Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարի զեկուցագիրը նախագահին

Հուլիս 27,2010 00:00

Կալանավայրերում բուժսպասարկման մասին

«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել զեկուցագիր՝ կապված քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերի առնչությամբ: Զեկուցագրի հիմքում դրված են այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված դատապարտյալների մահացության տասը դեպքերը: Նախարարը չի թաքցրել, որ որոշ դեպքերում քրեակատարողական հիմնարկների իրավասու պաշտոնատար անձինք եւ քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետները թույլ են տվել խախտումներ: Ըստ մեր աղբյուրի, իրավախախտումների մեջ նշվել են մի քանիսը, մասնավորապես՝ բժիշկ մասնագետների կողմից առնվազն շաբաթը մեկ անգամ դատապարտյալներին այցելելը, բուժհաստատությունների մասնագետների կողմից ոչ ճիշտ ախտորոշումները (ըստ մեր աղբյուրի, օրինակ, «Մալաթիա» բժշկական կենտրոնում տրվել է Ռ. Մարտիրոսյանի առնչությամբ ախտորոշում: Նա չորս ամիս բուժման կուրս է անցել, սակայն հետագայում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից հերքվել է եզրակացությունը): Իրավախախտումներում նշվել է այն, որ հաճախ չի արձանագրվել, թե կոնկրետ հիվանդին որ բժիշկն է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն եւ ինչ հաճախականությամբ:
Զեկուցագրում շոշափվել է նաեւ այն հարցը, որ պատիժը կրելու հետ անհամատեղելի ճանաչված ծանր հիվանդություններով տառապող դատապարտյալների կարգավիճակին առնչվող հարցերը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նիստերում անհարկի ուշացումներով են քննարկման առարկա դարձել: Ի դեպ, արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական վարչությունը, որը կատարել է ուսումնասիրություն, մինչ զեկուցագիրը անդրադարձել էր դատապարտյալ Ս. Կարոյանի միջնորդությանը: Դրան կցվել էր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, ըստ որի՝ վերջինս տառապում է «օրգանական զառանցական (շիզոֆրենոնման) խանգարում հիվանդությամբ եւ կարիք ունի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Մինչդեռ, ըստ նախարարի զեկուցագրի, դատարանը գտել է, որ հոգեբուժական բաժանմունքում բուժումը շարունակելու հիմքերը «պատշաճ ու հստակ» չեն, ինչը առիթ է դարձել, որ հիվանդը դիմել է ինքնասպանության: Նախարարը զեկուցագրում անդրադարձել է բուժսպասարկումը հավուր պատշաճի իրականացնելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությանը, ինչի կապակցությամբ էլ հայտնել է, որ պատրաստվում է դիմել կառավարություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել