Բազմիցս ենք անդրադարձել Կապանում խմելու ջրի խնդիրներին: Հուլիսի 21-ից կրկին Սյունիքի մարզկենտրոնի բնակչությանը ջուր չի մատակարարվում, ինչը հերթական անգամ առաջացրել էր բնակչության զայրույթը, քանի որ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասն արդեն որերորդ անգամ բնակչության համար ավելորդ խնդիրներ է ստեղծում, առավելեւս՝ ամառվա այս շոգ եղանակին: Շատերը խմելու համար ստիպված շշալցված ջուր են ձեռք բերել խանութներից:
«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասից «Առավոտին» փոխանցեցին, որ ջրամատակարարումը դադարեցվել է վթարի հետեւանքով: Վթարը տեղի է ունեցել հուլիսի 21-ին, ժամը 17-ի սահմաններում ու մինչեւ լուսադեմ վերացվել է, սակայն վթարի հետեւանքով ջուրը պղտորվել է եւ ջրի մաքրման հետ կապված աշխատանքներով պայմանավորված՝ բնակչությանը ջրի մատակարարումը ուշացել է: Ըստ պատասխանատուների՝ խնդիրը կարգավորվել է եւ հուլիսի 22-ին, ժամը 14-ից արդեն ջրամատակարարումը Կապանում կարգավորվել է:
Սակայն երեկ, ժամը 18.30-ին, քաղաքի տարբեր թաղամասեր դեռեւս ջուր չի մատակարարվել, եւ կապանցիները կենցաղում ստիպված օգտագործում էին նախորդ օրվանից մնացած ջրերը: