Մասնագետների կարծիքով, դրանից կշահեն բանկերը
Կառավարության նախաձեռնած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է արտարժույթի փոխանակման կետերի եւ գրավատների պետտուրքերի դրույքաչափերը աստղաբաշխական թվերի հասցնել, մտահոգել է ոչ միայն այդ գործունեությամբ զբաղվողներին: Նախատեսվող փոփոխությունները խիստ անհանգստացրել են նաեւ մի շարք հ/կ-ների: Մասնավորապես՝ «Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոնը», որը զբաղվում է ֆինանսական կազմակերպությունների խորհրդատվությամբ եւ շահերի պաշտպանությամբ, ուսումնասիրել է օրենքի նախագիծը, դաշտում մոնիտորինգ կատարել եւ համոզվել, որ կառավարությունը որոշել է վերջնականապես մեր երկրում «բնաջնջել» փոքր ու միջին բիզնեսը: Օրինակ՝ այսօր արտարժույթի փոխանակման կետերը տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրք են վճարում, նշյալ նախագիծն ընդունվելուց հետո պետք է վճարեն 1 միլիոն դրամ: Իսկ գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամը դառնալու է 6 միլիոն:
Ըստ հ/կ-ի ուսումնասիրության, այն գրավատները, որոնց վարկային պորտֆելը կազմում է մինչեւ 50 միլիոն դրամ (դրանք հանդիսանում են ամբողջ գրավատների գերակշռող մասը), չունեն բավարար եկամտաբերություն, որպեսզի վճարեն պետական տուրքի նախատեսվող դրույքաչափը: Սա նշանակում է, որ գրավատների զգալի մասը չի կարող դիմակայել «պետական բեռի» նման ճնշմանը եւ հարկադրաբար կփակվի: Եվ եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր գրավատանն աշխատում է 5-10 մարդ, պարզ է, որ մեծ թվով գրավատների փակվելու արդյունքում՝ մեր երկրի առանց այդ էլ գործազուրկների մեծ բանակը կհամալրվի մի քանի հարյուրով: «Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոնի» նախագահ Հրանտ Նալբանդյանի ներկայացմամբ՝ նման վարչական մեթոդով գրավատների քանակի կրճատման արդյունքում կթուլանա մրցակցությունը, ինչն էլ կհանգեցնի տոկոսադրույքների զգալի աճին. «Նման իրավիճակ տեղի ունեցավ 2009-ին, երբ տարվա սկզբից առեւտրային բանկերի զգալի մասը դադարեցրեց ոսկու գրավով վարկերի տրամադրումը: Իսկ մարտին փոխարժեքի կտրուկ բարձրացման արդյունքում մի քանի խոշոր գրավատների միաժամանակյա փակվելու արդյունքում տոկոսադրույքը 5%-ից բարձրացավ մինչեւ 15% եւ այդպես պահպանվեց մի քանի ամիս շարունակ: Գրավատների պետտուրքի 60 անգամ բարձրացման հետեւանքով տոկոսադրույքն անպայման կբարձրանա, քանի որ գրավատները կփորձեն տուրքի մեծության զգալի տարբերությունը փակել ի հաշիվ սպառողների»: Հ. Նալբանդյանի խոսքերով՝ եթե անգամ տոկոսադրույքները բարձր լինեն, միեւնույն է, վարկառուների քանակը չի նվազի, ազգաբնակչության մի ստվար զանգված, սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, այնուհանդերձ, շարունակելու է օգտվել գրավատների ծառայությունից: Եվ չի բացառվում, որ հարյուրավոր մարդիկ պարզապես չկարողանան փակել վարկերը եւ մնան տոկոսի տակ:
Ինչ վերաբերում է փոխանակման կետերին, ապա «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող օրինագիծը ոչ թե խրախուսում է դրանց գործունեությունը, այլ կրկին խոչընդոտում, դեռ մի բան էլ փորձ է արվելու «կոնտրոլի տակ» պահել արտարժույթի կուրսը: Այսինքն՝ «չենջերի» մեծ մասը չի կարողանա վճարել նախատեսված 1 միլիոն դրամ պետտուրքը, ուստի գրավատների պես, պարզապես կփակվի: Դաշտում կմնան մի քանի խոշորները, որոնք կառավարելի կլինեն ԿԲ-ի կողմից: Նման պարագայում դաշտում ուղղակի մրցակցություն չի լինի, այս ոլորտն էլ կմոնոպոլիզացվի, փոխարժեքի մարժան կմեծանա:
Խորհրդատվական կենտրոնի ներկայացրած մտահոգություններից է նաեւ այն, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում գրավատների եւ փոխանակման կետերի համար նախատեսվող տարեկան պետական տուրքի փոփոխությունների ընդունումը կհանգեցնի դոլարիզացիայի մակարդակի բարձրացմանը, հարկային մուտքերի կրճատմանը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ավելացմանը: Այսինքն՝ օրենքն ընդունելուց հետո, մենք փողոցներում կրկին կհանդիպենք մարդկանց, որոնք մեր ականջի տակ գաղտնի եւ գայթակղիչ ձայնով կասեն՝ «դոլար ունե՞ք, դոլար առնեմ, դոլար ծախեմ»:
Հ/կ-ն նամակ է ուղղել ԱԺ նախագահին ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովին: Նամակում ոչ միայն վերոնշյալ մտահոգություններն են ներկայացված, այլեւ հորդորվում է վերանայել գրավատների եւ փոխանակման կետերի համար նախատեսվող պետական տուրքի դրույքաչափը: Դատելով նրանից, որ արդեն 1 ամիս է անցել եւ ԱԺ-ից մինչ օրս հ/կ-ն ոչ մի պատասխան չի ստացել, ապա կարելի է ենթադրել, որ օրենքի նախագիծը ԱԺ-ի համապատասխան ոլորտի պատասխանատուների սրտով է: