Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը (ԳԱՄԿ) նախկինում գլխավորապես ֆինանսավորվում էր Համաշխարհային բանկի տրամադրած վարկից: Ներկայումս կենտրոնի ֆինանսավորման 90%-ը ՀՀ պետական բյուջեից է, 10%-ը գոյանում է կենտրոնի գործունեությունից: Այդ նպատակով ԳԱՄԿ-ը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքում մարզի համայնքապետարանների հետ: Կենտրոնը ֆերմերներին անհրաժեշտ խորհրդատվություն է մատուցում, մարզում տարածում «Ազոտովիտ-1» եւ «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերը, որոնք բնապահպանական առումով անվտանգ են, վերականգնում են հողերի կենսազանգվածը, բարձրացնում բերքատվությունը, բարելավում գյուղատնտեսական արտադրանքի որակը, նպաստում բույսերի կողմից ազոտի եւ խոնավության կլանմանը:
Տավուշի ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանն ասաց, որ մարզի 11 ֆերմերների կողմից արդեն օգտագործվել է 30 լիտր նման պարարտանյութ, ինչը սկզբի համար լավ արդյունք է: Տավուշի ԳԱՄԿ-ը, համագործակցելով «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ, մարզի Ոսկեվան, Սեւքար, Դիտավան, Կոթի գյուղերում ստեղծել է կալիֆոռնիական որդերի միջոցով կենսահումուսի արտադրության կետեր:
Կալիֆոռնիական որդերը գոմաղբը կլանում, «մշակում» են՝ մեկ տոննա գոմաղբից ստացվում է 600 կգ կենսահումուս եւ մոտ 100 կգ որդ: Ստացված կենսահումուսը շատ կարեւոր է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Տավուշի ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանի վկայությամբ՝ կենտրոնի աշխատակիցները «Հորիզոն» հիմնադրամի միջոցով ծառայություններ են մատուցում Իջեւանի տարածաշրջանի 6 գյուղերի շուրջ 300 ֆերմերների:
Այդ համայնքներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր է իրականացնում: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը սպանդանոցների, իսկ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնը (CARD) չրերի արտադրության եւ վերամշակման արտադրամասերի ֆինանսավորման հայտարարություններ է տվել: Տավուշի ԳԱՄԿ-ը այդ հայտարարությունները տարածել է համայնքներում: Ակնկալվում է Տավուշում գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների գործարկում: