Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ» ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հուլիս 23,2010 00:00

Մարտունու քաղաքապետարանը պատրաստ է ասել՝ «ամոթ քեզ, մեղավոր անձ», սակայն մեղավորին փնտրելու քայլեր չի ձեռնարկում:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Գնել Սարգսյանը մեզ գրած նամակում պնդում է, որ Մարտունու քաղաքապետարանում «օրինախախտումները, կամայականությունները, փաստաթղթերի կեղծումները, ֆինանսական խախտումները եւ քաղաքացիների դիմումներին չպատասխանելու դեպքերը» բազմաթիվ են: Գնել Սարգսյանը բերել է իր հետ կատարված դեպքի մանրամասները:

Ըստ նրա, Մարտունու քաղաքապետարանը 1993 թվականին իրեն վարձակալությամբ 400 քմ տարածք է տվել քաղաքի «Հիվանդանոց» կոչվող հատվածում: Գնել Սարգսյանը պնդում է, որ մինչեւ 2008 թվականը ներառյալ մուծել է հողի հարկը, սակայն դրանից հետո քաղաքապետարանը հրաժարվել է իրենից վերցնել գումարը, պատճառաբանելով, որ տարածքը այլ վարձակալ ունի: Իսկ այլ վարձակալը Գնել Սարգսյանի եղբոր տղան է՝ Տարոնը, ում հայրը մահացել է 1999-ին եւ ում որդեգրել է պապը՝ Գնելի հայրը՝ 2000-ին: Ըստ Գնել Սարգսյանի, Մարտունու քաղաքապետարանից ասել են, այդ հողը իրենն է, սակայն «հողերի գրանցամատյանում իմ անվան վրա գիծ է քաշվել եւ մի այլ ձեռագրով անհայտ անձի կողմից ավելացվել է Տարոնի անունը: Ասացին՝ իբր թե անհայտ է կեղծիք կատարողը եւ դժվար է որոշել, թե այդ հողը ում է պատկանում»:

Գնել Սարգսյանը մեզ է ուղարկել նաեւ Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանից ստացած պատասխանը: Քաղաքապետը ընդունում է, որ 1993 թվականին Մարտունու ավանային խորհրդի հողային բարեփոխումների հանձնաժողովը Գնել Սարգսյանին 400 քմ տարածք է տվել քաղաքի «Հիվանդանոց» կոչվող հատվածում: Սակայն Գնել Սարգսյանը քաղաքապետարանին չի ներկայացրել որեւէ վճարման անդորրագիր, կտրոն կամ որեւէ փաստաթուղթ, որը կապացուցեր, որ ինքն է տնօրինել այդ հողը: Ուշագրավը քաղաքապետի գրած հաջորդ նախադասությունն է: «Մեզ անհասկանալի պայմաններում՝ 2005 թվականին քաղաքապետարանում պահպանվող փաստաթղթերից մեկում ձեր անվան վրա գիծ է քաշվել, ավելացվելով Տարոն Լեւոնի Սարգսյանի անունը»: Եվ հենց Տարոնն էլ 2007 թվականից սկսել է վճարել վիճելի հողի վարձավճարները: Բագրատ Հարությունյանը Մարտունու քաղաքապետն է 2005-ի նոյեմբերից: Այնպես որ, չի բացառվում, որ «անհասկանալի պայմաններում» տեղի ունեցած անվանաջնջությունը նրա օրոք է եղել: Այս խնդիրը մի կողմ թողնելով, քաղաքապետը Գնել Սարգսյանին առաջարկում է կամ հաշտվել եղբոր որդու հետ, կամ դիմել դատարան: «Քաղաքապետը դրանով իմ եւ Տարոնի միջեւ ստեղծում է թշնամանք եւ վտանգավոր ընդհարում»,- եզրակացնում է Գնել Սարգսյանը:

Տարոնի մայրը՝ Վեհանուշ Մելիքյանը, Մարտունու մանկապարտեզի վարիչն է, ըստ Գնել Սարգսյանի, քաղաքապետարանի քաղաքաշինության կամ ֆինանսատնտեսական վարչությունում մտերիմ ընկերուհի ունի, ում միջոցով էլ, ամենայն հավանականությամբ, կարգավորել է իր հարցերը:

Տեղի ունեցածի ու ունեցողի մասին պարզաբանումներ խնդրեցինք Մարտունու քաղաքապետարանից: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Խլղաթյանն ասաց այն, ինչ ասել է քաղաքապետը Գնել Սարգսյանին. չկա որեւէ վճարման անդորրագիր, որեւէ փաստաթուղթ, որը կապացուցեր, որ Գնել Սարգսյանն է տնօրինել այդ հողակտորը: Խաչիկ Խլղաթյանը ասաց, որ Տարոնի մայրը՝ Վեհանուշ Մելիքյանն է վճարել հողի վարձը. «հետո երեւի մտածել է, եթե ես եմ վճարում, էլ ինչո՞ւ Գնել Սարգսյան եւ ոչ՝ Տարոն Սարգսյան»:

Մարտունու քաղաքապետարանը, ըստ Խաչիկ Խլղաթյանի, պատրաստ է ընդունել ցանկացած վարձակալի, պարզապես հարկ է, որ Սարգսյանները կամ ինքնուրույն հաշտվեն, կամ դիմեն դատարան՝ հարցն էլ պարզվի, մեղավորներն էլ: «Մենք էլ ասենք՝ ամոթ քեզ, մեղավոր անձ»,- ամփոփեց Խաչիկ Խլղաթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել