Ֆրանսիացի նկարիչ, արվեստաբան Ժան Կազանչյանը՝ իր անցած ուղու եւ հայրենիքի հետ կապված ծրագրերի մասին:
Վենետիկի բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը (ձախից), ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը, նկարիչ Նարեկ Ավետիսյանը, Քրիստին Արժիլեն եւ Ժան Կազանչյանը:
Օրերս Հայաստանում էր արմատներով Մուսալեռից, ծնունդով Լիբանանից, ֆրանսահայ արվեստաբան, նկարիչ Ժան Կազանչյանը: Հայրենիքում հայտնի նկարիչն իր տիկնոջ՝ Ֆրանսիայի միակ սյուրռեալիզմի թանգարանի համադրող, արվեստի քննադատ եւ արվեստաբան Քրիստին Արժիլեի հետ էր:
2011թ. մարտին Նկարիչների միությունում Ժան Կազանչյանն ունենալու է իր առաջին անհատական ցուցահանդեսը հայրենիքում: Ինչպես նա նշեց «Առավոտի» հետ զրույցում՝ դա հնարավորություն է ներկայանալ սեփական ազգին. «Ինձ այստեղ չեն ճանաչում, մինչդեռ ես արդեն մի ամբողջ կյանք ստեղծում եմ արվեստի նմուշներ: Կարծում եմ՝ ժամանակն է հայրենիքում ներկայանալու հին ու նոր աշխատանքներով»:
Ժ. Կազանչյանը Հայաստան է այցելել հայկական ժամանակակից արվեստն ուսումնասիրելու: «Ցանկանում եմ այստեղի նկարիչների տանել դուրս, կազմակերպել ցուցահանդեսներ, այնտեղի նկարիչների բերել Հայաստան: Մշակութային փոխանակությամբ զբաղվենք: Այս օրերին եղա բազմաթիվ ցուցասրահներում: Հայրենիքս կուզեմ լավ տեսնել: Կուզեմ, որ Հայաստանն ամեն բնագավառով զարգացած լինի: Վերջին անգամ այստեղ երկու տարի առաջ եմ եղել, այս տարիների ընթացքում մեծ ու դրական փոփոխություններ նկատեցի, մասնավորապես՝ արվեստում: Շատ տպավորված եմ Նարեկ Ավետիսյանի, Թենի Վարդանյանի, Նանա Արամյանի եւ այլոց աշխատանքներով: Հանճարեղ նկարիչներ ունենք, նաեւ մի մեծ թերություն՝ մերոնց մեր շուրջը չենք նայում… Շատ կուզենայի այստեղ մի թանգարան հիմնել»,-հայտնեց զրուցակիցս:
Ժ. Կազանչյանն իրեն սյուրռեալիստ չի համարում, բայց, մասնագետների գնահատմամբ, նրա աշխատանքների գերակշռող մասը սյուրռեալիստական է. «Փոքր ժամանակից ինձ դուր է եկել սյուրռեալիստական արվեստը: Հիշում եմ, թե ինչպես ժամանակին ծանոթացա հայտնի ֆրանսիացի կոլեկցիոներ, դադաիզմի եւ սյուրռեալիզմի քարոզիչ Պիեռ Արժիլեի հետ: Երբ հանդիպեցի նրան, երիտասարդ տղա էի, ցուցադրեցի մի քանի աշխատանք: Նա ուշադիր զննեց եւ ասաց՝ դու տաղանդավոր ես, ես քեզանից այս գործերը կգնեմ: Զարմացա, որ նկարներս դուր եկան իրեն: Հենց նա էլ բացեց իմ առաջ արվեստի դռները: Այդտեղ էլ ծանոթացա նրա դստեր՝ ապագա տիկնոջս հետ: Հիմա միասին ենք ղեկավարում այս թանգարանը, միասին շրջում աշխարհում, ուսումնասիրում ժամանակակից արվեստը»:
Այժմ արվեստաբանն ապրում է ԱՄՆ-ում: «Ես լքեցի Փարիզը, որովհետեւ այլեւս չէի կարողանում այնտեղ ապրել եւ աշխատել: Մեծ մրցակցություն կար արվեստում եւ շատ խանգարողներ, որոնք եւ ֆրանսիացիներ էին, եւ հայեր: Նախանձը շատ էր: Շատ հայտնի նկարիչներ ամեն ինչ անում էին, որ իմ աշխատանքները չցուցադրվեն որեւէ տեղ: Հիմա աշխատանքներս Կալիֆոռնիայում են»,- ասաց արվեստագետը:
Նկարչի կինը՝ տիկին Արժիլեն տպավորված էր հայ նկարիչների գործերով, մասնավորապես՝ հայկական ճարտարապետությամբ:
«Ինձ շատ մոտ եմ զգում հայերին, հայկական մշակույթին: Հայերը արվեստի մարդիկ են, ինձ գերել է նաեւ հայկական երաժշտությունը»: Զրույցի վերջում Ժ. Կազանչյանն ասաց. «Ամենանվիրական երազանքս է՝ եվրոպական արմատներից եկող գեղարվեստական ավանդույթները մոտեցնել ժամանակակից աշխարհի առաջադեմ տեխնոլոգիաների արտահայտումներին»: