Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՐԹԱԿԱՆ ԼՈԼՈՆ ԷՐ»

Հուլիս 27,2010 00:00

\"\" Տիգրան Սարգսյանի հարցազրույցը՝ Հրանտ Բագրատյանի մեկնաբանմամբ

Այս տարվա առաջին կիսամյակում մեր տնտեսությունում գրանցվել է 6,7% տնտեսական աճ, ինչը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը հայաստանյան 5 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում համարել է սպասվածից մի քանի անգամ ավելի բարձր ցուցանիշ: Նա նաեւ թվարկել է այն երեք գործոնները, որոնք նպաստել եւ նպաստում են տնտեսական աճի «բարձր» տեմպերին: Մեջբերում եմ՝ համաշխարհային տնտեսության բարելավումը, կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումները, մասնավորապես ընդլայնողական բյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը եւ ներհանրապետական գործոնը, մասնավորապես մեր տնտեսվարող սուբյեկտների վարքագծային կանոնները, ներդրումային վարքագիծը: Հիշեցնենք, որ տարեսկզբին տնտեսական աճը կազմել էր 8,8%: Վարչապետի մեկնաբանմամբ, տարեսկզբի համեմատ աճի նվազումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում գրանցված կորուստներով. «Դա առաջին հերթին պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում 13,1% անկմամբ, որը հիմնականում պտուղ-բանջարեղենին է վերաբերում. եթե դա չլիներ, տնտեսական աճն ավելի բարձր կլիներ»:
 «Տնտեսության 6,7% աճը նկարած է այն բանի հաշվին, որ զգալիորեն եւ արհեստականորեն իջեցված է գնաճի ցուցանիշը, էլ ինչքա՞ն կարելի է նկարել: Նախ պետք է հասկանալ, որ նախորդ տարվա տնտեսության անկումն այնքան բարձր էր, կառավարության ասելով՝ 14,4 եւ մեր հաշվարկներով՝ 22% անկում, որ այս տարի, եթե ոչինչ չանեին էլ, տնտեսությունը պետք է աճեր: Ախր նրանք ոչ մի քայլ չեն արել, որ ասենք՝ այս քայլի շնորհիվ տնտեսական աճը մեծացել է կամ փոքրացել, նրանք շարունակում են խանգարել տնտեսության զարգացմանը: Ինչ վերաբերում նրա թվարկած գործոններին, դրանք մոլորեցնում են»,- «Առավոտի» հետ զրույցում նկատեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Վարչապետը անդրադարձել էր նաեւ կիսամյակում արձանագրած գնաճին: Նրա տեղեկացմամբ, այսօրվա դրությամբ ունենք 4,5% գնաճ՝ համեմատած տարեսկզբին արձանագրված ցուցանիշի հետ. «Ակնհայտ է, որ ունենք գնաճի նվազման դրական միտում: Կարեւոր է նշել, որ դրան էապես նպաստել է այն, որ առաջին 6 ամիսներին հավաքագրել ենք ծրագրավորվածից ավելի եկամուտ, դա նշանակում է, որ բյուջեի վարքագիծը գնաճի առումով եղել է զսպողական»: Հրանտ Բագրատյանի մեկնաբանմամբ. «Նախ գնաճը պետք չէ համեմատել տարեսկզբի ցուցանիշի հետ, կիսամյակային տվյալները համեմատում են նախորդ տարվա կիսամյակի ցուցանիշների հետ: Վարչապետը ստել է, այս տարվա կիսամյակային կտրվածքով գնաճը կազմել է 11%՝ 2009-ի նույն ժամանակահատվածի 7,3%-ի փոխարեն: Հետո էլ՝ ի՞նչ է նշանակում բյուջեի վարքագիծը եղել է զսպողական, նա ուզում էր ասել՝ փող չենք ծախսել, է, հա, եթե փող չծախսեք, մարդկանց աշխատավարձ չտաք, փող քիչ կլինի մարդկանց ձեռքին, գներն էլ, բնականաբար, չեն աճի, եւ դա քողարկվում է՝ բյուջեն եղել է զսպողական»: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին պարտքին, Տիգրան Սարգսյանն ասել էր. «Այսօր եւ’ միջազգային կազմակերպությունները, եւ’ մեր վերլուծական կենտրոնները տալիս են գնահատականներ, որ այն պարտքի բեռը, որն ունի Հայաստանը, կառավարելի է: Մեր արտաքին պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի հետ համեմատած չի գերազանցում 50%-ը, այն պարագայում, որ կան զարգացած պետություններ, որ այդ ցուցանիշը կազմում է 100%»: Հրանտ Բագրատյանն էլ այս պնդումը համարում է տնտեսագիտական անգրագիտություն. «Ժամանակակից տնտեսագիտությունը պարտքի ցուցանիշը համեմատում է արտահանման ծավալների հետ, այ, երբ որ ինքը կհամեմատի արտահանման ծավալների հետ, ապա կտեսնի, որ այն երկրներում, որտեղ ՀՆԱ-ի համեմատ պարտքը կազմում է 100%, ինչպես օրինակ, Մեքսիկայում, ապա արտահանման ծավալների նկատմամբ պարտքը 3 անգամ ավելի պակաս է, քան թե Հայաստանում, մեր արտաքին պարտքը գերազանցում է արտահանման ծավալները ավելի քան 4,5 անգամ»: Վերջին շրջանում անընդհատ խոսվում էր ձվի շուկայում տեղի ունեցող մոնոպոլիզացման մասին: Վարչապետի մեկնաբանմամբ. «Աժիոտաժային իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում 2010-ին կտրուկ ավելացել է ձվի արտադրությունը, դա է վկայում պաշտոնական վիճակագրությունը, եւ, բնականաբար, մրցակցությունն այդ դաշտում կտրուկ ավելացել է: Այս ոլորտում կատարվել են լուրջ ներդրումներ, որի արդյունքում արտադրողականությունն է բարձրացել, եւ մենք ունենք 30% աճ: Սա նշանակում է, որ ձվի արտադրության խնդիրը ՀՀ-նում լուծված է»: Պարոն Բագրատյանն էլ վստահեցնում է. «Իրականում վարչապետը կրկին ստում է, անհերքելի է, որ ձվի շուկայում կա մոնոպոլիա: Ձեռնարկություններից մեկը գներ է սահմանել, եւ ի վերջո հենց այդ ձեռնարկությունն էլ շուկայում մենաշնորհային դիրքեր է գրավել, որքան հասկանում եմ, սա արվել է նախագահականում՝ վարչապետի մասնակցությամբ, իսկ ընդհանրապես, որքան էլ վարչապետը խոսի մենաշնորհների դեմ պայքարի մասին, նրանք շարունակում են մենաշնորհել ամեն ինչ: Դա է վկայում բանկերի, վարկային կազմակերպությունների կապիտալի բարձրացումը, եւ սա արվում է բացահայտորեն՝ ի հեճուկս փոքր բիզնեսը զարգացնելու շահի: Հերթը հասավ հեռուստաընկերություններին՝ հիմա էլ մոնոպոլիա է ստեղծվում այնտեղ»: Պարոն Բագրատյանն անդրադարձավ նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի՝ փոխարժեքի ոչ կտրուկ տատանումների, տնտեսական աճի եւ գնաճի նվազմանը վերաբերող երեկվա կանխատեսումներին. «Ուզում եմ հիշեցնել ԱՄՀ-ի նախորդ տարվա տնտեսական անկման կանխատեսումը. այն պետք է լիներ 1%, երբ պաշտոնական տվյալներով արձանագրեցինք 14%, մեր հաշվարկով՝ 22%: Դժբախտաբար, երբեմն ԱՄՀ-ն սխալվում է մի քանի անգամից մինչեւ մի քանի տասնյակ անգամ: Ես ուզում եմ հավատալ, որ գնաճի որոշակի անկում տեղի կունենա, բայց փոխարժեքի մասով կանխատեսմանը բացարձակապես չեմ հավատում: Բավական է ռուսական տնտեսությունը մի հատ հազա կամ փռշտա, եւ մեր երկրում փոխարժեքի կտրուկ փոփոխությունն անխուսափելի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել