Փողոցային առեւտրականները շրջափակել են շենքը
Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան 188 շենքի բակը շրջափակել են փողոցային առեւտրականները: Բնակիչների պատմելով, արդեն ավելի քան 10 տարի առեւտրականների աղմուկ-աղաղակից ու ձկնավաճառների հոտերից օր ու արեւ չեն տեսնում: Շենքի բնակիչ Ժաննա Ստեփանյանի պատմելով. «Վաղ առավոտից, առեւտրականների գործի գալուն պես, ստիպված ենք լինում արթնանալ, մեքենաների սիգնալները կապած՝ գալիս են ու սկսում իրենց մթերքը դատարկել ու մինչեւ ուշ գիշեր առեւտուր են անում, ոնց որ Մալաթիայի շուկայի կենտրոնում ապրելիս լինենք: 65 տարեկան կին եմ ու ինձ վատ եմ զգում, շուտ հոգնում եմ, բա չկարողանա՞մ ուզածս ժամանակին գլուխս բարձին դնել»: Տիկին Ժաննային զարմացնում է այն, որ իրենց բակում առեւտուր անողները նույնիսկ իրենց շենքից չեն. «Ի՞նչ է՝ իրենք բակ չունեն, եկել են մեր բակին են տիրացել»: Շենքի մեկ այլ բնակիչ՝ Սուսաննա Բասոյանը, նկատեց. «Հո չենք ասում շուկա չլինի, էդ առեւտրականներն էլ մեզ պես մարդիկ են, լավ օրից չէ, որ հայտնվել են մեր բակում, բայց կարելի է, չէ՞, առեւտուրը կազմակերպել քաղաքակիրթ ձեւով, թե չէ՝ շուխուրի տակ, ճանճերի առատությունից խելագարվում ենք»: Բնակիչները նաեւ պատմում էին, թե առեւտուրն ավարտելուց հետո, առեւտրականները նույնիսկ իրենց թողած աղբը չեն հավաքում, շենքի չորս բոլորը աղբանոց է դարձել: «Ինչո՞վ ենք մեղավոր, որ էդ զիբիլը բերում-թափում են, ու մենք շնչում ենք էդ հոտը: Բարեկամներս էլ չեն ուզում մեզ այցելել, թքելով հեռանում են, ասում են՝ էս ի՞նչ շենք է, ո՞նց եք էստեղ ապրում»,- ասաց Ս. Բասոյանը: Բնակիչների խոսքերով, տարիներ առաջ թաղամասում առեւտրի համար հատուկ տեղ հատկացրին, բայց. «Թաղապետարանը չվերահսկեց ու հետեւողական չեղավ, ու մի քանի օրից առեւտուրն էլի տեղափոխվեց փողոց: Մի շուկա մեզ խիստ անհրաժեշտ է»:
Ամիսներ առաջ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրահանգով լուրջ պայքար էր սկսվել փողոցային առեւտրի դեմ, բայց կարծես թե պայքարը կրկին թուլացել է: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչությունից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կլուծվի այս թաղամասի շուկայի հարցը: «Փողոցային առեւտուրը հացի խնդիր է, ու չենք կարող բոլորին միանշանակ արգելել, ամեն օր հսկում ենք, որ փողոցներում գոնե արագ փչացող սնունդ չվաճառվի, գոնե սրա վրա ուշադրություն ենք սեւեռում, որ խնդիրներ չառաջանան, ինչ վերաբերում է այս թաղամասին՝ այդ խնդրի վերաբերյալ տեղեկություն չունեմ, մի հարմար վայր կհատկացնենք»,- մեզ հետ զրույցում ասաց առեւտրի եւ սպասարկման վարչության պետի տեղակալ Վազգեն Ղազարյանը: Նրա խոսքերով, ամբողջ խնդիրն այն է, որ օրենսդրական դաշտը բավականին թույլ է ու չհամակարգված. «Օրինակ, օրենքով արգելվում է գյուղմթերքի բաց առեւտուրը, մենք հիմա օրենսդրական փաթեթ ենք ներկայացնելու, ըստ որի՝ բացօթյա գյուղմթերքի վաճառքը կթույլատրվի, բայց կսահմանվեն համապատասխան չափորոշիչներ ու վայրեր վաճառքի համար: Ամբողջ աշխարհում գյուղմթերքը հանգիստ վաճառում են քաղաքի կենտրոնական մասերում, գեղեցիկ տաղավարներում, սա նորմալ է, եւ ուզում ենք նույնը նաեւ մենք անենք: Դրանով կսկսվի առեւտրի կանոնակարգումը, փողոցային առեւտրականներին այսկերպ հարկային դաշտ կբերենք, մի խոսքով՝ կհասնենք մեծ արդյունքների եւ միաժամանակ քաղաքի բյուջեն կհամալրվի»: