Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԿԻՆՈՖՈՐՈՒՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հուլիս 23,2010 00:00

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրը տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում է, որ իրականացվում է ամեն տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում: ՌԱՍ-ը խթանում է տարածաշրջանային համատեղ արտադրությունը կինոյի ոլորտում, եւ միավորում է Կովկասի եւ շրջակա երկրների կինոնախագծերի ռեժիսորներին եւ պրոդյուսերներին: Վերջերս ֆորումի շրջանակներում իրականացվեց երկու հիմնական ծրագիր. ՌԱՍ սցենարի եւ նախագծի զարգացման դասընթացը, որ 10 նախագիծ հրավիրեց տարածաշրջանի երկրներից (մասնավորապես՝ Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան), եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ՝ կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմերի զարգացման դասընթացը, որ նպատակ ունի զարկ տալ հայ-թուրքական կինոնախագծերի իրականացմանը:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի զարգացման դասընթացը հյուրընկալեց Մալեք Ուլագայ Թայլանին՝ Թուրքիայի «Այանս 21» ընկերությունից եւ ֆրանսիական «ԲՈԱ Ֆիլմս» ընկերության ներկայացուցիչ Ջեննիֆեր Սաբբահին՝ որպես դասախոսներ, ինչպես նաեւ Չիգդեմ Մատեր Ուտկուին՝ «Անադոլու Կուլտուրից»: ՀԹԿՊ-ի օրակարգը ներառեց նաեւ Ֆաթիհ Աքինի, Սեմիհ Կապլանօղլուի եւ Սերժ Ավեդիքյանի դասախոսությունները: ՀԹԿՊ նախագծերի մրցութային ներկայացումները տեղի ունեցան հուլիսի 14-ին: Հարութ Կբեյանի «Տոհմածառ» (Հայաստան) նախագիծն արժանացավ $3000-ի զարգացման դրամաշնորհի, իսկ Ջանայ Օզդենի «Տիկնիկային թատրոն» թուրքական եւ Նիկոլ Պեզճյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ»՝ հայ-լիբանանական նախագծերը՝ $2000-ի: ՌԱՍ ֆորումի նախագծերի մրցույթի արդյունքում $5000-ի չափով դրամաշնորհ ստացավ թուրք ռեժիսոր Բարիշ Հանցիոգուլլարին՝ իր «Լեյլա, եւս մեկ անգամ» նախագծի համար: Իսկ Դավիթ Մաթեւոսյանի եւ Արթուր Սարգսյանի «Վրիպում» նախագծին հնարավորություն տրվեց մասնակցելու Իտալիայի «Մայա» դասընթացին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել