Կարծում է Աշոտ Մանուչարյանը
– Ինչպե՞ս եք գնահատում Կարապետ Ռուբինյանի քայլը:
– Կարապետ Ռուբինյանն, անկասկած, փորձում է հասնել դրական քաղաքական նպատակների՝ մաքրել քաղաքական համակարգի մի հատված, դարձնել այն ավելի շիտակ, գործունեությունը՝ ավելի արդյունավետ: Սակայն արդյոք կատարած քայլերը բերո՞ւմ են նշված նպատակներին: Իսկ չե՞ն կարող նրանք լրիվ այլ, անգամ հակառակ նպատակների բերել:
Այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, այն խորը ճգնաժամը, որում հայտնվել է ողջ քաղաքական համակարգը, քաղաքական գործչից պահանջում է ոչ միայն (նույնիսկ ոչ այնքան) շիտակություն եւ խիզախություն, որքան պատասխանատվություն: Ինչքանով պատասխանատու կկարողանա գործել Ռուբինյանը՝ ցույց կտա ժամանակը:
– Ժողովրդավարության ջատագով եւ առաջամարտիկ ընդդիմադիր քաղաքական ուժը՝ ՀՀՇ-ն, հայտնվել է մի իրավիճակում, երբ վարչության ընտրություններն են կեղծիքներով անցնում: Ի՞նչ եզրահանգումներ անել:
– Անկախ նրանից, թե ինչքանով ճշգրիտ է Ռուբինյանն իր գնահատականներում, նման հայտարարությունը հնարավոր չէր լինի ընկերական, ապարատային խարդավանքներից զուրկ մթնոլորտում: Նման մթնոլորտի բացակայությունը, հակառակ պատկերի առկայությունը ախտանշաններն են հայկական ողջ քաղաքական համակարգի՝ թե պետական, թե կուսակցական: Ինչպես վերը նշեցինք՝ Հայաստանում վերացել է քաղաքականությունը, այն է` նոր իրականության եւ դեպի այն տանող ճանապարհների պատկերացում եւ իրականացում: Այն վերածվել է զուտ տնտեսական շահերի, հարստություն կուտակելու լծակների համար պայքարի, անձերի եւ կուսակցությունների անվան տակ գործող տնտեսական շահերի խմբակների պայքարի:
Եվ հարցը շատ կտրուկ է դրված. կամ կուսակցությունները կկարողանան հիմնովին վերակառուցել իրենց էությունը, կամ նրանք կվերանան ասպարեզից՝ տեղը զիջելով ընդհանրական նպատակների ձեւավորման եւ իրականացման այլ համակարգերի:
– Հայաստանում արտահերթ ընտրությունների նախադրյալներ կա՞ն:
– Եթե «ընտրություններ» ասելով հասկանում ենք այն, ինչ տեղի է ունենում որեւէ եվրոպական երկրում կամ ԱՄՆ-ում, այսինքն՝ երբ չկան լցոնումներ, ծեծուջարդ, հանձնաժողովների անդամների առեւանգումներ, ապա այդպիսիք Հայաստանում կարող են լինել միայն արտահերթ: Արտահերթ, այսինքն՝ մի որեւէ ֆորս-մաժորի (հեղափոխություն, պալատական հեղաշրջում եւ այլն) հետեւանք, երբ լրիվ կամ մեծ մասով ոչնչացված կլինեն երկար տարիների ընթացքում ձեւավորված ընտրությունների կեղծման մեխանիզմը եւ համակարգը: Սակայն իրական ընտրություններ, այսինքն՝ երբ մարդը պատկերացնում է՝ ինչպես է ուզում ձեւափոխել իր կյանքը, իրականության ինչպիսի նոր պատկեր ստանա, այդպիսի ընտրությունները բացառված են այս հնացած եւ արդեն մարող արեւմտյան քաղաքակրթությամբ ձեւավորված աշխարհում: