Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների առջեւ խնդիր է դրված շինհրապարակը կահավորել այնպես, որ բնակչի համար նորմալ անցուդարձի որեւէ խոչընդոտ չլինի: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից: Երեւանում, ինչպես ցանկացած խիտ կառուցապատված բոլոր քաղաքներում, նոր շինարարությունն այսպես թե այնպես առնչվում է ինչպես տրանսպորտային հոսքերի, այնպես էլ հետիոտն անցուդարձի հետ կապված խնդիրներին: Երեւանի քաղաքապետարանը, որպես ցանկացած շինթույլտվություն ստանալու պարտադիր պահանջ, սահմանել է նաեւ շինհրապարակների կազմակերպման համապատասխան փաստաթղթերի առկայությունը: Կառուցապատողը, ինչպես նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետը, պարտավոր է շինարարությանը հարող տարածքում ապահովել բնակչության հարմար ու անվտանգ անցուդարձը: Եթե շինաշխատանքների պատճառով փակվել է մայթը, կառուցապատողը պետք է ժամանակավոր մայթ կահավորի, որը պետք է համապատասխան լուսավորություն, անվտանգության բազրիք, ճանապարհային երթեւեկության համապատասխան նշան ունենա: Ամենակարեւորը՝ շինարարության հարակից տարածքով ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է:
Կոմիտասի պողոտայի թիվ 12 շենքի հարեւանությամբ կառուցվող շենքի հարակից մայթը դեռ մեկ շաբաթ առաջ գրեթե անանցանելի էր անցորդների համար, ու մարդիկ այս տարածքը հաճախ փողոցի երթեւեկելի մասով էին անցնում: Քաղաքապետի հանձնարարականից հետո կառուցապատողն այսօր արդեն վերականգնել է մայթը, ասֆալտապատել, օրերս էլ տարածքի կանաչապատումը կավարտի:
Քաղաքապետի պահանջը հստակ է. անկախ նրանից, թե որ փուլում է շինարարությունը, կառուցապատողը պետք է մայթը վերադարձնի բնակչին: Եթե շինարարական խնդիրներով պայմանավորված՝ նախկին մայթի վիճակը վերականգնելը ժամանակավորապես անհնար է, ապա կառուցապատողը սահմանված պահանջներին համապատասխան ժամանակավոր մայթ պետք է կահավորի:
Որոշ կառուցապատողներ, ինչպես Կոմիտաս 38/2 հասցեի շինհրապարակում, ժամանակին կատարել են այս պահանջն ու մարդկանց նորմալ անցուդարձի համար բավարար պայման են ապահովել: Իսկ հարեւան շենքի կառուցապատողը ստեղծել է պարզապես անհանդուրժելի վիճակ, եւ բնակիչն ստիպված մտնում է երթեւեկելի գոտի: Վրացական փողոցում կառուցապատողը ոչ միայն մայթն է գրավել, այլեւ զբաղեցրել է նաեւ փողոցի երթեւեկելի հատվածի մի մասը: Նույն փողոցում, քիչ հեռու բնակելի շենք կառուցող շինարարական ընկերությանը ամենեւին չի հետաքրքրում, որ իրենց անբարեխղճության պատճառով մարդիկ կամ փողոցի երթեւեկելի մասով, կամ էլ աղբարկղերին կպնելով ու քսվելով պիտի մի կերպ տուն հասնեն: Կառուցապատողի ներկայացուցիչները խոստացան, որ կարճ ժամկետում կվերականգնեն մայթը: Փոխարենը Հրաչյա Քոչարի փողոցում կար շինհրապարակ, որտեղ կառուցապատողը հստակ իրականացրել էր քաղաքապետի կողմից ներկայացված պահանջն ու շինարարության ընթացքում բնակչին նորմալ, քաղաքակիրթ անցուդարձի հնարավորություն ապահովել: Իսկ Կոմիտաս 59/6 հասցեի շենքը մեկ տարի է, ինչ շահագործման է հանձնվել, եւ շինարարը, քաղաքապետի պահանջին համապատասխան, բարեկարգ, ծաղկապատ, արծաթափայլ եղեւնիներով է մայթը վերականգնել: