«Կեչի» պայմանական անունով ֆիլմի պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը՝ իրենց նախագծի մասին:
«Առավոտի»՝ «Կինոն գույք չէ պարտքի դիմաց» հրապարակումից հետո արձագանքել է «Կեչի» պայմանական անունով հայ-ռուսական կինոնախագծի պրոդյուսեր, Միքայել Պողոսյանի հետ սցենարի համահեղինակ Թերեզա Վարժապետյանը: Գրել էինք, որ ՀՀ եւ ԼՂ նախագահների եւ մի շարք պաշտոնատար անձանց աջակցությամբ ղարաբաղյան թեմայով լիամետրաժ ֆիլմ նկարող ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն վերջին 10 տարում չի էլ եղել Հայաստանում ու Ղարաբաղում:
Թ. Վարժապետյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ մշակույթի նախարարին կից կինոյի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Պողոսյանը չի մասնակցել իր սեփական ֆիլմի քվեարկությանը. նաեւ «Թե ինչ կարգավիճակ ունի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհուրդը, տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ քվեարկության ժամանակ Միքայել Պողոսյանը ներկա չի եղել, որովհետեւ կոռեկտ չէ սեփական ֆիլմի քվեարկությանը մասնակցել: Կարծում եմ, չարժե մարդուն մեղադրել նրա համար, որ հանդիսանալով հանձնաժողովի անդամ, միաժամանակ երկրի մշակութային էլիտայի ներկայացուցիչ լինելով՝ ֆիլմ է նկարում, հավակնում է ինչ-ինչ գրանտների: Եթե մշակույթի նախարարը ռեժիսոր լիներ եւ ֆիլմ նկարեր, դա արդեն տարօրինակ կլիներ: Իսկ գեղարվեստական խորհուրդը ընդամենը խորհրդակցական մարմին է: Նման բաներ տեղի են ունենում ամեն երկրում»: Թ. Վարժապետյանն ասաց, որ ֆիլմի «պոստպրոդաքշնը» կարվի Ռուսաստանում՝ ռուսական փողերով. «Ես շատ եմ ուզում հասնենք նրան, որ հայկական եւ ռուսական կինոյի միջեւ անջրպետները վերանան: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին՝ գոհ ենք, նաեւ մեզ անվճար տեխնիկա են տրամադրել»:
«Առավոտի» դիտարկմանը, որ ֆիլմի ռեժիսոր Բելյաուսկենեն վերջին 10 տարում չի եղել Արցախում եւ Հայաստանում, հայտնի ռեժիսոր չէ, որ այդ «բացն» իր տաղանդով փոխհատուցի, հետեւաբար ինչքանո՞վ է կոմպետենտ ղարաբաղյան թեմայով ֆիլմ նկարելու, տիկին Վարժապետյանը պատասխանեց. «Մենք ֆիլմ չենք նկարում ղարաբաղյան կոնֆլիկտի մասին, նկարում ենք կինո՝ այն մարդկանց մասին, ովքեր 20 տարի առաջ այդտեղ կռվել են: Դա կինո է մարդկանց մասին… Մենք երկու ամիս ենք ծախսել շփվելու համար այն մարդկանց հետ, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին: Շփվել ենք Կոմանդոսի, այլոց, սովորական մարդկանց հետ: Մայիսի 9-ին էլ նրանց հետ ենք եղել, փորձել ենք առավելագույնս հասկանալ, թե ինչի միջով են նրանք անցել: Օրինակ, «Հետնախորշերի միլիոնատերը» հնդիկ չի նկարել, չէ՞: Ինչու պիտի հնդիկների մասին հնդիկը նկարի, ֆրանսիացիների մասին՝ ֆրանսիացին… Այդ ռեժիսորը (Բելյաուսկենեն- Գ. Հ.) սիրահարված է Հայաստանին»:
Նկատեցինք, որ նա առաջին անգամ է լիամետրաժ ֆիլմ նկարում՝ այն էլ այդպիսի նուրբ թեմայով: Թ. Վարժապետյանն ասաց, որ չի հիշում, թե ռեժիսորը քանի լիամետրաժ ֆիլմ ունի: Մենք համացանցում փնտրեցինք Բելյաուսկենեի ֆիլմերը, պարզվեց, որ նա նկարել է 3 կարճամետրաժ ֆիլմ՝ «Рыбалка», «Апельсин», «Печатников переулок, дом 3», մեկ սերիալ՝ «Запасной инстинкт» եւ մի ամանորի հեքիաթ՝ «Сокровище: страшно новогодняя сказка», ընդ որում, նշվածներից որոշները՝ Եվգենի Վասկեւիչի հետ: «Առավոտի» հարցին, եթե իր որդին մասնակցած լիներ պատերազմական գործողությունների եւ ինքը սեփական մաշկի վրա զգացած լիներ այդ ծանրությունը, էլի՞ կնկարեր ֆիլմը, որտեղ հայերը ադրբեջանցու գերեզմանին ծառ են տնկում, այսինքն՝ կցուցաբերե՞ր նման հանդուրժողականություն, Թ. Վարժապետյանը պատասխանեց, որ համատեքստից մի կտոր պոկելը կամ դեռ չավարտված ֆիլմի սյուժեն պատմելը ճիշտ չէ եւ կարող է միանշանակ չընկալվել. «Ի վերջո, մենք ամեն ինչ արել ենք հոգեւոր առաջնորդի օրհնությամբ: Ես այդ ցավը գիտեմ՝ ընկերուհուս տղայի օրինակով, նա դիրքերում է, իսկ մայրը օրեցօր ծերանում է: Մենք ուղղակի ուզում ենք ներկայացնել, թե ինչպես է պատերազմն անցնում մարդկանց կողքով եւ խորը հետք թողնում… Նաեւ ուզում ենք, որ ֆիլմը անկեղծ լինի, ու մեր ստեղծագործական խմբին չբաժանեն ռուսների եւ հայերի»:
Ինչ վերաբերում է մեր հրապարակման մեջ նշված Նիկուլինի՝ գերմանացի եւ ռուս հետախույզների մասին դրվագին, այն ֆիլմում չի տեղայնացվի, սցենարի համահեղինակ-պրոդյուսերը փոշմանել է, իսկ ցուլ մորթելու վերաբերյալ Ծատ Կարենի (Ծատուրյան) հայտնի պատմությունը չի կրկնվի: Վարժապետյանի խոսքով. «Մեր միսմորթն այլ կերպ է լինելու՝ իբրեւ հին հայկական ավանդույթ»: