Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻ…»

Հուլիս 27,2010 00:00

«10-ի գործով» ամբաստանյալ Արա Կարապետյանը հերքում է իր դեմ մեղադրանքները: Իսկ ի՞նչ կասեն նրա դեմ ցուցմունքներ տվածները:

\"\"Երեկ շարունակվեց «10-ի գործով» դատական հերթական նիստը, որը սակայն կարճ տեւեց եւ կշարունակվի այսօր:
 Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործով դատաքննության վերջին երկու շաբաթվա կարեւոր իրադարձությունը գործով գլխավոր ամբաստանյալ Արա Կարապետյանի ցուցմունքներն էին: Սա Ա. Կարապետյանի առաջին ցուցմունքն էր՝ նախաքննության ընթացքում նա նույնպես չէր ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը եւ հրաժարվել էր ցուցմունքներ տալ: Շուրջ 4 ժամ տեւած ցուցմունքում ամբաստանյալը մանրակրկիտ վերլուծեց 12 հատոր կազմող գործի նյութերը. հերքեց իր դեմ ներկայացված մեղադրանքը: Ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայության կողմից քննված գործը, նրա գնահատմամբ, շինծու գործ է, «թույլ սցենարով շոու»: Նա տարակուսանք հայտնեց, որ ԱԱԾ-ն, իմանալով հանդերձ, թե որտեղ է ինքը բնակվում, ծանուցագրեր էր ուղարկում հոր տան հասցեով (որտեղից դեռեւս 1987թ. է դուրս եկել), որպեսզի պատրանք ստեղծվի, որ իրեն կանչում են, ինքը չի գալիս եւ «սարքվեն կալանքի տակ պահելու շինծու հիմքերը»: Ըստ Ա. Կարապետյանի՝ ԱԱԾ-ն նախաքննության սկզբնական շրջանում խախտել է իր իրավունքները՝ չի տրամադրել պաշտպան, մերժել է իր միջնորդությունը՝ առերես հարցաքննել իր դեմ ցուցմունք տված անձանց հետ, գործադրել է հոգեբանական ճնշման հնարքներ: Մասնավորապես, ԱԱԾ-ում սպառնում էին՝ «մեր ձեռքերը ԱՄՆ էլ են հասնում» (որտեղ շարունակում են բնակվել ամբաստանյալի ընտանիքի անդամները): Ա.Կարապետյանը հայտարարեց, որ իր նկատմամբ կոպտորեն խախտվել են Սահմանադրության 20-րդ, 21-րդ եւ 22-րդ հոդվածները՝ պաշտպան ունենալու իրավունքը, անմեղության կանխավարկածի սկզբունքը եւ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն օգտագործելու արգելքը:
Ա. Կարապետյանը մանրակրկիտ ներկայացրեց իր կենսագրությունը՝ մասնագիտությամբ տնտեսագետ է, 1992թ. ԱՄՆ է տեղափոխվել, հիմնել կոշիկի, սննդի սուպերմարկետներ, իսկ 2004թ. Հայաստան վերադառնալուց հետո՝ «Աս» սուպերմարկետը եւ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ՝ կոշիկի խանութների ցանցով, ամենուրեք բիզնեսում եղել է հաջողակ եւ պարտաճանաչ խոշոր հարկատու՝ միայն 2007թ. սեպտեմբերից 2009թ. սեպտեմբերը նա պետական բյուջե է մուծել հարկեր 1 մլն ԱՄՆ դոլարի չափով: «Միգուցե ես կամ իմ բիզնեսները խանգարում էին ինչ-որ մարդկանց՝ չգիտեմ»,- ասաց Ա. Կարապետյանը:
Ա. Կարապետյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ում ոսկե զարդերի գողությունների հետ ինքը որեւէ առնչություն չունի, այդ մասին հայտնել է նաեւ ԱՄՆ իրավապահ մարմիններին, որոնք ԱՄՆ-ից չհեռանալու ստորագրություն իրենից չեն վերցրել: Ըստ ամբաստանյալի՝ անհեթեթ է նաեւ Ա. Ավետիսյանի առանձնատան դրվագով իրեն ներկայացված մեղադրանքը, որի հետ նույնպես ինքը որեւէ առնչություն չունի, հարձակումը իրականացնելու համար զենք, հատակագիծ, համազգեստ, մեքենա, փող չի տրամադրել: «12-հատորանոց գործում ցույց տվեք որեւիցե մեկին, որին 100 հազար դոլար եմ խոստացել»,- հայտարարեց ամբաստանյալը: Ավելին, ինքը Ա. Ավետիսյանի տնից հափշտակված ապրանքը՝ փաստաթղթեր, ոսկեղեն (շուրջ 45 մլն դրամ արժողությամբ), որը հանգամանքների բերումով իր մոտ է հայտնվել, հանձնել է տիրոջը՝ Ա. Ավետիսյանին: Ըստ ամբաստանյալի՝ իր նախաձեռնությամբ ամբաստանյալ Սուրեն Մելքոնյանի միջոցով ապրանքը փոխանցվել է ոմն Կարենի, ում Ս. Մելքոնյանը մանրակրկիտ նկարագրել է, սակայն հետագայում չգիտես, թե որտեղից դրվագում հառնել է Հարություն Ալեքսանյանը, որին փնտրում են եւ չեն գտնում: Կարեն-Հարություն Ալեքսանյան փոխատեղումը, ըստ Ա. Կարապետյանի, միակը չէ, գործում փորձ է արվել Արա Կարապետյանին վերագրել ոմն վրացի կամ թիֆլիսեցի Առոնդի արարքները (նա «Կոշիկի քաղաքի» մշտական հաճախորդ էր, եւ նա էր իրեն ի պահ տվել պայուսակը, որում, ինչպես հետագայում է պարզվել, Ա. Ավետիսյանի տնից հափշտակված ապրանքներն էին): Ա. Կարապետյանը հերյուրանք համարեց նաեւ քրեական գործի նյութերում առկա տեղեկությունը, թե ձերբակալությունից որոշակի ժամանակ առաջ գույքը գրավադրել է բանկերում եւ ստացել մի քանի միլիոն դոլար գումար:
Ա. Կարապետյանի պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի անձը բնութագրող մի շարք փաստաթղթեր՝ 1990-91թթ. ակտիվ մասնակցել է Արցախի, մասնավորապես, Բերդաձորի ինքնապաշտպանությանը: Ըստ համատիրությունից ներկայացված տեղեկանքի եւ Երեւանի թիվ 186 դպրոցի տնօրինության, որպես թաղամասի բնակիչ բարեգործություններ է արել, մասնակցելով, մասնավորապես, շրջակա տարածքի կանաչապատմանն ու ասֆալտապատմանը: Ա. Կարապետյանը վատառողջ է, վիրահատվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, խնամքին ունի 4 հոգի:
Ըստ դատակոչի ցուցակի, հաջորդ երկու ամբաստանյալները՝ Երեւանի Նոր Նորք համայնքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը եւ Արսեն Սողոմոնյանը հաջորդաբար հայտարարեցին, որ գերադասում են ցուցմունքներ տալ վերջում: Ըստ օրենքի, ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում դատարանում հրապարակվում են ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները՝ Ա. Նիկողոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ չէր տվել, ուստի դրանք հրապարակելու հարց չծագեց, իսկ Ա. Սողոմոնյանի ցուցմունքներն էլ չհրապարակվեցին, քանի որ ամբաստանյալն ի վերջո հայտարարեց, որ ցուցմունքներ չի կարող տալ, որովհետեւ գրառումները թողել է մեկուսարանում: Գործը, սակայն, ցուցմունքներին չհասավ. հաջորդ՝ հուլիսի 19-ի եւ 20-ի նիստերը տեղի չունեցան փաստաբան Հայկ Իսրայելյանի բացակայության պատճառով:
Տեսնենք այսօր ի՞նչ ընթացք կստանա նիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել