Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողներն է՞լ չեն հասկանում

Հուլիս 27,2010 00:00

\"\"Որ ջրավազաններում լողալ չի կարելի

Տաք եղանակներին մայրաքաղաքի դեկորատիվ ջրավազանները վերածվում են լողավազանների: Չնայած դրանք նախատեսված չեն լողալու համար, բայց այդ ջրավազաններում լողացողներին որեւէ մեկը չի արգելում լողալ: Ամեն ամառ մայրաքաղաքի ջրավազաններում նույն պատմությունն է, ինչը, մասնագետների խոսքերով, խիստ վտանգավոր է երեխաների համար:
«Քաղաքային ջրավազանում լողալը կարող է մի շարք աղիքային եւ մաշկային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Այդ ջրավազաններում առկա են բազմաթիվ մանրէներ, որոնք մեր օրգանիզմ են մտնում բերանի միջոցով: Չէ՞ որ անհնար է առանց ջուր կուլ տալու լողալ: Բացի այդ, տարբեր հիվանդություններով մարդիկ են լողում նույն ջրում, եւ հետո այն չի ախտահանվում, ինչն էլ բազմաթիվ մաշկային, հատկապես սնկային հիվանդությունների պատճառ է դառնում: Բացի այդ, հնարավոր է այդ ջրում լողացողները ականջի բորբոքում, աչքի բորբոքում՝ կոնյուկտիվիտ ստանան»,- մեզ հետ զրույցում ասաց բժշկուհի Հայկուհի Այվազյանը:
Ըստ մասնագետների, ծնողները հաշվի չեն առնում, որ այդ նույն ջրավազաններում շատերը լողացնում են իրենց տնային կենդանիներին, աղբ թափում, եւ, որ ամենակարեւորն է, դրանք չեն ախտահանվում:
Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանի հավաստմամբ, ամեն տարվա մայիս-հոկտեմբեր ամիսներին իրենց տեսուչները ամսական 3 անգամ բաց ջրամբարներում եւ բնակավայրերի դեկորատիվ ջրավազաններում նմուշառումներ են իրականացնում. «Ջրի մաքրության առումով շեղումները ավելանում են հատկապես ամռան ամիսներին: Տաք ջուրը հիանալի միջավայր է մանրէների ավելացման համար: Շեղումները հատկապես շատ են կանգնած ջրերում, որտեղ չկա մաքուր ջրի անընդհատ ներհոսք: Ընդհանրապես քաղաքի ջրավազանները դեկորատիվ բնույթ են կրում եւ հարմարեցված չեն լողալու համար, սակայն ամեն դեպքում մենք փորձում ենք ուշադիր լինել եւ զտել դրանց ջուրը, նաեւ ոստիկանության աշխատակիցների հետ փակցնում ենք ցուցանակներ, որ այդտեղ լողալը արգելվում է: Լուրջ շեղումներ դեռ չեն արձանագրվել, բայց քաղաքի տարբեր հատվածների ջրավազաններում հայտնաբերվել են աղբ, տերեւներ եւ փայտեր, անգամ ապակու կտորներ»:
Նկատենք, որ Աջափնյակում գտնվող ջրավազանում լողացող շատ երեխաներ իրենց ծնողների ուղեկցությամբ էին եկել, չնայած որ ափին փակցված է «Այստեղ լողալն արգելվում է» բովանդակությամբ ցուցանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել