Շատերը որպես տան անդամ շանը խնամում են, բնակարաններում պահում, կերակրում, «հագցնում» եւ այլն: Այս պայմաններում շունը մարդու բարեկամն է:
Սակայն մայրաքաղաք Երեւանում վերջին տարիներին աննախադեպ շատացել են «անտեր» շները: Այնքան են շատացել, որ խանգարում են երեխաներին փողոց դուրս գալ, դպրոց գնալ եւ ոչ միայն երեկոյան, այլ հաճախ ցերեկային ժամերին հարձակվում են նրանց վրա:
Քաղաքապետարանը որոշել է ընդառաջ գնալ «բնության պահապանների» աղմուկին եւ թափառող շների նախկին «ոչ մարդկային» եղանակով վերացնելու (հրազենով կրակելու) փոխարեն կիրառել «մարդասիրական» եղանակ՝ սերնդազրկել: Սակայն թափառող շների դեմ պայքարի հարգելի նախաձեռնողները մոռացել են կարեւոր մի հանգամանք: Այդ կենդանիները բնակչության համար ոչ միայն բացահայտ ֆիզիկական վտանգ են ներկայացնում, այլեւ բազմաթիվ այլ հիվանդությունների տարածողներ են: Օրը ցերեկով, մարդկանց ներկայությամբ, սրանք միզում, կղկղանք են թափում փողոցում, մայթերին, ծառերի բների մոտ, ծաղկամարգերում: Կենդանիների մեծ մասը տառապում է ճիճվային եւ այլ հիվանդություններով, արտաքին մակաբույծներով: Ծառերի բնին, պատերին քսվելով՝ այդ վարակիչ մանրէները թափվում են գետնին: Կղկղանքը տրորելով՝ հասցնում ենք տուն այդ վարակիչ մանրէները, դրանց ձվերն ու թրթուրները: Վերջապես չորանալով՝ օդ են բարձրանում, եւ մենք շնչում ենք դրանք:
Քաղաքակիրթ աշխարհում անգամ տնական շունը, եթե դրսում հոգում է իր կարիքները՝ տուգանում են: Կենդանու տերը այս պարագայում պարտավոր է հետն ունենալ հատուկ տոպրակ փոքրիկ բահիկով, որպեսզի կենդանու աղբը անմիջապես լցնի տոպրակի մեջ: Այսպես, թափառող շները ոչ միայն ֆիզիկապես են վտանգավոր, այլեւ հանդիսանում են զանազան վարակիչ հիվանդությունների տարածողներ: