհացնեն, նրանք կշարունակեն աշխատել, իսկ եթե ոչ՝ մեր օլիմպիական կոմիտեի հետ միասին կշարունակենք համապատասխան մասնագետի որոնումները:
– Հիմա մեր հավաքականներն ինչո՞վ են զբաղված:
– Արդեն երեք ամսից ավելի է, ինչ ՀԱՕԿ-ի կազմակերպած ինտենսիվ ուսումնամարզական հավաքներում են: Գործընթացն իր անմիջական վերահսկողության տակ պահում է պարոն Գագիկ Ծառուկյանը եւ ցանկացած խնդիր անմիջապես կարգավորում ամենաբարձր մակարդակով: Չկա մի հարց, թեկուզեւ աննշան, որին նա ժամանակին լուծում չտա: Օրինակ, բոլորովին վերջերս ես մարզիչների հետ միասին դիմել էի մեր հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանին: Միասին ընտրեցինք էկոլոգիապես մաքուր եւ ՎԱԴԱ-ի կողմից օգտագործել թույլատրված գերժամանակակից վերականգնիչների ցուցակը եւ ներկայացրինք ՀԱՕԿ-ի նախագահին: Եվ չնայած ընդհանուր գումարը գերազանցում էր $11 հազարը, նա անմիջապես տրամադրեց այն, եւ մի քանի օրում այդ վերականգնիչները ձեռք բերեցինք:
– Նազիկ Ավդալյանի եւ Առաքել Միրզոյանի բացակայությամբ Անթալիայում մեր հույսերը չե՞ն նվազել:
– Անկասկած, նրանք հավաքականին անհրաժեշտ էին: Սակայն Նազիկի անցած տարվա արդյունքի կրկնությունը չեմ բացառում, եթե հանգամանքները նպաստավոր զարգանան: Կարծում եմ, որ Անթալիայից ձեռնունայն չենք վերադառնա: Իսկ մեր գերագույն նպատակը հնարավորին չափ մեծաքանակ հավաքականներով Լոնդոն մեկնելն է, որին ապաքինվելուց հետո եկող տարվա աշնանը կարող են օգնել նաեւ Առաքելն ու Նազիկը: