Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի անհաջող գրառման պատճառով չէ, որ պիտի գժտվենք»

Հուլիս 27,2010 00:00

\"\"Կարապետ Ռուբինյանի եւ Վարդան Հարությունյանի բանավեճը «Ֆեյսբուքում»

«Ո՞րն է պատճառը ազատ մտքի, ճշմարիտ խոսքի արժեքը՝ այն արտաբերողի անհատական որակներին ստորադասելու: Արդյոք սրանից չի՞ բխում կուռքի ամեն մի ասածը որպես բացարձակ ճշմարտություն ընկալելու մոլեռանդությունը: Եվ արդյոք սրանի՞ց չի գալիս, որ ոմանք ասածներս մի կողմ թողած՝ փորձում են վերանայել իմ անձնական որակները, որոնք, քանի դեռ չէի համարձակվել կուռքին դիպչել՝ կասկած չէին հարուցում»,- հուլիսի 23-ին «Ֆեյսբուքի» իր էջում Կարապետ Ռուբինյանն արել էր վերոհիշյալ գրառումը, ինչն առիթ տվեց բազմաթիվ արձագանքների: Բայց ամենազարմանալին նրա գործընկերոջ՝ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանի հրապարակային արձագանքն էր. «Դու սկսում ես արհեստական քննարկում ծավալել: Երեւի շատ ես ուզում թեման քննարկումների կիզակետում պահել: Գիտես, ես հետեւել եմ ու կարող եմ հստակ ասել, որ քո ազատ մտքին ու խոսքին ոչ ոք չի կպել, առավել եւս քո որակներին: Եվ այդ որտեղի՞ց քեզ այդքան մեծամտություն, որ հենց ինքդ ես հայտարարում, թե քո որակները բոլորի համար եղել են կասկածից դուրս: Էս հարցում էլ դու ես ուզում կուռք լինել, հա՞: Արդյոք քո բոլոր հայտարարությունների հիմքում հենց այս համոզմո՞ւնքդ չի ընկած: Կամ արդյոք հենց քո այս համոզմունքի՞ց չեն ծնվում քո գործողությունները: Եվ ամենակարեւորը՝ մարդկանց մի վիրավորիր մերկապարանոց կերպով նրանց կռապաշտ անվանելով: Եթե նրանք չեն կիսում ԼՏՊ-ին ուղղված քո մեղադրանքները, որոնք հնչում են հենց այնպես, որպես հայտարարություններ, առանց կոնկրետ մեղադրանքների՝ դեռ չի նշանակում, թե նրանք կռապաշտներ են, իսկ Լեւոնը՝ կուռք, դու էլ՝ ազատամիտ: Դա ավելի շուտ նշանակում է, որ դու քո առաջ ազատամիտ ու կուռքազուրկ երեւալու խնդիր ես դրել: Դա շատ լավ է երեւում:
Մարդիկ կռիվ են տալիս, որ ժամ առաջ ազատվեն այս իշխանություններից, որ մարդկանց բանտերից ազատեն, որ մարդավայել ապրեն, իսկ դու, բան ու գործդ թողած, դուրս ես հայտարարում քեզ այդ պայքարից, ինչ-որ կուռքեր ես հորինել ու դրանց դեմ ես՝ մի 4 հոգու խելահեղ ծափահարությունների տարափի տակ, հերոսաբար պայքարում: Քո գործողություններում հերոսություն չկա: Ոչ էլ դու մեր այս տաղտուկ օրերում Միայնակ Հերոսի մարմնավորումն ես: Հետն էլ ուզում ես պայքարդ «Ֆեյսբուքում» անմար պահել»:
Կարապետ Ռուբինյանն ի պատասխան մասնավորապես նշել էր. «Փաստորեն քո ուզածի հակառակին ես մղում ինձ: Եթե չէիր ուզում թեման ծավալվեր՝ լռեիր: Թե՞ քեզ հետ ես նույնացրել ասածներս: Բայց ինչո՞ւ: Դու քեզ համարում ես «կուռքի ամեն մի ասածը որպես բացարձակ ճշմարտություն ընկալող մոլեռա՞նդ», թե՞ գտնում ես, որ այդպիսի մարդիկ չկան:
Դու ինձ փաստորեն մեղադրում ես, որ ես փառասիրությունից դրդված խանգարում եմ կռիվ տվող մարդկանց: Ամոթ ինձ: Միայն թե, խնդրում եմ, ասա՝ վերջին կռիվը երբ ես տվել, որ ես էլ խանգարել եմ»:
Մեկնաբանություններից առանձնացնենք այս մեկը, որն արել էր Առաքել Սեմիրջյանը. «Վարդան Հարությունյանին ու Կարապետ Ռուբինյանին վերջին 2 տարվա ընթացքում ես համարյա միշտ տեսել եմ իրար հետ, բոլոր ակցիաների ընթացքում, ու իմ վախս այն է, որ նրանց էլ իրար հետ չեմ տեսնի: Մեծ ախպերներ, խնդրում եմ՝ ցավ մի պատճառեք իմ պես փոքր ախպերներին ու մի ուրախացրեք նրանց, ովքեր կայֆ են ստանում ընկերության քանդվելով:
Հաջորդ ակցիային երկուսիդ սպասում եմ էլի իրար հետ: Իրականում ընկերությունն ինձ համար ամենամեծ քաղաքական կատեգորիան է, երեւի դրա համար էլ ես քաղաքականությունից բան չեմ հասկանում»: Կարապետ Ռուբինյանը հուլիսի 24-ին պատասխանել էր. «Առաքել, երեկ դու նորից նույնը կարող էիր տեսնել դատախազության առջեւ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների պիկետի ժամանակ: Վարդանի հետ մենք ընկերներ ենք, եւ մի անհաջող գրառման պատճառով չէ, որ պիտի գժտվենք: Երեկոյան էլ միասին էինք՝ այլ ընկերների շրջապատում: Մի լավ խմեցինք ու վիճեցինք, բայց բաժանվեցինք էլի որպես ընկերներ: Քաղաքականության մեջ, չնայած մոտեցումների ահռելի տարբերությանը, առնվազն 2 հարցում մենք միասին ենք լինելու՝ 1. Քաղբանտարկյալների ազատության, 2. Ավազակապետության կազմաքանդման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել