Փշրված երազներ
2009թ.-ի ամռանը Մարտիրոսյանների ընտանիքը որոշեց մի կողմ դնել Բաթում կամ Անթալիա մեկնելու հեռանկարը եւ մեկնել Իսպանիա: Սակայն մեծ էր նրանց զարմանքն ու հիասթափությունը, երբ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը, առանց որեւէ բացատրության, մերժեցին Իսպանիայի մուտքի արտոնագիր տալը: «Մտքովս չէր անցնում, որ մեզ կմերժեն,- ասում է Ա. Մարտիրոսյանը,- ճիշտ է, շատ էի լսել, որ եվրոպական երկրների դեսպանությունները մեր քաղաքացիներին համատարած կերպով կասկածում են հայրենիքը լքելու եւ իրենց երկրներում բախտ որոնելու ցանկությունների մեջ, բայց չէ՞ որ կարելի է ավելի խորը նայել՝ ես ու կինս բավականին բարձր վարձատրվող աշխատանք ունենք, ես բանկում սոլիդ հաշիվ եւ քաղաքի կենտրոնում առանձնատուն ունեմ… Ինչո՞ւ ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով չեմ կարող իրականացնել վաղեմի երազանքս՝ լինել Բարսելոնայում, լողալ Մայորկայի լողափերում, երբ ունեմ այդ հնարավորությունը…»:
Սա ամենեւին ոչ եզակի դեպք է ՀՀ քաղաքացիների պրակտիկայում: Եվրոպական որոշ երկրների դեսպանություններ Ա. Մարտիրոսյանի բախտակից Ս. Գրիգորյանի խոսքերով՝ «կարծես ջրի վրա նստած դեւ լինեն» (վերջինս չի կարողացել իրականացնել երազանքը՝ սիրած աղջկա հետ Սուրբ Ծնունդն անցկացնել Փարիզում): Երբ դիմել է տուրգործակալին՝ նրան առաջարկել են մեկնել Դուբայ, Շարմ էլ Շեյխ, Երուսաղեմ, այլուր, քանի որ հավանականությունը, որ կհասնի Փարիզ՝ փոքր է: «Ինչպե՞ս կարելի է համեմատել մեկը մյուսի հետ: Մենք հենց Փարիզն էինք երազում տեսնել, ես մի քանի տարի գումար էի հավաքում դրա համար…»,– ասում է նա:
Շփվիր, որ ճանաչես
Այսօր իրավիճակը, կարծես, չի փոխվել, չնայած Եվրոպան էլ է հասկանում, որ մարդկային ուղղակի շփումները, ազատ տեղաշարժը իր հարեւաններին ավելի եվրոպականացնելու, այսինքն՝ իրեն ավելի նման եւ ավելի կանխատեսելի դարձնելու համար, թերեւս, ամենակարճ ճանապարհն է: Ու նաեւ այդ պատճառով է, որ Եվրոպական միությունը բոլոր հարեւաններին՝ ե՛ւ Եվրոպական հարեւանության ծրագրում տեղ գտած երկրներին, ե՛ւ ավելի թարմ ծրագրի՝ «Արեւելյան գործընկերության» մաս կազմող Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ տարվող քաղաքականության մեջ խիստ կարեւորում է մարդկային շփումների դերը, ու այդ շփումները ավելի ազատ ու առարկայական դարձնելու համար մտմտում է մուտքի արտոնագրերի ստացումը դյուրացնելու ճանապարհներ: Սակայն հեշտացված կարգով կամ՝ առավել եւս առանց մուտքի արտոնագրերի ԵՄ երկրներ մտնելու ճանապարհը շատ դժվար ու երկար է: Օրինակ, Ռուսաստանը դեռ 2003թ.-ից բանակցում է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմին անցնելու համար: Սակայն Եվրամիությունը դեռ անդրդվելի է, եւ ամեն անգամ ՌԴ-ին հիշեցնում է, որ փշոտ է ԵՄ առանց մուտքի արտոնագրի մտնելու ուղին… Իսկ մենք առայժմ չենք հավակնում նույնիսկ հեշտացված կարգով վիզաներ ստանալուն:
Մեղավորը մե՞նք ենք
«Լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել»,– պնդում է ասացվածքը: Մեր քաղաքացիների գերակշիռ մասն առայժմ միայն լսում է: Տեսնելը տրված է քչերին: «Այս տարի՝ նախորդների համեմատ, եվրոպական երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու կապակցությամբ որեւէ տարբերություն չկա՞»,- հարցրի «Ամիստադ-տուր» ընկերության աշխատակցուհուն՝ հուսալով, որ Շենգենյան վիզա ստանալու կարգի փոփոխությունը եւ ԵՄ կողմից ՀՀ-ն՝ որպես «արեւելյան հարեւան» ճանաչելը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ մեր քաղաքացիների՝ Եվրոպան տեսնելու ցանկության իրականացման ճանապարհին: «Կտրուկ փոփոխություններ չեմ զգում՝ ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը: Բայց ասեմ, որ մեղքը մեր քաղաքացիներինն է: Գիտե՞ք, ոչ մի տուրօպերատոր չի մտնում դեսպանատուն՝ Շենգենյան վիզա ստանալու, քաղաքացին ինքն է մտնում դեսպանատուն, եւ եթե չի կարողանում վստահություն ներշնչել՝ միայն ինքն է մեղավոր: Միակ լավ բանը հիմա այն է, որ հյուպատոսություններում գոնե մերժումը պատճառաբանում են»,- ասաց զբոսաշրջության գործակալը: Հարցիս, թե դիմողների ո՞ր մասն է մերժված վերադառնում, նա պատասխանեց. «Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց այս սեզոնին հիմնական մասը, որ Իտալիա, Իսպանիա են ուզել մեկնել, մտել են հյուպատոսություն եւ հանգիստ ստացել են վիզաները»: Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ են մերժում՝ հարցիս պատասխանեց. «Հիմնականում ֆինանսական բավարար միջոցներ չունենալու համար: Ասենք, 14 օրվա փաթեթ են ուզում երկու հոգու համար, բայց հյուպատոսին ներկայացնում են տեղեկանք, որ հաշվի վրա 500-600 եվրո ունեն, բա ո՞նց չմերժեն, եթե այդ երկրներում օրական առնվազն 100 եվրո պետք է ունենալ…: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանատանը՝ ոչինչ ասել չեմ կարող՝ այն նախանցյալ տարի հայտարարեց, որ գործակալությունների հետ չի աշխատում, այդպես էլ անում է»:
Դրական միտում կա
Գրավոր հարցումով դիմեցի Ֆրանսիայի եւ Իտալիայի հյուպատոսներին: Ուզում էի իմանալ, թե 2009-ին եւ 2010-ի առաջին կիսամյակում քանի՞ ՀՀ քաղաքացի է դիմել իրենց՝ Շենգենյան վիզա ստանալու խնդրանքով, եւ նրանցից քանի՞սն են մերժվել: Իտալիայի դեսպանությունից՝ մեկ ամսվա ընթացքում, այդպես էլ պատասխան չստացա: Իսկ ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը պատասխանեց. «Օրենքով սահմանված հնարավորություն չունենք ստույգ տեղեկություններ տրամադրելու այդ թվերի մասին: Փոխարենը, կարող եմ ասել, որ տրամադրվել է 3000-ից ավելի վիզա, իսկ մերժված դիմումների տոկոսն ավելի ցածր է, քան Շենգեն տարածքի բոլոր հյուպատոսություններինը: Չեմ թաքցնի, որ Հայաստանում, ինչպես նաեւ ողջ աշխարհում, ֆրանսիական օրենքի տեսանկյունից, որոշ դիմողների կատեգորիայի առնչությամբ, մենք դժվարությունների ենք հանդիպում, եւ մեր իշխանությունները լրջորեն մտածում են այդ ուղղությամբ»: Արդյոք Ֆրանսիայի դեսպանատունը աշխատո՞ւմ է Շենգենյան երկրների մուտքի արտոնագրերի ստացման նոր կարգի համաձայն, ըստ որի՝ պետք է գրավոր տա մերժման պատճառաբանությունը: Համաձայն պարոն Գրապենի. «Նոր կանոնակարգով յուրաքանչյուր երկրի թույլատրվում է հետաձգել այդ դրույթի կիրառման ամսաթիվը: Ֆրանսիական պատկան իշխանություններն աշխարհում Ֆրանսիայի բոլոր դեսպանությունների եւ հյուպատոսությունների համար սահմանել են 2011թ.–ի ապրիլի 5-ը»: Քանի որ մերժումները բացատրվում են նրանով, որ հայերը զբոսաշրջության պատրվակով մեկնում են Շենգենյան երկրներ՝ չվերադառնալու նպատակով, հարցրեցի, թե կա՞ տեղեկություն, թե Ֆրանսիա մեկնած մեր զբոսաշրջիկների ո՞ր տոկոսը չի վերադառնում ՀՀ: Ըստ Ֆրանսիայի հյուպատոսի՝ Ֆրանսիայում այդ տվյալները տնօրինում են պրեֆեկտուրաները. «Մենք նման տեղեկատվության չենք տիրապետում: Սակայն մեր իմանալով՝ մի քանի ամիս է՝ այդ ցուցանիշը միտված է նվազելու»: Մյուս հարցս հետեւյալն էր. «Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջիկայում դյուրացնել Գործընկերության երկրների քաղաքացիներին ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր տալը: Ինչպե՞ս է Ֆրանսիան, մասնավորապես ՀՀ-ում ֆրանսիական հյուպատոսությունը վերաբերվում դրան»: Հյուպատոսը նշել էր. «Առաջիկայում»-ը մի քիչ լավատեսորեն է հնչում: ժամանակի ընթացքում վիզաներին առնչվող ԵՄ ծրագիրը կկիրառվի Հայաստանում, ինչը լավ է: Սկզբում ԵՄ այդ ծրագիրը կվերաբերի միայն հայտատուների որոշակի կատեգորիաների: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հյուպատոսությանը, վիզաների տրամադրման հեշտացման ծրագրի բոլոր դրույթներն արդեն ներառված են ֆրանսիական օրենսդրության մեջ եւ եվրոպական նոր օրենսգրքում: Ուստի սա մեզ քիչ կվերաբերի»:
Տե՞ր ես քաղաքացուդ
ԵՄ անդամ երկրների նման վերաբերմունքը «երրորդ կարգի» երկրներին, ինչպիսին, դատելով հյուպատոսությունների տարած քաղաքականությունից, նաեւ Հայաստանն է, իհարկե, ցավալի է, սակայն՝ հասկանալի. չէ՞ որ, համաձայն ուսումնասիրությունների, ԵՄ երկրներում ապրում է ավելի քան 3 մլն ապօրինի գաղթական, եւ այդ թիվն ամեն տարի ավելանում է 0,5 մլն-ով: Դա ստիպում է նրանց իրականացնել միասնական խստացված քաղաքականություն: Սակայն եթե ԵՄ անդամ երկրներն առաջնորդվում են սեփական շահերով, ապա Հայաստանն էլ պիտի առաջնորդվի ի՛ր քաղաքացիների շահերով: Այդպե՞ս է արդյոք: Այս հարցի պատասխանը գտնելու համար դիմեցի ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանին՝ հետաքրքրվելով, թե «մերժված» քաղաքացիներից ԱԳՆ-ն ստանո՞ւմ է բողոքներ, ի՞նչ քանակությամբ եւ կարողանո՞ւմ է օգտակար լինել սեփական երկրի քաղաքացիներին: Ըստ պարոն Սեյրանյանի. «Նման դիմումներ ստացվում են, սակայն դրանց թիվը մեծ չէ, օրինակ՝ այս տարվա ընթացքում մենք ստացել ենք 6-7 դիմում: Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր վիզային քաղաքականությունը՝ գնահատելով մի շարք ռիսկեր (օրինակ՝ միգրացիոն ռիսկերը), ինչպես նաեւ դրա առավելությունները: Վիզայի տրամադրման գործընթացին միջամտելը կամ միջնորդելը կարող է դիտվել որպես երկրի ներքին գործերին միջամտություն: Այնուամենայնիվ, ԱԳՆ-ն այդ դիմումներն ուղարկում է համապատասխան դեսպանություններ՝ պարզաբանման համար: Ըստ եվրոպական ստանդարտ օրենսդրության՝ դեսպանությունները պարտավոր չեն դիմումի մերժման պատճառները հաղորդել երրորդ կողմի կամ անձի, այդ թվում՝ մեզ: Այդ տեղեկությունները կարող են հաղորդվել միայն դիմողին: Որոշ պետությունների օրենսդրությունն ընդհանրապես չի պարտադրում հայտնել մերժման պատճառները: Ամեն դեպքում, եղել են բացառիկ դեպքեր, երբ բացասական որոշումը վերանայվել է: Բայց, որպես կանոն, մերժումները հիմնավորված են լինում՝ տվյալ պետության օրենքներին համապատասխան: Ապրիլի 5-ից ուժի մեջ մտած Շենգենի վիզային նոր օրենսգիրքը պարտավորեցնում է դեսպանություններին հայտնել մերժման պատճառների մասին: Որոշ պետություններ այս եւ օրենսգրքի մի շարք այլ դրույթներ առայժմ չեն օգտագործում: Դրանք ծրագրվում է ամբողջությամբ կիրառել 2011-ից: Տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ նորաստեղծ ենթակոմիտեի շրջանակներում կմեկնարկեն վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները»:
Իսկ բանակցությունների մեկնարկից մինչեւ ավարտը, ինչպես մյուս երկրների, ասենք՝ ՌԴ-ի, փորձն է ցույց տալիս՝ կարող է անվերջ ձգվել…