Երեկ ավարտվեցին նաեւ ՀՀ բուհերի ընդունելության բանավոր քննությունները: Քննական կարգի համաձայն՝ մինչեւ օգոստոսի 5-ը բուհերում կփակցվեն ընդունվածների ցանկերը, իսկ մինչ այդ ԳԹԿ-ն հորդորում է դիմորդ-շրջանավարտներին բուհերի ընդունող հանձնաժողովներին փոխանցել իրենց ավարտական վկայականները՝ ատեստատները: «Առավոտի» տեղեկություններով՝ գործընթացը փոքր-ինչ դանդաղում է. ընդունելության քննություններից հազիվ «պրծած» դիմորդներն ակտիվություն չեն ցուցաբերում ավարտական վկայականները ճիշտ ժամանակին բուհերի ընդունող հանձնաժողովներին ներկայացնելու հարցում: Այնինչ ատեստատների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-նն է, ժամը՝ 16:00-ը: Այն դիմորդները, որոնք մինչեւ այս ժամկետը ներկայացրած չեն լինի ատեստատները, դուրս կմնան մրցույթից: