Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 24,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանմեկերորդ

ԿԱՐՃ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Եվ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ մեկն ինձ ըսենց ուշադիր չի լսում՝ ոնց որ դու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ էլ կա, որ ինձ իբր թե ուշադիր լսում ա, բայց մտքի մեջ վրես ծիծաղում ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «հիմի ըսենց ասում-խոսում-ծիծաղում ենք, բայց չես պատկերացնի՝ էդ օրերին հոգեկան ինչ ծանր վիճակի մեջ էի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պատկերացնում եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «որ կնիկդ իրա ձեռով զանգի ու քեզ էդ քամբախն ուղարկի, մենակ էդ վախտ կարաս պատկերացնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խոսքի օրինակ եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «Աստված թող քեզ ըտենց բաներից կարոտ պահի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «նույնիսկ դուշմանիս էդ բանը չեմ ցանկանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «անցած ըլնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անցնելն անցել ա, բայց նստվածքը որոշ չափով մնացել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմի որ էդ օրերը հիշում ու էդ օրերի մասին մտածում եմ, նոր եմ հասկանում, որ մեր էդ ընտանեկան փորձությունն էլ էր Աստծուց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Աստված էդ ձեւով համ ինձ էր փորձում, համ էլ՝ կնոջս» եւ մի քիչ էլ մտածեց ու գոհունակությամբ ժպտալով ավելացրեց՝ «էդքանին որ դիմացանք, մնացած ամեն ինչին կդիմանանք ու կդիմանանք», եւ ես ժպտալով հարցրի՝ «հիմի կնոջդ հետ լավ ե՞ք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավն էն խոսքը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի կնիկս իմ համար իսկական թիկունք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու գոհունակությամբ ավելացրեց՝ «Աստծո էդ փորձությանը որ դիմացանք, էլ մեզ ոչ մի վտանգ չի կարա սպառնա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրկուսս էլ վերջնական հասկացանք, որ առանց իրար ավելի դժվար ա, քան՝ իրար հետ», եւ ես մի բան ասելու համար ասացի՝ «իզուր էլ բաժանվել եք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկու անգամն էլ ինքն ա փաստորեն բաժանվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա ոտով գնացել ա հորանց տուն, իրա ոտով էլ հետ ա էկել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ, էրկու անգամն էլ զոքանչս իրան իմ տնից տարել ա ու էրկու անգամն էլ իրա ձեռով հետ ա բերել», եւ ես ժպտալով ասացի՝ «բա ասում ես՝ զոքանչդ լավ կնիկ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ լավ չըլներ՝ իրա աղջկան իրա ձեռով հետ չէր բերի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էրկու անգամն էլ առանց ավելորդ ղալմաղալի՝ սուսուփուս աղջկան տարել ու սուսուփուս էլ հետ ա բերել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, ինքն էլ ա նույն փորձության մեջով հետներս հավասար անցել», եւ ես հարցրի՝ «աներ չունե՞ս», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ոչ աներ ունեմ, ոչ էլ՝ աներձագ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խեղճ զոքանչս մենմենակ իրա էրկու աղջկերքին մեծացրել՝ իրանց բախտին ա հասցրել», եւ ես ժպտալով ասացի՝ «լա՜վ բախտ ա», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «բախտը լավ ու վատ չի ըլնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մեկիս մեր խաչն ու մեր ճանապարհն ա տրված» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ամեն մեկս մեր ճամփով պիտի գնանք ու մեր խաչը պիտի սուսուփուս տանենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «զոքանչդ էլ ա՞ էդ բաները հասկանում», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «կարող ա չի հասկանում, բայց քանի որ ինքը ճիշտ կնիկ ա, բնազդաբար ճիշտն ա անում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ճիշտ կնիկը ո՞րն ա», եւ Ռաֆոն առանց մտածելու պատասխանեց ու ասաց՝ «ճիշտ կնիկն էն կնիկն ա, որ չի ուզում իրա հարազատ աղջկան մարդուց բաժանել տա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտ կնիկն էն կնիկն ա, որ իրա ձեռով իրա հարազատ աղջկան չի դժբախտացնում», եւ ես ժպտալով ասացի՝ «զոքանչի առումով բախտդ բերել ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու գոհունակությամբ ասաց՝ «ամեն առումով էլ բախտս բերել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կնոջս ու էրեխեքիս առումով էլ ա բախտս բերել» եւ մի քիչ էլ մտածեց ու Թումանյանի արձանի պատվանդանին թխկթխկացնելով ասաց՝ «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ. սատանի ականջը խուլ», եւ ես ժպտալով հարցրի՝ «սատանայից էդքան վախենո՞ւմ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առանձնապես չեմ սարսափում, բայց արդեն հասկացել եմ, որ իմ ու իրա պայքարը վերջ չունի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պայքար, պայքար մինչեւ վերջ», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «իմ ու դրա պայքարն իրոք վերջ չունի», եւ ես ժպտալով հարցրի՝ «էլի պոլերին ձեթ ե՞ս քսում», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ժպտալով ասացի՝ «լուրջ եմ հարցնում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որ լուրջ ես հարցնում, լուրջ էլ կպատասխանեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմի ոչ պոլերին եմ ձեթ քսում, ոչ էլ դաշնամուրն եմ ռանդում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դաշնամուրն արդեն ռանդել՝ պրծել ես», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «հիմի իմ ու դրա պայքարը հիմնականում հեռակա բնույթ ա կրում», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «այսինքն, իրա ոտը մեր տնից կտրել եմ, բայց իրա տհաճ ու զզվելի գոյությունը ժամանակ առ ժամանակ զգում եմ», եւ ես հարցրի՝ «ո՞նց ես զգում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բառերով չեմ կարա բացատրեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ կարամ ասեմ, որ իմ ու դրա պայքարը վերջ չի ունենալու» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մեկ էլ է՛ն կարամ ասեմ, որ իմ ու դրա պայքարը իմ հաղթանակով ա ավարտվելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, մե՛ր հաղթանակով ա ավարտվելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ էս պահի դրությամբ՝ կնիկս ու ես միասնական ուժերով ենք էդ գյոռնափշտիկի դեմ պայքարում», եւ ես ժպտալով հարցրի՝ «կնոջդ հեղափոխե՞լ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ոչ թե հեղափոխել եմ, այլ ընդամենը մի քանի հասարակ բան եմ բացատրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմի կնիկս էդ հարցերն ինձանից հազար անգամ լավ ա պատկերացնում», եւ ես ժպտալով ասացի՝ «քո դաստիարակության արդյունքն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մարդու մեջից չըլնի, դաստիարակությունը ոչ մի նշանակություն չի կարա ունենա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պիտի հիմքն ամուր ըլնի, որ կարենաս վրեն մի պիտանի բան կառուցես», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, ընտանիքիդ հիմքերն ամուր ես դրել», եւ Ռաֆոն Թումանյանի արձանի պատվանդանին թխկթխկացնելով ասաց՝ «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ» եւ մի քիչ մտածեց ու գոհունակությամբ ժպտալով ավելացրեց՝ «էսօրվա դրությամբ, փաստորեն, իմ ընտանիքը հիմնականում կնոջս շնորհիվ ա գոյատեւում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ֆինանսական կողմը նկատի ունեմ», եւ ես հարցրի՝ «չես աշխատո՞ւմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած թե՝ աշխատել ասելով՝ ինչ ես հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կոնկրետ որեւէ հիմնարկում չեմ ծառայում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «այսինքն, կոնկրետ որեւէ հիմնարկից աշխատավարձ չեմ ստանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կինս էլ որեւէ հիմնարկում չի աշխատում, բայց ֆինանսական իմաստով, փաստորեն, լրիվ իրա հույսին ենք», եւ ես հարցրի՝ «որ չի աշխատում, ո՞նց եք իրա հույսին», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ հոգեբանական պաձերժկեն էլ կա, ճիշտ ա, բայց ֆինանսական ու սոցիալական իմաստով լրիվ իրա հույսին ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատում, բայց, փաստորեն, շատ նորմալ ա վաստակում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա վաստակում», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «փող» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ուզում ես ամեն ինչ իմանա՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի բան նորմալ՝ մինչեւ վերջ չես պատմում» եւ ժպտալով ավելացրի՝ «սկսում ես ու կիսատ ես թողում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խանգարում ես. չես թողում՝ հերթով ամեն ինչ պատմեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ խանգարում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ավելորդ հարցեր ես տալիս. մտքիս թելը կտրում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մտքիդ թելը հասել էր էնտեղ, որ ձեր դաշնամուրը ռանդեցիր» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «հետո կինդ զանգեց, ու քեզ երկրորդ անգամ տարան», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ո՞ւր տարան», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ բառը չեմ ուզում ասեմ», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «խի՞ չես ուզում ասես», եւ ես ասացի՝ «որովհետեւ էդ բառից զզվում ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բառից ոչ թե զզվում եմ, այլ սարսափում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, ոչ թե էդ բառից եմ սարսափում, այլ՝ էդ հաստատությունից», եւ ես հարցրի՝ «էդքան սարսափելի ա՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնքանով ա սարսափելի, որ ամեն ինչ սեփական աչքովդ ես տենում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես տենում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «տենում ես, որ աշխարհում քեզանից ավելի դժբախտ լիքը մարդիկ կան», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ են դժբախտ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեկուզ նրանով, որ իրանք տարիներով են էդ անիծված հաստատությունում մնում», եւ ես հարցրի՝ «դու ամենաշատն ինչքա՞ն ես մնացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամսից մի քանի օր պակաս», եւ ես հարցրի՝ «էրկու անգամն էլ ամսից պակաս ե՞ս մնացել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ էրկու անգամ», եւ ես ասացի՝ «ասեցիր, որ էրկու անգամ ես էդ հաստատությունն ընկել», եւ Ռաֆոն ավելի զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ ասել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էսօր», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «էրկու անգամ մենակ կնոջս զանգելով են տարել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էրկու անգամ էլ նախքան ամուսնանալս եմ էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «լրիվ ինքնուրույն» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «սաղ իրար հետ՝ չորս անգամ», եւ ես հարցրի՝ «դաշնամուրից հետո ըտենց դեպք չի էղե՞լ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի վատ դեպքեր էլ են էղել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ դեպքեր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բաժանության», եւ ես ասացի՝ «փաստորեն, էրկու անգամ բաժանվել եք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ես ամեն ինչ անում եմ, որ գաղտնի գործեմ, բայց, փաստորեն, սաղ քաղաքն իմ մասին ամեն ինչ գիտի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ անձնական կյանքիս մանրամասնությունները գիտեն» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ումի՞ց ես էրկու անգամ բաժանվելուս մասին լսել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քեզնից», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ ասել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մի քանի րոպե առաջ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ըսենց խոսացնում՝ խոսք ես քաշում», եւ ես ժպտալով ասացի՝ «չես ուզում՝ մի պատմի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչը որ չպիտի պատմեի՝ արդեն պատմել պրծել եմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչը չպիտի պատմեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեթի ու դաշնամուրի մասին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց լրիվ ուրիշ պատճառներով բաժանվեցինք», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս չպատմես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ չպատմելու բաները պատմել եմ, պատմելու բաներն էլ կպատմեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենակ թե՝ մի խանգարի ու ավելորդ հարցեր մի տուր», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ խանգարի», եւ Ռաֆոն խորը շունչ քաշեց ու պատմեց՝ «դաշնամուրի պատմությունից հետո՝ մի ամսից հետ էկա տուն ու շարունակեցինք միասին ապրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «սկզբնական շրջանում իրար հետ չէինք խոսում, բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ ու ամեն ինչ իրա հունով գնաց՝ մինչեւ մի օր մի հատ էրազ տեսա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էրազ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ավելորդ հարցեր մի տուր. հերթականությամբ պատմում եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ուշադիր լսում եմ», եւ Ռաֆոն շարունակեց՝ «էդ էրազիս մեջ Սուրբը հայտնվեց ու ինձ պատվիրեց, որ կնոջս ընդգրկեմ մեր եղբայրների ու քույրերի խմբում. էրազիս մեջ Սուրբն ինձ ասեց, որ եթե էդ բանն անեմ, մնացած ամեն ինչ լավ կըլնի», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էլի ավելորդ հարցեր ես տալի. ամեն ինչ հերթականությամբ պատմում եմ» եւ մի քիչ մտածեց ու քթի տակ խնդմնդալով շարունակեց՝ «երբ որ զարթնեցի ու էրազս կնոջս պատմեցի, շատ զարմացավ, ավելի ճիշտ՝ գույնը գցեց ու սփրթնեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ու ես հասկացա, որ անօգուտ ա», եւ ես հարցրի՝ «չհամաձայնվե՞ց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ոչ միայն չհամաձայնվեց, այլեւ տուտժե զանգեց մորը, դակլադ տվեց, ու մի ժամից զոքանչս հայտնվեց, կնոջս շորերն ու իրերը լցրին չամադանն ու գնացին իրանց տուն», եւ ես հարցրի՝ «բա խի՞ թողեցիր, որ գնա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ պահի դրությամբ չգիտեի, որ կնիկս էրեխովս էրկուսուկես ամսական հղի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու որ ավելորդ հարցեր ես տալիս, ես էլ ստիպված ավելորդ պատասխաններ եմ տալիս», եւ ես ժպտալով հարցրի՝ «կարելի՞ ա՝ մի հատ էլ ավելորդ հարց տամ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «տուր», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ վիճակում ինչքա՞ն բաժանված մնացիք», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էդ եմ պատմում՝ չես թողում», եւ ես ժպտալով ասացի՝ «թողում եմ. պատմի», եւ Ռաֆոն ժպտալով շարունակեց՝ «ընդամենն էրկու շաբաթ իրանց տունը մնաց ու էրկու շաբաթից մոր ձեռը բռնած՝ սուսուփուս վերադարձավ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ առաջին անգամ էրկու շաբաթով բաժանվեցինք, իսկ երկրորդ անգամ էրկուսուկես շաբաթ տեւեց», եւ ես հարցրի՝ «դատարանով չեք բաժանվել, չէ՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դատարանով բաժանվելու համար նախ պիտի զագսով ամուսնացած ըլնեինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «զագսով չենք պսակվել, բայց հարսանիք, ոնց որ պետքն ա, արել ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հարսանիքից առաջ էլ եկեղեցի ենք գնացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, ամուսնական պատասխանատվության իմաստով եկեղեցին ավելի մեծ նշանակություն ունի, քան՝ զագսը» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «դու եկեղեցով չե՞ս պսակվել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես համ եկեղեցով եմ պսակվել, համ էլ՝ զագսով», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորը եկեղեցին ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր բախտից՝ մենք զագսով պսակված չէինք, դրա համար էլ դատարանով չբաժանվեցինք», եւ ես ժպտալով հարցրի՝ «ընդամենն էրկու շաբաթ չե՞ք բաժանված մնացել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «առաջին անգամ՝ էրկու շաբաթով, իսկ երկրորդ անգամ՝ էրկուսուկես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էրկու շաբաթով բաժանվելը որ բաժանվել համարենք, ուրեմն՝ սաղս էլ մի քանի անգամ բաժանվել ենք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բաժանվելը բաժանվել ա. հեչ կապ չունի՝ մի շաբաթո՞վ ես բաժանվել, թե՝ մի տարով», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա երկրորդ անգա՞մ խի բաժանվեցիք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդքան հետաքրքիր ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որ հետաքրքիր ա, ինչի՞ չես թողում շարունակեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «թողում եմ. շարունակի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «որտե՞ղ էի հասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «հասել էիր էնտեղ, որ էրկու շաբաթ հետո զոքանչդ կնոջդ ձեռից բռնած՝ հետ բերեց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «հետաքրքիր բաները շատ լավ եմ հիշում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու ձեռ ես առնում, բայց մեր բաժանության էդ երկու դեպքերն էլ շատ հետաքրքիր փորձություններ էին», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում ես՝ հետաքրքիր են, բայց չես պատմում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «թողում ե՞ս, որ պատմեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շատ երկարացրինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ավելի լավ ա՝ կարճ տարբերակով պատմեմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կարճ տարբերակով պատմի», եւ Ռաֆոն ժպտալով վերսկսեց՝ «փաստորեն, որ զոքանչս կնոջս ձեռից բռնած հետ բերեց, էդ մեխանիկորեն նշանակում էր, որ իրանք համաձայն էին», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն էին համաձայն», եւ Ռաֆոն հաղթական ժպտալով ասաց՝ «համաձայն էին, որ կինս ընդգրկվեր մեր եղբայրների ու քույրերի էդ խմբում», եւ ես հարցրի՝ «ընդգրկվե՞ց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էն էլ ո՜նց ընդգրկվեց» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դրանից որոշ ժամանակ անց՝ ես էի իրան խնդրում, որ էդ խմբից դուրս գա, բայց արդեն ինքը չէր համաձայնվում», եւ ես զարմացած հարցրի՝ «բայց խի՞ էիր ուզում, որ դուրս գա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր եղբայրներից մեկի հետ շատ փիս վիճել էի ու որոշ ժամանակ մեր էդ հավաքներին չգնացի», եւ ես հարցրի՝ «բայց կինդ գնում է՞ր», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էն էլ ո՜նց էր գնում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «տան գործերն արագ-արագ անում վերջացնում էր, որ իրիկունն էդ հավաքներից չուշանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մի ժամանակ ինքն իմ աղոթքներին արհամարհանքով էր վերաբերվում, բայց որ սկսեց էդ հավաքներին հաճախել, արդեն ինքն էր առավոտից իրիկուն աղոթում ու Բարձրյալից զանազան բաներ խնդրում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էր խնդրում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ հարցրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ միայն խնդրում էր, այլեւ ստանում էր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էր ստանում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ հարցրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «երբ որ ինքն արդեն սկսել էր մոլեռանդորեն աղոթել, իրար հետ, փաստորեն, խռով էինք», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ էիք խռով», եւ Ռաֆոն զարմացած ասաց՝ «ո՞նց խռով չէինք ըլնի. փաստորեն, ես կռվել ու մեր էդ հավաքները բոյկոտում էի, բայց կնիկս պարտաճանաչ ու մենմենակ գնում էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, առանց ինձ՝ բազմաթիվ հավաքների մասնակցեց», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետո, որ արդեն խռով էինք, իրան ասեցի, որ եթե շարունակելու ա գնալ, թող գնա իրա մոր տուն ու մոր տնից ուր ուզում ա՝ գնա», եւ ես ասացի՝ «շա՜տ կոպիտ ես ասել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ կոպիտ չասեի, չէր գնա», եւ ես հարցրի՝ «գնա՞ց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «գնալը գնաց, բայց էրկուսուկես շաբաթից զոքանչս աղջկա ձեռը բռնած՝ հետ բերեց մեր տուն, ու ես իրանց մեծ սիրով ընդունեցի», եւ ես ասացի՝ «շատ ճիշտ ես արել», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ս՝ խի սիրով ընդունեցի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որտեղի՞ց պիտի իմանամ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ մեր էդ երկրորդ բաժանումից հետո՝ ինքը ոչ մի անգամ էդ հավաքներին չէր գնացել», եւ ես հարցրի՝ «կինդ ասե՞ց, որ չի գնացել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ասելն ասեց, բայց ես նախքան իրա ասելն էլ արդեն գիտեի, որ մեր բաժանվելուց հետո ոչ մի անգամ չի գնացել», եւ ես հարցրի՝ «որտեղի՞ց գիտեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «ես մեր եղբայրության մեջ իմ ագենտներն ունեի. զանգում՝ դակլադ էին տալի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես, փաստորեն, մեր եղբայրներից մենակ էդ մեկի հետ էի կռված. մնացածների հետ շատ էլ լավ էի», եւ ես հարցրի՝ «էդ մեկի պատճառով չէիր գնո՞ւմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, հա», եւ ես հարցրի՝ «էդ մեկն ո՞վ էր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ասեմ անունը չեմ հիշում՝ կհավատա՞ս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էնքան աննշան մարդ էր, որ անունն էլ ա մտքիցս թռել», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «որ էդքան աննշան էր, ինչի՞ էիր իրա պատճառով դուս էկել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ո՞նց դուս չգայի. ես չեմ կարա մի տեղ ըլնեմ, որտեղ թշնամի ունեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «թող ինքը դուս գար», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ էրեսը պադոշ էր, ես ի՞նչ կարայի անեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վերջում քո ասածով էղավ», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որ կնիկս իրա ոտով տուն վերադարձավ, ավելի ճիշտ՝ որ զոքանչս կնոջս ձեռը բռնած տուն բերեց, ուրբաթ առավոտ էր, ու էդ իրիկուն մեր եղբայրների հերթական հավաքն էր», եւ ես ժպտալով ասացի՝ «եղբայրների ու քույրերի», եւ Ռաֆոն հիացած նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «ապրես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ուրբաթ օրերն էի՞ք հավաքվում», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ ես անցյալ ժամանակով խոսում. հիմի էլ ենք ամեն ուրբաթ հավաքվում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամեն չորեքշաբթի ու ամեն ուրբաթ», եւ ես ժպտալով ասացի՝ «կներես, որ ավելորդ հարցեր եմ տալիս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հարցնելն ամոթ բան չի. որ չես իմանում՝ պիտի հարցնես»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031