Թումանյանի շրջանի 7՝ Դսեղ, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, գյուղերի բնակիչները ձմռանը նախապատրաստվելու համար ծվարել են գյուղամերձ սարերում ու յայլաներում: Հուլիսի վերջին կիրակին սարի ճանապարհը լիքն է մեքենաներով՝ Մոտկոր աշխարհը Վարադավառ է տոնում: Սար բարձրացող յուրաքանչյուր մեքենայի մասին լուրն ավելի շուտ է հասնում, քան մեքենան: Սարվորներն աչքները ճամփին սպասում են իրենց բարեկամներին, օրը միասին անցկացնելու եւ լիարժեք ուրախանալու համար: Գյուղացիները, մոռանալով տեխնիկայի նորամուծությունների մասին՝ բջջային հեռախոսն անհասանելի է սարերում, գործի են դնում «անթել հեռախոսը». վտանգավոր ճանապարհի լուրը ճամփորդին հասցնում են իրար գոռալով. «Մագթա՜ղ, այ Մագթաղ, տղիդ մին ասա, տրակտորը խոդ գցի, գնա մեր ժողովրդին բարձրացնի»: Իսկ երբ տրակտորը սարի փեշին է հասնում, ծանոթ ու անծանոթ իրենց իրերով թափքի մեջ են լցվում եւ սար բարձրանում: Շատ հաճախ հենց այդտեղ էլ ծանոթանում են, եւ պարզվում է, անկախ նրանից, թե որ գյուղում են ապրում՝ բարեկամական կապ կա: Բացի այն, որ յուրաքանչյուր օդայի (սարի տուն) առաջ են սեղան գցում, հետագայում բարեկամներով հավաքվում եւ սեղանը մեծացնում են:
«Սարվորը դեռ մեկ ամիս առաջ է պատրաստվում տոնին, ագդակ (գյուղական բլիթ) ու խավիծ (հալվա) ենք պատրաստում, հատուկ Վարդեւորի համար մի ոչխար ենք ընտրում, որ մորթենք, իսկական տոնախմբություն է դա գյուղացու համար»,- ասում է Ահնիձոր գյուղի բնակչուհի 83-ամյա Լուսիկ տատը:
Վարդավառին մեծ ու փոքր, գյուղացի ու համայնքապետ մի մարդ դարձած փորձում են հետաքրքիր դարձնել տոնը, շատ հաճախ էլ Համբարձման եւ Բարեկենդանի տոներն են խառնում, աղջիկները գնում են մոտակա «Փռի ուրթ», «Ժանգալու» հանդամասերից ծաղիկներ են հավաքում, վիճակ են գցում, քաղաքաբնակ բարեկամների տարած իրերից իրար փոխանցում: Իսկ երբ տոնը թեժանում է, եւ պետք է սթափվել, խմբված իջնում են «Մուղազի աղբյուր»՝ իրար ջրելու եւ տոնի խորհուրդն իրականացնելու: Թե երբվանից է տոնը նշվում, գյուղացիները չեն հիշում. «Աչքս բացել եմ՝ էդ եմ տեսել, փոքր ժամանակ սրտի թրթիռով սպասում էի էս օրվան, սպասում էի տեսնեմ, քաղաքից եկած քեռիներս ինչ են բերել իմ համար, Նոր տարուն ու Ծննդյան տոնին հավասար օր էր, հիմա էլ նույն խանդավառությամբ եմ նշում»,-ասում է Աթան գյուղի բնակչուհի 63-ամյա Ռուզաննան: Իսկ Նունիկ տատը պատմում է, որ ժամանակին եկեղեցական տոն չեն ունեցել, կոմունիստական հասարակությունը անընդունելի է համարել նման տոները, գյուղացին իր գործին ու սեզոնին է հարմարեցրել. «Չեմ ասում, թե գործ չունեն էլ, հունձն անելուց հետո կաթի որակն ու յուղի գույնը ընկնում է, եկածի հետ գոնե մի քիչ յուղ ենք դնում, պանիր, անորակ բան չես կարա դնես, ա՛յ, դրա համար ենք հուլիսի վերջում նշում»,- ասում է 75-ամյա Նունիկ տատը:
Եկեղեցական տոնն ավելի շատ գյուղում մնացածներն են տոնում, բայց նորից նույն ավանդույթներով, պատահում է, որ սարից հատուկ անասուն են իջեցնում, Վարդավառի տոնին մորթելու համար:
«Էս օրը բարեկամներով մեկ անգամ հավաքվելու առիթ է, քաղաքաբնակ գյուղացիները (մտավորականներ ու հասարարակական, քաղաքական գործիչներ), գյուղ են գնում, պահում են կապը իրենց ծննդավայրի հետ», -ասում է 40 տարի իր գյուղից դուրս եկած հանրապետությունում հայտնի մտավորականներից մեկը:
Տոնը տարածվել է Գուգարքի շրջանի այլ համայնքներում:
Երեկոն իջնում է սարի վրա, սարվորներն էլ, տոնի մասին մոռացած, շտապոււմ են իրենց գործին, ուրախ անցկացրած օրվա մասին հիշեցնում են միայն մորթված ոչխարհների արյունն ու սարում մնացած բարեկամների ուրախ պատմությունները: