Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԷԼ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՀՈՂ ՏՎՈՂ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ»

Հուլիս 24,2010 00:00

\"\"Իր բլոգում գրել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը

– Ձեր բլոգում օրերս հանդիպեցի հետեւյալ մտքերին. «Կռվի տարիներին էլ էր սենց:
Մարդիկ գործ էին անում, բանակ սարքում, պատերազմ հաղթում, մի քանի պոռոտախոսներ հայրենասիրությունից էին խոսում:
Բան չի փոխվել:
Պատերազմ հաղթած ու խաղաղության արժեքը իմացող նախագահը խոսք ա ասում, սրանք վայնասուն են բարձրացնում:
Սրտները պատերազմ ա ուզում, որ ծանոթ ճարեն՝ բանակից թռնեն, Էրեւանի պատերի տակ հերոսներից բամբասեն, իրանց չտեսած կռիվներից պատմեն՝ սրան-նրան խաբելով, թե իրանք էլ կռիվ են տեսել:
Մենք էլ, որ խաղաղություն ենք ուզում, հող տվող ենք դարձել…
Իրանց պատկերացրած հայրենասիրությունը Լեւոնին կպնելն ա, անՎազգեն Հայաստանում հերոս խաղալը, Վանոյի ներկայությամբ մուկ դառնալը, նրա բացակայությամբ՝ քաջնազարություն անելը:
Շակալների ոհմակ ա, որ առյուծի գլուխ ա կորցրել…»: Ո՞ւմ նկատի ունեք յուրաքանչյուր դեպքի համար:
– Հայտնի ելույթից հետո, որը տեղի ունեցավ ՀՀՇ վերջին համագումարում, նրան սկսեցին մեղադրել հող հանձնելու մեջ, մեղադրեցին ադրբեջանա-թուրքական ալյանսին ծառայելու մեջ եւ այլն: Իմ բլոգային նյութը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնք հայրենասիրական դիրքերից պիտակներ են կպցրել առաջին նախագահին, նրա խոսքերին: Գրեթե համոզված եմ, որ նրանք մարդիկ են, որ, Աստված մի արասցե, հնարավոր պատերազմի դեպքում ամեն ինչ անելու են ճակատ չմեկնելու համար:
– Վերջերս «Միասին» շարժման երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ եթե Ադրբեջանը չընդունի այն սկզբունքները, որ ընդունում են միջնորդները եւ Հայաստանը, Ղարաբաղի հարցի լուծման այլ ելքեր կան: Ձեր կարծիքով՝ որո՞նք են այդ այլ ելքերը, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի՝ ելք կարող է լինել, օրինակ, Ղարաբաղի միջազգային ճանաչումը:
– Ղարաբաղի միջազգային ճանաչում այս պահին չի կարող լինել, դա ուղղակի իրատեսական չէ եւ, դժբախտաբար, չի տեղավորվում այն իրավաքաղաքական կոնտեքստի մեջ, որը առաջացել է միջազգային կառույցների ընդունած տարբեր բանաձեւերի արդյունքում: Այլ խնդիր է, որ եթե կարգավորման գործընթացը վիժեցվում է, հակամարտության երկու անմիջական սուբյեկտները կանեն քայլեր, որոնք կմեծացնեն լարվածությունը տարածաշրջանում, կմեծացնեն պատերազմի հավանականությունը: Խոսքս վերաբերում է թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի ղեկավարությանը: Միակ ելքը, որի մասին հասկացնում է Հայաստանի իշխանությունը, որը ես տեսանելի եմ համարում, դա Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումն է, սակայն այս պահին ես այդ քայլը համարում եմ ոչ արդյունավետ, ոչ համարժեք:
– Դուք որեւէ հիմք ունե՞ք պնդելու, որ նման քայլը հնարավոր է:
– Քիչ հավանական եմ համարում: Հավանաբար, Սերժ Սարգսյանը որոշել է Ադրբեջանի ղեկավարների ագրեսիվ հայտարարություններին պատասխանել նման ձեւով, այսինքն՝ խոսել «այլ ելքերի» մասին, բայց, կարծում եմ, սա հայտարարության մակարդակում էլ կմնա, եւ Հայաստանը, գոնե մոտ ապագայում, միակողմանիորեն Ղարաբաղի անկախությունը չի ճանաչի:
– Ի դեպ, ագրեսիվ հայտարարությունների հետ կապված՝ սահմանային գոտում հրադադարի խախտման դեպքերը կազմակերպողին Ալիեւը հերոսի կոչում տվեց, ի՞նչ է ուզում ասել դրանով:
– Դա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահը պետական մակարդակով խրախուսում է պատերազմական տրամադրությունները իր երկրում: Սա շատ բացասական հետեւանքներ կարող է ունենալ եւ շատ բացասաբար կազդի ղարաբաղյան հարցի կարգավորման խաղաղ գործընթացի վրա:
– Իմ տպավորությամբ, քաղաքական ուժերը բավականին ակտիվ պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, օրերս էլ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նորից ասաց, թե ժողովուրդը այլեւս ժամանակ չունի սպասելու հերթականին:
– Ժողովուրդը փոփոխություններ է ուզում, ժողովրդի ուզած փոփոխությունները շատ օբյեկտիվ են, բնական են, այդ փոփոխություններն առաջին հերթին պիտի անդրադառնան մարդկանց կյանքի որակի վրա: Եվ, բնականաբար, երբ մարդիկ խոսում են փոփոխությունների մասին, առաջին հերթին պատկերացնում են նախագահական ընտրություններ: Եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, Հայաստանում չեն լինելու արտահերթ ընտրություններ, իսկ այսպիսի իրավիճակի հավանականությունը կարող է կապված լինել միայն ԼՂ խնդրի հնարավոր զարգացումների հետ: Եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն էլ, ապա ընդամենը 1,5 տարի հետո երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եւ շատ բնական եմ համարում, որ քաղաքական ուժերը սկսել են պատրաստվել այդ ընտրություններին:
– Մենք այսօր ունենք մի քանի տեսակի ընդդիմություն, տարբեր «թեւերով եւ գլուխներով»՝ ինչպես ընդունված է ասել: Չե՞ք կարծում, որ այս բազմադեմ ընդդիմությունները ընտրությունների ժամանակ խանգարելու են իրար եւ, փաստորեն, անկախ իրենցից, աշխատելու են հօգուտ իշխանության: Հնարավոր համարո՞ւմ եք երբեւէ ունենալ միավորված ընդդիմություն:
– Ընդդիմության միավորման թեզը միշտ համարել եմ արհեստական, հիմա էլ համարում եմ արհեստական, որովհետեւ չեմ պատկերացնում, թե ինչպես են մեկ բլոկում գտնվելու, ենթադրենք, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը»: Սա ուղղակի անհնար է այն օրակարգի համատեքստում, որ առաջադրել են այս երեք ուժերը: «Ժառանգությունն» իր վերջին համագումարում այդպես էլ չհստակեցրեց, թե ինչ է ուզում, իսկ ՀՅԴ-ն հասարակական գիտակցության մեջ առայժմ չի ընկալվում որպես ընդդիմադիր ուժ: Այո, ընդդիմադիր մի քանի ֆորմատներ են մասնակցելու ընտրություններին, բլոկային մասնակցություն չի լինելու, բայց, կարծում եմ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժի կարգավիճակում է լինելու ՀԱԿ-ը, մնացյալ ընդդիմադիր կուսակցությունների՝ խորհրդարանում հայտնվելու հավանականությունը համարում եմ չափազանց փոքր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել