Հուլիսի 24-ին ժ.01.50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում «Նաիրի» կինոթատրոնի մոտակայքում իրար էին բախվել 3 ավտոմեքենաներ: Բախման հետեւանքով «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան շուռ էր եկել: Մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը ավտոմեքենայի վրայից հանվել էին համարանիշները: Ըստ նրանց, համարանիշերը՝ 085 00 11 էր: Մեր տեղեկություններով նշված համարանիշերը պատկանում են ԱԺ-ին: Մասնավորապես, համարանիշները տրամադրվել էին ԱԺ պատգամավոր «Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր, հանրապետական Գրիշա Մարգարյանին («Բելաջիոյի Գրիշին»): Վթարված մյուս ավտոմեքենան, որի համարանիշները փորձում էին հանել մեր ներկայությամբ, մինչ ոստիկանների գալը, դիմեց փախուստի՝ հասցնելով խոչընդոտել ինձ այն պահին, երբ լուսանկարում էի վթարի վայրը: «Մեր ախպոր ավտոն էլ չնկարես»,- ասում էին 2 երիտասարդներ, որոնք պարզվեց, որ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի որդիներն էին: Ի դեպ, նշված վայրում էին ԱԺ մի քանի պատգամավորներ (մասնավորապես, Ալիկ Պետրոսյանը՝ «ՄԱՊ-ի Ալիկը»), որոնք փորձ չարեցին խոչընդոտել տողերիս հեղինակին՝ մասնագիտական աշխատանքը կատարելիս: Մեր տեղեկություններով, բախման ենթարկված հաջորդ մեքենան էլ վարել էր «Հայաստան» հիմնադրամի նախկին նախագահ Մանուշակ Պետրոսյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանը: Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ բախվել են 2 ավտոմեքենա, որոնք էլ տեղափոխվել են տուգանային հրապարակ: Իսկ ո՞ւր է 3-րդը…
ԱՄՆ դեսպանատան մոտ
Հուլիսի 25-ին 01.50-ի սահմաններում «Ֆոլկսվագեն» մակնիշի 14 ՕԼ 641 համարանիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը՝ 20-ամյա Տիգրան Եփրեմյանը եւ ուղեւոր Սարգիս Քամալյանը տեղում մահացել են: Վերջիններիս դիերը ավտոմեքենայից հանելու համար փրկարարներին անհրաժեշտ է եղել մեջտեղից կտրել ավտոմեքենան:
Մեր տեղեկություններով, մահացածները Արմավիրի մարզի Նորակերտ գյուղից էին եւ սովորում էին Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում: