Ըստ բուհերի՝ «ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը կեղծ ժողովրդավարություն է «խաղում»:
Հուլիսի սկզբից «ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ բուհերին հրավեր է ուղարկում սեպտեմբերի 21-22-ը Երեւանում կայանալիք «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով համաժողովին մասնակցելու համար: Նախատեսվում է միջազգային եւ տեղի փորձագետների հետ քննարկվել ՈԱԱԿ-ի մշակած որակի ապահովման չափորոշիչները, որակի ապահովման անցումային շրջանի ռազմավարական ծրագրի նախագծերը եւ այլն: Սակայն համաժողովին մասնակցելու համար յուրաքանչյուր բուհ ամեն մասնակցի համար պետք է վճարի 30 000 դրամ: Այս հանգամանքը վրդովեցրել է հրավեր ստացած բուհերի մեծամասնությանը, ուստի իրենց դժգոհությունները փոխանցեցին «Առավոտին»: Բուհերի մի մասը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ պետք է բուհը այդքան գումար վճարի այն կենտրոնին, որը նման ծրագրեր իրականացնելու համար գումար է ստանում եւ՛ ՀՀ պետբյուջեից, եւ՛ Համաշխարհային բանկից: Այստեղ բուհերի ներկայացուցիչները այլ միտում էլ են տեսնում: Կարծում են, որ այսպիսով Որակի ապահովման ազգային կենտրոնը «թոզ է փչում» բոլորի աչքին, թե իբր ժողովրդավար է, բայց իրականում՝ այսպիսի սահմանափակումներ դնելով, այնպես է անում, որ բուհը չկարողանա իր խոսքն ու դիրքորոշումը տեղ հասցնել, ինչի արդյունքում կենտրոնն ավելի հեշտորեն «կանցկացնի» իրեն ձեռնտու նախագծերը՝ հետո դրանք պատուհաս դարձնելով բուհերի գլխին: Բուհերի ներկայացուցիչները նաեւ վրդովված են այն բանից, որ հիմնադրման օրվանից սկսած կենտրոն-հիմնադրամը ժողովրդավարություն է «խաղում»՝ բուհ առ բուհ հյուրընկալվելով, վստահեցնում, թե ամեն ինչ միասին են անելու, սակայն, երբ բանը հասնում է գործին, սահմանափակումներ է դնում, այնինչ որակի ապահովման գործընթացներին որքան շատ բուհական ներկայացուցիչներ մասնակցեն, այնքան լավ:
Այս խնդիրների մասին «Առավոտը» պարզաբանումներ ստացավ ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանից: Նա ասաց, որ իրականում իրենք նման դիմադրություն սպասում էին եւ հավելեց. «Ուղղակի սա սաբոտաժ է: Եթե անգամ 5000 կամ 10 000 անդամավճար սահմանեինք, էլի նույնը կասեին, որ չմասնակցեին եւ հետո կարողանային բոլորին վստահեցնել, թե առանց իրենց մասնակցության ինչ ուզել՝ արել ենք»: Պարոն Թոփչյանը կարծում է, որ որակի ապահովման համակարգում ներդրումներ են պետք անել, եւ հայաստանյան բուհերը հաստատ այդ հնարավորություններն ունեն. «30 000 դրամը մեր բուհերի համար մեծ գումար չէ: Դա Հայաստանում սահմանված գումարի չափ է, քանի որ, օրինակ՝ հարկային նոր կարգերի հետ կապված թրեյնինգներ կազմակերպելու համար եւս այդքան գումար է պահանջվում: Մենք փորձել ենք բուհերին հնարավորություն տալ գալ եւ քննարկել, լինի բաց խոսակցություն, ոչ թե մենք ուղղակի նախարարությանը տեղյակ պահենք, որ նման բան ենք անելու եւ վերջ, ինչպես շատ դեպքերում այլ ոլորտներում արվում է»: Մեր այն դիտարկմանը, թե ցանկություններն ու ստեղծված պայմանները կարծես թե չեն համընկնում, քանի որ 30 000 դրամը յուրաքանչյուր անձի համար գուցե թանկ «նստի» բուհերի վրա, պարոն Թոփչյանն այսպես պատասխանեց. «Մենք ամեն կառույցից սպասում ենք մեկ հոգի, որը պիտի լինի քաղաքականություն մշակողը, գա ու ասի, որ ինքը, իր բուհի շահերից ելնելով, այսինչ կամ այնինչ դրույթի հետ համաձայն է, կամ ոչ: Դա մասսայական միջոցառում չէ»: Դառնալով պետբյուջեից եւ Համաշխարհային բանկից ֆինանսավորվելու հանգամանքին, Ռ. Թոփչյանն ասաց. «Պետբյուջեից մենք ընդամենը տարեկան 65 միլիոն դրամ ենք ստանում, ինչը աշխատավարձերի վրա է ծախսվում: Նման միջոցառումների համար մենք գումար չենք ստանում, այնինչ 24-ժամանոց հանդիպում պիտի լինի, մարդկանց սնունդ ապահովվի, նյութեր բաժանվի, սրահի վարձույթի գումար եւ այլն, ուստի պիտի ներդրումներ անել: Իսկ Համաշխարհային բանկի հետ այս համաժողովի հետ կապված որեւէ համաձայնություն չունենք, այդպիսի դրույթ գոյություն չունի: Դիմել ենք, որ համաֆինանսավորում կազմակերպեն, բայց դա որոշակի չէ: Ի վերջո մեր երկիրը պիտի հանրային զգացում ունենա՞, թե ոչ: Մինչեւ այժմ ինչ միջոցառման մասնակցել եմ, եղել է դրսից ֆինանսավորմամբ. ստացվում է, որ դրսին ավելի շատ է պետք մեր որակը, քան մեզ: Փաստորեն, դեռ բուհերի մեծամասնության մոտ նման գիտակցություն հասունացած չէ, քանի որ այսքան ժամանակ ոչ մի բուհ չի ասել՝ որակի կենտրոն, ի՞նչ եք անում, եկեք ծանոթանանք, խոսենք, քննարկենք, տեսնենք: Իրենց թվում է՝ մենակ իրենք են մտածում որակի ապահովման մասին»: