Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ հուլիսի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի միանգամից երեք գերեզմանատներում՝ Կենտրոնական, Կաբախախ եւ Մեֆոդիեւսկ, պղծվել են հայկական գերեզմաններ: Վանդալները կոտրել են ընդհանուր՝ 40 գերեզմանաքար: Կոտրվել են նաեւ որոշ ռուսների եւ հույների գերեզմանաքարեր: Հիշեցնենք, որ հայկական գերեզմանների նկատմամբ այսօրինակ վերաբերմունքի դրսեւորումներ սկսվեցին 2002 թվականին: Շատ հաճախ վանդալները կոտրած քարերի վրա ֆաշիստական խորհրդանիշներ կամ ազգայնական արտահայտություններ էին պատկերում: Այս անգամ նման բաներ չկան: Սա նկատի ունենալով՝ իրավապահները հայտարարել են, որ հանցագործությունը ազգայնական բնույթ չի կրում: Հարուցվել է քրեական գործ: