Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 70 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՈՒՏ»

Հուլիս 27,2010 00:00

\"\"Օտարալեզու դպրոցների մասին սոցհարցման տվյալների վերաբերյալ վարչապետի պնդումն այսպես է բնութագրել բլոգերներից մեկը:

Հուլիսի 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը 5 հեռուստաընկերությունների տված հարցազրույցում պատասխանելով օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության վերաբերյալ հարցին՝ արեց իրականությանը չհամապատասխանող որոշ պնդումներ: Նախ՝ արդեն երկրորդ անգամ այս կապակցությամբ հրապարակավ պնդեց, թե կառավարության այդ նախաձեռնությունից ենթադրվում է. «Հայաստանում կարող են լինել միջնակարգ դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ կարող են դասավանդվել օտար լեզուներով»: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թղթակիցը նշեց. «Խոսքը ոչ թե որո՛շ առարկաների, այլ բոլո՛ր առարկաների օտար լեզվով ուսուցման մասին է»: Սակայն պրն Սարգսյանը ոչ միայն անարձագանք թողեց այդ դիտարկումը, որը ճշգրտորեն համապատասխանում է ԱԺ ներկայացված օրինագծին, այլեւ հետո թղթակցի ասածն էլ դուրս բերվեց հարցազրույցի այն տեքստից, որը հրապարակված է կառավարության կայքում:
Բացի այդ՝ վարչապետը պատասխանելով նույն թղթակցի դիտարկմանը. «Ես 3-4 հոգուց ավելի մարդ չգտա, որ գար այդ տեսակետը պաշտպաներ մեր եթերում», չհամաձայնեց ու ներկայացրեց իր օրինակը. «Ամերիկյան համալսարանում բլոգերների հետ քննարկման ժամանակ քվեարկություն կազմակերպեցինք, եւ այնպես չէր, որ դահլիճի մեծամասնությունը կողմ էր կամ դեմ։ Դահլիճում կար մի ագրեսիվ մաս, որին ես նույնիսկ ստիպված եղա զրկել խոսքի իրավունքից, որովհետեւ նրանք հնարավորություն չէին տալիս այլ կարծիք ունեցողներին արտահայտվել։ Առանց ձայն տալու բղավում էին, իրենց կարծիքն էին ասում, որ մենք կործանում ենք մեր երկիրը եւ այլն»: Սրան ի պատասխան՝ հունիսի 6-ի այդ հանդիպմանը ներկա եղած «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները հարկադրված էին համացանցում դարձյալ տեղադրել հանդիպման տեսագրությունը, որը կա նաեւ Տիգրան Սարգսյանի բլոգում՝ ապացուցելու համար, թե ասվածը չի համապատասխանում իրականությանը:
Սակայն մեզ առավել հետաքրքրեց վարչապետի հետեւյալ պնդումը. «Մեր հասարակության գերակշիռ մասը կողմնակից է այս տարբերակին եւ մոտավորապես 70%-ը միանշանակ կողմնակից է, որ այս օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա»: Առնվազն հայկական հայտնի կայքերում արված հարցումների տվյալները հակառակի վկայությունն են: Եվ https://kogovit.livejournal.com/ բլոգի հեղինակը վարչապետի այս հայտարարությունը վերնագրելով «70 տոկոսանոց կառավարական սուտ»՝ մեջբերել էր բլոգերների շրջանում անցկացված քվեարկության արդյունքները՝ 64.5%-ը դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը, 31.6%-ը՝ կողմ, 3.9%՝ ձեռնպահ (www.livejournal.com/poll
/?id=1562827):
Փորձեցինք պարզել, թե ո՞վ է վարչապետին հետեւողականորեն նման տվյալներ տրամադրում, ըստ որոնց՝ ժամանակին էլ նաեւ պարզվել էր, թե մեր քաղաքացիներին «մտահոգում է ոչ թե թոշակների եւ աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճն ու փոխարժեքը եւ նույնիսկ ոչ թե ԼՂ-ի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ, առաջին հերթին, մեր քաղաքացիներին մտահոգում է սոցիալական արդարության խնդիրը»: Վարչապետի օգնական Արամ Անանյանին խնդրեցինք տրամադրել այս վերջին պնդման համար հիմք ծառայած հարցումները, եւ օրվա վերջում կառավարության կայքում տեղադրվեց Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) հունիսի 24-27-ն իրականացրած հետազոտության տվյալները, որոնց մասնակցել է 1619 հարցվող: Նշենք, որ սա 2008-ի հոկտեմբերին հիմնադրված կազմակերպություն է, որն իր կայքում նշել է. «IPSC-ի ճանաչվածությունն աճեց 2009թ.-ի մայիսին Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների բացարձակ ճշգրիտ կանխատեսումներից» հետո: Հիշեցնենք, որ այդ հարցումն արվել էր Հ1-ի պատվերով:
Ըստ այդմ՝ Հայաստանի մարզերում հարցվածների 70,1%-ը պատասխանել է, թե դրական է վերաբերվում օտարալեզու դպրոցների բացմանը, իսկ 54,9%-ը՝ բացասական: Ընդհանուր առմամբ՝ 38.1%-ն «ավելի շուտ՝ դրական է» վերաբերվում կառավարության նախաձեռնությանը, 37,4%-ը՝ «միանգամայն դրական», 16,2%-ը՝ «միանգամայն բացասական», 8,3%-ը՝ «ավելի շուտ՝ բացասական»: Դրական պատասխան տվածների 64,2%-ը պատճառաբանելով իր ընտրությունը՝ ասել է. «Օտար լեզու իմանալը կարեւոր է»:
Հետաքրքիր է նաեւ այն, որ IPSC կայքում այժմ անցկացվում է հարցում՝ «Որ
քանո՞վ եք համաձայն, որ ներկայումս օտարալեզու դպրոցների բացման անհրաժեշտություն կա», եւ 26%-ը պատասխանել է. «Լիովին համաձայն եմ», նույնքանը՝ «Ավելի շուտ համաձայն եմ», 25%-ը՝ «Բոլորովին համաձայն չեմ», 16%-ը՝ «Ավելի շուտ համաձայն չեմ»: Այսինքն՝ անգամ այս կազմակերպության կայքէջում չկա այլեւս 70%-անոց արդյունքը, որը ստացվել էր կառավարության պատվերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել