Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը այս տարի կմեկնարկի Ծաղկաձորում՝ օգոստոսի 10-ին: Այն այսուհետեւ կրելու է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: «Լեոնիդ Ենգիբարյանը առանձնահատուկ դերակատարություն է ունեցել մեր մշակութային կյանքում, նա մեզ համար մշտապես հպարտության առիթ է հատկապես մնջախաղի արվեստում: Նա առաջին հերթին մեծ մնջախաղաց էր»,- երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած ասուլիսում ասաց փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը: Նրա խոսքով, փառատոնը մեծ հետաքրքրություն կառաջացնի հասարակության շրջանում, քանի որ ունի դեմոկրատական գաղափարախոսություն. «Ոչ թե մարդկանց զոռով թատրոն ենք բերում, այլ թատրոնը դուրս ենք բերում փողոց»: Պարոն Դադասյանի խոսքով, մասնակիցները փառատոնի 5 օրերի ընթացքում ցերեկվա ժամերին իրենց արվեստը կներկայացնեն Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան՝ փառատոնի բացօթյա բեմում: Ամեն երեկո կկազմակերպվեն վարպետության դասեր, ֆորումներ, քննարկումներ: Արդեն Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ Վահրամ Զարյանը: Նա Մարսել Մարսոյի մնջախաղի միջազգային դպրոցի վերջին աշակերտն է եւ վերջին շրջանավարտը, ով հենց Մարսոյի ձեռքից է ստացել դիպլոմը: Վ. Զարյանը դժվարացավ համեմատել Հայաստանի եւ եւ Ֆրանսիայի մնջախաղի արվեստը. «Օբյեկտիվ չեմ կարող լինել, որովհետեւ ինքս հենց մնջախաղի թատրոնում եմ աշխատել՝ պարոն Դադասյանի ղեկավարությամբ: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ ժանրային առումով Երեւանի մնջախաղի թատրոնը արտասահմանում ամենաներկայանալին է Հայաստանից»: