«Ձեր ընկերությունը, չգիտես ինչու, հրապարակային վայրում գովազդ է տեղադրում, որի վրա հայերեն բառերը պատկերված են լատինատառ»,- «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Էդգար Առաքելյանի այս նամակին ICON ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն օրերս մասնավորապես պատասխանել է. «Իհարկե, հայերենի պահպանումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ պայքար է մշակույթի պահպանման ու զարգացման գործում, ուստի ես շնորհակալ եմ նաեւ Ձեր հայտնած մտավախության համար, որը վերաբերվում է լատինատառ հայերեն մտքին մեր՝ օպերայի շրջակայքում տեղակայված պաստառների վրա: Ես, իհարկե, անձամբ շատ եմ կարեւորում հայերեն լեզվի պահպանումն ու ճիշտ օգտագործումը: Մեծանալով Լիբանանում, Իրանում եւ ԱՄՆ-ում՝ ես, ցավոք, չեմ հաճախել հայկական դպրոց: Չնայած որ մենք տանը բացառապես խոսում էինք հայերեն, ես հայերեն կարդալ չգիտեի ընդհուպ մինչեւ իմ առաջին այցելությունը Հայաստան՝ 1992թ.-ին (նույնիսկ հիմա ինձ համար դժվար է գրել հայերեն): Ինչեւիցե, ես հստակ որոշել էի, որ իմ երեխաները չեն անցնի նույն փորձառության միջով: Արդյունքում իմ երկու զավակներն էլ Սան Ֆրանցիսկոյում ուսանել են հայկական դպրոցում մինչեւ մեր Հայաստան տեղափոխվելը եւ ներկայումս էլ սովորում են տեղի հայկական դպրոցներից մեկում: Դեռ ավելին, 2008-ին ԱՄՆ-ից մեր տեղափոխման հիմնական պատճառներից մեկն էլ հենց երեխաների համար 100% հայկական միջավայրում մեծանալու հնարավորություն ստեղծելն էր:
Ինչ վերաբերում է մեր վերջին գովազդին, ապա առաջին հերթին կցանկանայի նշել, որ ամեն պաստառի հակառակ կողմում գրված է նույն գովազդի հայատառ տարբերակը, այլ կերպ ասած՝ մենք լատիներեն տառերը հաղորդակցման հիմնական միջոց չենք դարձրել: Երկրորդ, ինչպես գիտեք, այդ պաստառները փակցված են կենտրոնական տեղերում, ուր շատ զբոսաշրջիկներ են լինում: Նրանցից շատերն այցելում են հայրենիք՝ ունենալով հայկական արմատներ, սակայն չունենալով հայերենի իմացություն: Մենք այդ գովազդով փորձեցինք իրենց մեզ մի փոքր ավելի մոտեցնել՝ տալով իրենց հնարավորություն կարդալու լատինատառ հայերեն ու բաժնեկցել այդ բառերի իմաստն իրենց ընկերների, բարեկամների եւ այլոց հետ»: