Մեկնաբանում է «Բարեկամություն» անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը
Վերջին տարիներին հայաստանյան որոշ պետական պարային կոլեկտիվներ ավելի շատ «ծաղկացնում» են այս կամ այն աստղի ելույթը շոու-ծրագրերում, քան ներկայանում մենահամերգներով: Որոշ տնօրեններ դա արդարացնում են արտաբյուջետային միջոցներ ստեղծելու, կոլեկտիվի հոգսերը հոգալու եւ, ի վերջո, իրենց խոսքերով՝ պարողների ցածր աշխատավարձը փոքր-ինչ համալրելու պատճառաբանությամբ: Իրոք, մեծ երեւակայություն պետք է ունենալ պատկերացնելու, որ ամենօրյա ֆիզիկական անասելի ծանրաբեռնվածությամբ աշխատող արտիստների պետական աշխատավարձը կազմում է շուրջ 30 հազար դրամ: Հասկանալի է նաեւ, որ պետական պարային եւ ոչ մի կոլեկտիվ չունի մշտական հովանավոր, մինչդեռ յուրաքանչյուր պար, բացի թանկարժեք բեմական զգեստներից, այլ ծախսեր էլ է պահանջում (պարերի բեմադրություն, երաժշտության գործիքավորում, ձայնագրություն եւ այլն): Ցավալի է նաեւ, որ ելնելով միջոցների բացակայությունից, մեր բարձրակարգ պարային կոլեկտիվները հայ պարը տարիներ շարունակ չեն ներկայացնում արտերկրում:
«Առավոտը» զրուցեց «Բարեկամություն» անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանի հետ: Վերջինս անսամբլում է 2009թ. հոկտեմբերից, իսկ մինչ այդ, շուրջ 6 տարի, եղել է «Համազգային» թատրոնի տնօրենը:
Մեր զրուցակիցը նախ նշեց, որ 2010-11թթ. համերգաշրջանը նվիրվելու է ՀՀ ժողովրդական արտիստ, 1987-ից անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի 70-ամյա հոբելյանին: Ասաց նաեւ, որ մեծ ցանկություն կա գրքի տեսքով ներկայացնել Մեհրաբյան բալետի արտիստի, բեմադրիչի, մի խոսքով՝ պարարվեստի երախտավորի ստեղծագործական եւ մեթոդական երկարամյա գործունեությունը: Տ. Մխոյանը հաստատեց մեր այն դիտարկումը, որ Հայաստանում գործող անսամբլները չեն կարող այնքան անհրաժեշտ արտաբյուջետային գումարներ կուտակել, որպեսզի ոչ միայն պահպանեն եղածը, այլեւ զարգացնեն: Թեեւ «Բարեկամության» համերգները անցնում են լեփլեցուն դահլիճներում, սակայն պարոն Մխոյանը կարծում է, որ Հայաստանի պայմաններում անգամ նման դահլիճներ ապահովելը դժվար է կամ անհնար: «Մեր անսամբլները միշտ էլ, հանդիսատեսի առումով, խնդիր կունենան: Մեծ երկրները, օրինակ՝ հենց Ռուսաստանը, ունի խոշոր քաղաքներ, որտեղ էլ կազմակերպվում են համերգներ, ինչի հետեւանքով միայն մայրաքաղաքում չի «կուտակվում» մշակութային անցուդարձը: Ճիշտ է, մենք էլ ենք մեկնում մարզեր, բայց մյուս կողմից էլ դրա համար անհրաժեշտ է տեղի պաշտոնյաների ու գործարարների ցանկությունն ու աջակցությունը: Մարզերում առանձնապես շահագրգռություն կամ ոգեւորություն չենք նկատում: Մարդիկ ավելի շուտ եւ ավելի թանկ գնով կգնեն որեւէ «աստղի» տոմսերը, քան 700-1000 դրամ կվճարեն բարձրարվեստ համերգների համար: Կոնկրետ՝ մենք մեծ ցանկություն ունենք ելույթներ ունենալ մարզերում, մնում է մարզաբնակները եւ նրանց ղեկավարներն ու գործարարները պատրաստակամություն ցուցաբերեն»,- ասաց պարոն Մխոյանը: Նա համոզված է, որ պետք է ունենալ բարեկամ- հովանավոր, ինչի դեպքում միայն կթեթեւանան անսամբլի հետ կապված բազմաթիվ հոգսեր եւ, վերջապես, անսամբլը հնարավորություն կունենա իր պարացանկի հայկական պարերի նոր մշակումները, աշխարհի ժողովուրդների հարուստ ֆոլկլորը, դասական շատ ստեղծագործությունների պարային մեկնաբանումները ներկայացնել աշխարհին: Շուրջ երկու տարվա ընդմիջումից հետո, աշնանը «Բարեկամությունը» իր արվեստը կներկայացնի դրսում՝ Չինաստանում կայանալիք «Էքսպո 2010»-ին եւ Բուլղարիայում՝ Հայաստանի օրերին: Բանակցություններ են տարվում Իրանում հյուրախաղերով հանդես գալու համար: Գալիք համերգաշրջանում անսամբլի պարացանկը կհարստանա Կոմիտասի «Դաշնամուրային պարերով», Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայից «Պոլովցյան պարերով» եւ մի հատվածով Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետից: