Կովկասի ապագային վերաբերող 14 առաջարկ՝ Իտալիայում ուսանող կովկասցի երիտասարդների կողմից
«Դիվանագիտության «Երկրորդ ուղին» եւ խաղաղությունը Հարավային Կովկասում. Rondine-ի «14 կետ՝ հանուն խաղաղության» թեմայով երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացվեցին Իտալիայում ուսանող կովկասցի ուսանողների պատկերացումները խաղաղ Կովկասի վերաբերյալ: Ուսանողների առաջարկները մշակվել են մասնագետների կողմից, սակայն դրանք հիմնականում պահպանել են իրենց նախնական տեսքը: Առաջարկներն արդեն ներկայացվել են Վրաստանում եւ Ադրբեջանում: Տարածաշրջանային հետագա այցերի շրջանակներում դրանք կներկայացվեն նաեւ կովկասյան մնացյալ պետություններում: Իսկ առաջարկները հետեւյալն են. «Օժանդակել Կովկասում եւ աշխարհում կարծիքի ձեւավորմանը միտված շարժումները, որոնք կխթանեն կառավարությունների կողմից մշտական երկխոսության ձեւաչափի ստեղծումը՝ հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ, որի նպատակը կլինի քաղաքական, նյութական եւ սոցիալական վեճերի լուծումը։ Պահանջել, որպեսզի տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերը համաձայնվեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ։ Ստեղծել պայմաններ, որպեսզի բանակցային սեղանը լավագույն տեղը դառնա՝ ի մի բերելու տարածաշրջանի մարդկային, մշակութային, տնտեսական եւ քաղաքական զարգացման բոլոր փորձերը Կովկասի՝ աստիճանաբար համակարգված զինաթափման հեռանկարով։ Վերականգնել հասարակական կարգավիճակը եւ ապահովել իրավունքները բոլոր նրանց համար, ովքեր տուժել են տարածաշրջանային հակամարտությունների հետեւանքով՝ ներառելով իրենց բնակավայրերից վտարվածների վերադառնալու իրավունքը եւ երաշխավորելով բոլորի անվտանգությունը՝ երկխոսության եւ այլ խաղաղ միջոցների հիման վրա։ Ստեղծել պայմաններ, որպեսզի կովկասյան տարածաշրջանի ընկերությունների միջեւ համագործակցությունը զարգացվի, որպես առաջին քայլ՝ ընդհանուր տնտեսական գոտու եւ ազատ առեւտրի ձեւավորման ուղղությամբ, ինչը կխթանի տնտեսական ինտեգրումը, մարդկանց, կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը, նաեւ շրջակա միջավայրի պահպանումը։ Օժանդակել ամբողջ կովկասյան տարածաշրջանի տնտեսության մեջ միջազգային, մասնավորապես՝ եվրոպական ընկերությունների ներդրումներին, ինչպես նաեւ ստեղծել նախագիծ, որը կնախատեսի ֆինանսական խթաններ՝ տեղում գործարար հմտությունների զարգացման եւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական աճի համար»։ Ինչպես նաեւ՝ օժանդակել համատեղ գիտական հետազոտություններին, մշակութային ոլորտում համագործակցությանը եւ կրթությանը՝ միմյանց վատ ճանաչելու հետեւանքով առկա բարդությունների եւ նախապաշարումների հաղթահարման համար, օժանդակել համատեղ կրթական եւ միջմշակութային նախագծերին, որոնք ներառում են ազգային եւ միջազգային բազմալեզու ամառային դպրոցներ՝ միմյանց մասին գիտելիքները խթանելու, մշակութային եւ լեզվական բազմազանությունը պաշտպանելու։ Առաջարկվում է զարգացնել համալսարանական նախագծեր՝ տարածաշրջանի եւ միջազգային համալսարանների մասնակցությամբ, որոնք կներառեն ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, խթանել խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման թեմաներով դասընթացների ներդրումը, ստեղծել պլյուրալիստական, բազմալեզու, բազմամշակութային ԶԼՄ-ներ եւ նրանց ֆինանսական օժանդակություն տրամադրել, համատեղ մարզական միջոցառումներ կազմակերպել, նպաստել մշակութային նախաձեռնություններին, ասենք՝ «կովկասյան օրեր» կազմակերպել՝ ներառելով ֆիլմերի, ներկայացումների ցուցադրումներ, արվեստի փառատոներ, գրական, ազգագրական, հնէաբանական միջոցառումներ՝ նպաստելով համատեղ մշակութային ժառանգության եւ յուրաքանչյուր ազգային խմբի առանձնահատկությունների պահպանմանն ու տարածմանը։ Արդյունքում՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների երիտասարդական ֆորում ձեւավորել, ստեղծել բազմալեզու ինտերնետ? կայք՝ տեղեկատվության արագ փոխանակման համար, նպաստել միջկրոնական երկխոսության զարգացմանը, որը «խաղաղությանն օժանդակելու ճանապարհ է՝ հանուն համընդհանուր բարեկամության»։
Ծրագիրը «ծնվել» եւ իրականացվում է 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո՝ հընթացս ընդլայնելով իր ախարհագրությունը: Իտալական «Rondine Cittadella della Pace» ասոցիացիայի ջանքերով իրականացվող ծրագրի հայաստանյան գործընկերն է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: «Առավոտի» հարցին՝ հանուն ինչի՞ է Կովկասում սեփական քաղաքական շահով չընդգծվող իտալական կողմի շահագրգռությունը, «Rondine Cittadella della Pace» ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարին ասաց. «Եթե կոնֆլիկտներում առկա կետերը զարգացվեն՝ կարող են լուծման հասցնել, հակառակ դեպքում՝ կարող են քանդել, ավերել ամեն ինչ: Միեւնույն տանիքի տակ հավաքելով կոնֆլիկտի սուր կետերում ապրողներին՝ փորձում ենք ստեղծված իրավիճակներից ելք գտնել»: Նա ասաց նաեւ, որ այս նախաձեռնությամբ Իտալիան ապահովագրում է իրեն ներգաղթի խնդիրներից: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ նման բազմաշերտ եւ խորը մշակույթ ունեցող երկրի մտավորականներն ու հասարակական էլիտան չեն կարող անմասն մնալ աշխարհի խնդիրներից: Նրա կարծիքով՝ կովկասյան ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն եւ երկխոսության միջոցով պետք է փորձեն հասնել փոխզիջումների: