Արգետինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէանները, 2007 թվականից մինչ օրս մոտ 600 հազար դոլար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի Տավուշի մարզի Դիտավան գյուղին աջակցելու համար: Այս գումարով գյուղը գազիֆիկացվել է, հիմնանորոգվել է ոռոգման համակարգը, վերակառուցվել եւ կահավորվել է համայնքային կենտրոնը: Երեկ Էքսերճիէան ամուսինների եւ նրանց երկու դուստրերի մասնակցությամբ բացվեց գյուղի խմելու ջրագիծը: Նշված 600 հազար դոլարից այս ծրագրի վրա ծախսվել է 95 միլիոն դրամ: 350 բնակիչ ունեցող գյուղի տնտեսություններն արդեն խմելու որակով եւ անխափան-չկտրվող ջուր ունեն:
Երեկ Դիտավանում հերթական անգամ տոն էր: Թե գյուղապետ Սեյրան Սարգսյանը, թե դպրոցի տնօրենը, թե դիտավանցիները իրենց շնորհակալության խոսքում ասացին, որ Էքսերճիէանների օգնությունը էական է, շոշափելի եւ կատակով նկատեցին, որ երբ հարեւան գյուղերի բնակիչների հետ խոսում են այս կամ այն խնդրի մասին, հարեւանները անմիջապես նկատում են՝ դե, դուք Էքսերճիէանների նման բարեկամներ ունեք, էլ մտածելու ի՞նչ կա: Սակայն Դիտավանը դեռ խնդիրներ ունի. գյուղի դպրոցի շենքը շատ հին է, արդեն ոչ պիտանի, գյուղի դպրոցը տնակներում է, փողոցները՝ անասֆալտ, հող եւ դարուփոս, գյուղը լուսավորություն չունի:
Էքսերճիէանների ընտանիքը խոստացավ շարունակել օգնել դիտավանցիներին, իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որոշմամբ, Տավուշի մարզի Դիտավան համայնքի վերականգնման եւ զարգացման նպատակով կատարված մեծածավալ աշխատանքների համար Արմեն եւ Նատիա Էքսերճիէաններին շնորհվեց «Պատվավոր տավուշցի» կոչումը:
Բացի այսօրինակ խոշոր ծրագրերից՝ Էքսերճիէանները դիտավանցիներին այլ օգնություն էլ են տրամադրում: Օրինակ, ջրագծի բացման առիթով Հայաստան էին եկել իսպաներեն որոշ գրքերով եւ սկավառակներով, որոնք նվիրեցին գյուղի գրադարանին: Մոտ 400 կտոր գիրք էլ նվիրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սրանից առաջ, անապահով ընտանիքներին աջակցելու նպատակով, Դիտավանի հինգ ընտանիք Էքսերճիէանների ընտանիքից մեկական կով է ստացել, իսկ 40 ընտանիք՝ 300 կգ եգիպտացորենի սերմացու: