Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱԿԱՆ ՇՈԿԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Հուլիս 27,2010 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները նույնն են, ինչ մայիսին՝ 4,8%, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսել են գնաճի նվազում: Երեկ «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը» թեմայով քննարկման ժամանակ իր կանխատեսումները հիշեցրեց ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Ընթացիկ տարվա 6 ամիսների կտրվածքով տնտեսական աճը կազմել է 6,7%, չնայած, որ տարեսկզբին աճի 8,8% ցուցանիշ էր գրանցվել: «Առավոտը» Գ. Տոլոսայից հետաքրքրվեց՝ արդյոք դա համարում է տնտեսական աճի տեմպի նվազո՞ւմ. «Դա չենք դիտարկում աճի տեմպերի դանդաղեցում, պարզապես առաջին եռամսյակում աճի արտասովոր բարձր ցուցանիշ ունեինք, իսկ հիմա աճի տեմպերը կայունացել են»: Նրա խոսքով՝ տնտեսական ճգնաժամն ավարտվել է, բայց. «Դա չի նշանակում, թե մոտ ապագայում դժվարություններ չեն լինի, երկիրը հիմա կրիտիկական կետի է հասել, կարեւոր է, որ ՀՀ կառավարությունը պատշաճ քաղաքականություն որդեգրի, որ արձագանքի բոլոր մարտահրավերներին: 2003-08թթ. տեղի ունեցած դրական շոկերն ապագայում չեն լինի»: Նա հույս հայտնեց, որ կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ բիզնեսի զարգացման համար միջավայր ապահովելու ուղղությամբ. «Սա նշանակում է, որ պետք է եռանդուն աշխատենք, որ ձեռնարկությունները չհայտնվեն կոռումպացված չինովնիկների քմահաճույքին կամ իշխանությունները շարունակեն չարաշահել, խոշոր ձեռնարկատերերն էլ չպետք է փախչեն հարկերից»:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը վստահեցրեց, որ ՀՀ տնտեսությունը թեւակոխել է վերականգնման եւ կայունացման փուլ, եւ բոլոր հիմքերը կան վերականգնելու այն դինամիկան ու մոտեցումները, որոնք ունեինք մինչեւ ճգնաժամը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը շեշտը դրեց մրցունակ երկիր եւ մրցունակ շուկա ունենալու անհրաժեշտության վրա. «Պետք է ավելի մրցունակ ապրանք ստեղծենք, ավելի մրցունակ ծառայություն մատուցենք, մրցունակ երկրում ցածր աշխատավարձի խնդիրներ չկան, իսկ այս խնդիրները մեր երկրում դեռ առկա են»:
«Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նկատեց, որ 125 հազար ձեռնարկությունների 50% չի գործում, եւ դրանցից միայն 2000–ի գործունեությունն է արդյունավետ. «Հիմնականում ծայրահեղություն է՝ միայն խոշոր կամ փոքր ձեռնարկություններ են, միջինը չկա, միջին ձեռնարկատերերը նոր-նոր փորձում են ակտիվանալ, սա գուցե պայմանավորված է նրանով, որ խոշոր մի շարք ձեռնարկատերեր այսօր այլեւս խոշոր չեն: Միջազգային կառույցները փաստում են, որ անհրաժեշտ է բարելավել մրցակցային միջավայրը, չեզոքացնելը մենաշնորհները: Ցավալի է, որ կոռուպցիոն ռիսկերով մենք առաջ ենք անցել նաեւ Վրաստանից»:
Քննարկման ժամանակ ԵՊՀ մի դասախոս նախարարներից հետաքրքրվեց. «Ես, որպես սովորական քաղաքացի, ե՞րբ կտեսնեմ կառավարության իրականացրած բարեփոխումները, իմ աշխատավարձը 10 անգամ ե՞րբ կավելանա, 10, թե՞ 100 տարի հետո: Արդեն 20 տարի է՝ հարցնում եմ, կառավարության գործունեությունն, առհասարակ, ի՞նչ է տալիս սովորական քաղաքացուն»: Ֆինանսների նախարարը պատասխանեց. «Հարցի պատասխանը կա մեր առաջիկա 3 տարիների միջնաժամկետ ծրագրում: Ցանկությունները եւ հնարավորությունները պետք է կարողանանք համադրել»: Հարցին պատասխանեց նաեւ էկոնոմիկայի նախարարը. «Հնարավոր չէ ամեն մեկի համար ցույց տալ իր հնարավորությունը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել