«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախեցի Շիրակ Թորոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թեեւ իրենք պայքարում են, որ հայերենը Ջավախքում երկրորդ պետական լեզու ճանաչվի, սակայն վրացական իշխանություններն ամեն ինչ անում են, որ հայերենն արմատախիլ արվի, ջանում են, որ հայկական ազգային դիմագիծը խեղվի, վախի ու սարսափի մթնոլորտ ձեւավորվի, ցանկանում են հայաթափել Ջավախքը: Ըստ բանախոսի, վրացական իշխանությունները 12-րդ դասարանի ավարտական քննություններից մայրենի լեզուն հանել են՝ այդպիսով դրդելով, որ աշակերտները հայոց լեզու առարկային լուրջ չվերաբերվեն։ Թբիլիսիի հատուկ ծառայությունների կողմից էլ Ջավախքի հայ մանկավարժների սեւ ցուցակ է կազմվել, որում ընդգրկված են տարածաշրջանում հայապահպանմանը միտված գործունեություն ծավալող պատմության եւ հայոց լեզվի ուսուցիչները։ Նրանք ազատվել են աշխատանքից, նրանց արգելվել է աշխատել ոչ միայն Ջավախքի, այլ նաեւ Վրաստանի որեւէ դպրոցում։ «Ջավախքում ավելի սարսափելի մի համակարգ է այսօր ներդրված, քան Բերիայի եւ Ստալինի համակարգն էր։ Մարդիկ վախենում են խոսել, շփվել, արտահայտվել, մարդը վախենում է իր հայ ինքնության մասին բացահայտ խոսել»,- ասել է Թորոսյանը։
Հուլիսի 18-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը եւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուան Նինոծմինդայում հանդիսավորությամբ բացել են հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող Հայոսի եւ Քարթլոսի հուշարձանը: Դրանից չորս օր անց Երեւանում Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները ցանկանում են, որ հայ-վրացական պաշտոնական հարաբերությունները լինեն Հայոսի ու Քարթլոսի կենացը խմելու մակարդակի: «Իրենք սիրում են հավաքվել, նստել սեղանի շուրջ, գենացվալե, կենացդ, ցավդ տանեմ ու հետո սեղանից հեռանալուց հետո անմիջապես որոշում են ընդունում վրացահայությանը ճնշելու մասին»,- ասել է Շիրակ Թորոսյանը:
«Հայաստանն այս հարցում շատ անելիք ունի, բայց այդ ամենը իրականացնողն ու կամք ցուցաբերողը պետք է Վրաստանը լինի: Հայաստանը վաղ թե ուշ պետք է լուծի ջավախահայության խնդիրը, քանի որ սա մի օր պայթելու է»,- ասել է Շիրակ Թորոսյանը։