Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԴԵՖԻՑԻՏ Է

Հուլիս 27,2010 00:00

Արցախի փողոցում բնակվող երեխաները բակային կարուսելներից օգտվելու համար հերթ են կանգնում

\"\"
Խաղահրապարակը՝ աղբավայր:

\"\"
Այգու ճոճանակները «սառը զենք են»:

Երեւանի Արցախի փողոցի բակերում խաղահրապարակներ գրեթե չկան, եղածներն էլ խորհրդային տարիներից պահպանված ինչ-որ երկաթի կտորներ են, որոնք ավելի շուտ ոչ թե ժանգոտած կարուսելներ են, այլ ուղղակի՝ սառը զենք երեխաների համար:
Օրերս Արցախի փողոցում բնակվող ծնողներից մեկը, իր փոքրիկ երեխայի ձեռքը բռնած, փողոցից փողոց է ընկել, որպեսզի երեխայի համար գոնե մեկ խաղահրապարկ գտնի՝ նրա ժամանցը փոքր-ինչ հետաքրքիր կազմակերպելու համար: Սակայն, ինչպես ինքն է պատմում, հիասթափված տուն են վերադարձել:
Ծնողի փնտրտուքները որոշ չափով արդյունք տվել էին. նա վերջապես այդ փողոցի բակերից մեկում հայտնաբերել էր մի փոքրիկ տարածք, բայց ճոճանակներն այնքան հին են եղել ու ծռմռված, որ ճոճվելիս պատռել են երեխայի զգեստը: «Շուրջբոլորը չորացած խոտեր են ու աղբակույտեր: Մի խոսքով, այգին անտերության է մատնված, այդ պատճառով էլ երեխաների փոխարեն տարածքը շահագործում են «բոմժերը», որոնք այգու նստարաններին քնում են, հաց ուտում ու խրախճանքներ կազմակերպում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց երեխայի ծնողը:
Արցախի փողոցի բնակիչներից մեկի խոսքերով էլ՝ ճիշտ է, բակերից մեկում քիչ թե շատ նորմալ խաղահրապարակ կա, բայց քանի որ մյուս բակերից ծնողները փոքրիկներին բերում են այդտեղ, խաղահրապարակը գործում է ծանրաբեռնված:
Երեխաները կարուսելներից օգտվելու համար ստիպված են ծնողների ձեռքը բռնած հերթ կանգնել: «Քանի որ երեխաները փոքր են, որքան էլ բացատրենք, չեն հասկանում, հերթի մեջ կանգնած աղիողորմ լաց են լինում, այնքան բարձր ձայնով են լալիս, որ անհնար է զսպել նրանց արցունքները: Նրանք վայրկյան առաջ ուզում են օգտվել այդ խաղերից: Այս աղմուկը խնդիրներ է առաջացնում այլ երեխաների ծնողների եւ բակի բնակիչների համար: Նրանք դժգոհում են, որ մեր երեխաները աղմուկ են առաջացնում եւ չեն թողնում հանգստանալ: Ինչքան էլ տհաճ է մեզ համար այս ամենի միջով անցնելը, բայց այլ տարբերակ չունենք, կրկին գնում ենք այդ խաղահրապարակը»: Փոքրիկների ծնողները պատմեցին, որ խաղահրապարակ ունեցող բակի բնակիչներն արդեն սկսել են հարակից բակերի բնակիչներից ազատվելու ծրագրեր մշակել. «Նրանք խաղահրապարակի ամբողջ տարածքով մեկ ցեխաջուր են լցնում, այնքան շատ, որ ոտքդ դնելիս՝ կարծես ճահիճում ես հայտնվում: Ուստի, միակ հույսը առաջիկա ընտրություններն են, որ իշխանություններից մի քանի խաղահրապարակ խնդրենք՝ այս փողոցի երեխաների համար»:
Վերջերս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Երեւանի բակերում շրջայց կատարելիս, բնակիչներին խոստացավ, որ, եթե նրանք իրենց նախաձեռնությամբ ազատվեն բակերի ավտոտնակներից, ինքը այդ տարածքում երեխաների համար խաղահրապարակ կկառուցի: Արցախի փողոցի բնակիչներից տեղեկացանք, որ իրենց մոտ որեւէ մեկը նման նախաձեռնություն չի ցուցաբերել. «Փաստորեն, եթե մարդիկ իրենց ավտոտնակները չեն ապամոնտաժում, մեր երեխաները զրկվելո՞ւ են խաղահրապարակ ունենալուց: Ժամանակին հենց քաղաքապետարանն է տվել թույլտվություն այդքան շատ ու որտեղ պատահի ավտոտնակներ կառուցել, հիմի էլ մեր երեխաների հաշվին ուզում են հարցը լուծել»,- դժգոհեցին բնակիչները:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի լրատվական ծառայությունը շաբաթներ առաջ տեղեկություն էր տարածել, որ 2009-ից սկսած՝ մայրաքաղաքի 150-ից ավելի բակերում ձեւավորվել են խաղահրապարակներ, կառուցվել է 12 մինի ֆուտբոլի դաշտ, կահավորվել է 22 խաղադաշտ, տեղադրվել է 190 զրուցարան, 400 նստարան եւ այլն, եւ այս ամենը հիմնականում աղբակույտերը մաքրելու հաշվին: Արցախի փողոցի բնակիչները պնդում են, որ այդ ամենից իրենց բաժին չի հասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել