Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 25-35%-ը ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ՉԷ»

Հուլիս 24,2010 00:00

\"\"ՀՀ երեք նախագահներին հարցնում է ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը

– Հայ մարդու բարեկեցությունը, Հայաստանի տնտեսական զարգացումը ՀՀ առաջին նախագահը կապեց արցախյան եւ հայ-թուրքական հարցերի կարգավորման հետ: Ընդունո՞ւմ եք:
– Արցախյան հակամարտության կարգավորումը՝ տարիներ շարունակ շրջանառվող, այսօր 6 սկզբունքների տեսք ստացած առաջարկով, Հայաստանի քաղաքացուն եւ Հայաստանը հետ է մղելու 93-94 թվականները: Դա բերելու է կամ պատերազմի վերսկսման, կամ Արցախը Ադրբեջանին «փոխզիջելուն», բնականաբար՝ առանց հայերի: Ի՞նչ տնտեսական զարգացում կամ ժողովրդագրական վիճակի բարելավում կարելի է ակնկալել պատերազմից կամ Արցախը Ադրբեջանին խաղաղ հանձնելուց: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա նրանք, ովքեր կողմ են «առանց նախապայմանների» տարբերակին, համաձայնվել են ամենասոսկալի նախապայմանին՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի քաղաքական, տնտեսական, ֆինանսական, հոգեւոր- մշակութային ազդեցության գոտի՝ «ձեռի հետ» դուրս մղելով Հայաստանից Ռուսաստանին: Սա չի կարող լինել տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման ուղի:
– Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱԿ առաջնորդը այդ տեսակետին:
– ՀՀ առաջին նախագահի մոտ դա համոզմունք է, իսկ ցանկացած համոզմունք պետք է հարգել: Բայց կան նրան երկրորդողներ, որոնց խորհուրդ կտայի ուշադիր կարդալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վեց սկզբունքները, հայ-թուրքական արձանագրությունները եւ մտովի պատկերացնել դրանց գործնական կիրառումը այսօր, եւ եթե դրանից հետո էլ շարունակեն նույնը, ուրեմն կա միտում կամ պատվեր:
– Ի՞նչ միտում կամ ի՞նչ պատվեր:
– Համոզված են, որ դա Ս. Սարգսյանին հրաժարական պարտադրելու եւ իշխանափոխության հասնելու ամենակարճ ճանապարհն է: Իսկ պատվեր ասելով, նկատի ունեմ այն արտաքին կենտրոններին, որոնք հայ ազգի համար կարեւորագույն այդ երկու խնդիրների հակահայ «կարգավորողներն» են:
– Իսկ ՍԴՀԿ-ն իշխանափոխություն չի՞ ուզում:
– Իհարկե՝ ուզում է: Բայց նախ՝ ոչ նոր պատերազմի հրահրման կամ Արցախը թշնամուն հանձնելու գնով: Եվ երկրորդը՝ ՍԴՀԿ-ն համոզված է, որ չպետք է պայքարել հետեւանքների դեմ, այլ պետք է վերացնել դրանց ծնող պատճառը: Իսկ պատճառը դեռ 91-ից Հայաստանում ներդրված լիբերալ կառավարման համակարգն է: Այդ համակարգը պետք է երկրում հաստատեր անհավասարություն, անարդարություն, կոռուպցիա, աղքատություն, գործազրկություն, ստեղծեր թալանով գերհարստացած մարդկանց մի փոքրիկ խումբ եւ խթաներ արտագաղթը: Համակարգն է այս բոլոր քայքայիչ երեւույթների առաջացման եւ արմատավորման պատճառը, ոչ թե պատերազմը եւ Արցախը: Հաղթանակը եւ Արցախի ազատագրումը կարող էին եւ պետք է դարձվեին համահայկական միասնության կայացման եւ Հայաստանի սրընթաց զարգացման հիմնական գործոններ: Սակայն տեղի ունեցավ ուղիղ հակառակը: Արցախը կարող է եւ պետք է իր վրա վերցնի Հայաստանի պարենային ապահովման 25-35%-ը: Թե ինչո՞ւ այսօր այդպես չի, պետք է հարցնել ներկա եւ նախկին նախագահներին: Հայության թշնամիները կամ նավթային բիզնեսի նվիրյալները մեզ միտումնավոր հասցրել են մի խայտառակ իրավիճակի, երբ մեր իսկ գործիչները Արցախը, բնականաբար, նաեւ հաղթանակը, ներկայացնում են Հայաստանի զարգացման խոչընդոտներ եւ արտագաղթի պատճառներ: Դա նաեւ թուրք-ադրբեջանական 15-ամյա բարբաջանքն է:
– Ո՞րն է իշխանափոխության ձեր ճանապարհը:
– ՍԴՀԿ-ն համարում է, որ Հայաստանում պետք է իրականացվի լիբերալից սահուն անցում դեպի սոցիալ-դեմոկրատիա: Սահուն, որովհետեւ նախորդ «ցնցումային» բոլոր փորձերը միայն քայքայել են երկիրը եւ թուլացրել Արցախը: Համակարգի փոփոխություն՝ սա է տնտեսական զարգացման, դեմոգրաֆիկ վիճակի բարելավման, արդար կառավարման հաստատման, բարեկեցության ապահովման, համերաշխության եւ հավատի մթնոլորտի ստեղծման միակ ուղին: Իրական իշխանափոխությունը սա է, ոչ թե անձի փոփոխությունը: Երեք՝ իրարից խիստ տարբեր նախագահներ ենք ունեցել: Իշխանափոխություն եղե՞լ է: Իհարկե՝ ոչ:
– Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ ղարաբաղյան խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Համակարծի՞ք եք:
– Ոչ: Այդ բանալին Հայաստանի ձեռքին է, եւ նա անպայման պետք է հաշվի առնի իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կարծիքը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ Հայաստանը նախ պետք է հաշվի առնի Սփյուռքի պահանջը: Իսկ դա միանշանակ է՝ քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր ցեղասպան կարգավիճակը, ոչ մի հարաբերություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել