Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԱԾ-ԻՑ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ

Հուլիս 23,2010 00:00

\"\"Ինչո՞ւ է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը թաքցրել, որ ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրը կալանավորված է:

Այս տարվա փետրվարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի լրագրող ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները թմրանյութեր պահելու եւ տարածելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Սամվել Սարգսյանի եղբորը՝ Ռոման Սարգսյանին: Ի պատասխան՝ ոստիկանապետն ասել էր, թե նման բան չկա, եւ որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Մինչդեռ հենց այդ ժամանակ, երբ պարոն Սարգսյանը, չգիտես ինչու, համառորեն հերքում էր այդ լուրը, ԱԱԾ-ի պաշտոնյայի եղբայրն արդեն մի քանի օր կալանավորված էր եւ գտնվում էր Նուբարաշենի բերդում: Տեղեկացանք, որ Ռ. Սարգսյանին 6-րդ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել այս տարվա հունվարի 26-ին, եւ մինչ օրս Ռոմանը գտնվում է փակի տակ: Նա իսկապես մեղադրվում է թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ: Թե ինչու էր ՀՀ ոստիկանապետը հերքում այդ լուրը՝ Ռոմանի հարազատների համար նույնպես հանելուկ է: Նրանց համոզմամբ, այդ ողջ պատմությունը պարզապես «ոտքից գլուխ սարքված գործ է» եւ ընդամենը Ռոմանի եղբորը՝ Սամվել Սարգսյանին վարկաբեկելու եւ նրանից վրեժ լուծելու փորձ է, քանի որ մինչ օրս որեւէ իրեղեն ապացույց գոյություն չունի, որ Ռ. Սարգսյանն ընդհանրապես առնչություն է ունեցել թմրամիջոցների հետ: Չնայած դրան՝ Ռ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռոման Սարգսյանի դատն էր: Սակայն գործը քննող դատավոր Գագիկ Ավետիսյանը դատական նիստի լսումը հետաձգեց մինչեւ օգոստոսի 4-ը, քանի որ այս գործով անցնող ամբաստանյալներից մեկի պաշտպանը որոշ նյութերի ծանոթանալու համար դատարանից ժամանակ խնդրեց:

Եվ մինչ դատարանը կորոշի՝ Ռ. Սարգսյանը մեղավոր է, թե ոչ, ներկայացնենք մի քանի ուշագրավ հանգամանքներ, որոնք էլ Ռոմանի հարազատներին հիմք են տալիս մտածելու, որ գործն իսկապես «սարքած» է:

Ռոմանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանի խոսքերով, հունվարի 26-ին 6-րդ վարչության աշխատակիցները ներխուժել են Ռոմանի բնակարան ու այն ամբողջովին տակնուվրա անելուց ու ընդհուպ անչափահաս երեխայի գրպանները ստուգելուց հետո որեւէ իրեղեն ապացույց չգտնելով՝ հատուկ վարժեցված շուն են բերել ու մի քանի ժամ բնակարանում շանը հոտոտել տվել, սակայն կրկին ոչինչ չեն գտել: Բայց դա չի խանգարել իրավապահներին՝ Ռոմանին իրենց հետ տանելու եւ միանգամից կալանավորելու: Պաշտպանի ներկայացմամբ, Ռոմանի դեմ ցուցմունք են տվել 2 անձ՝ Տիգրան Ղարիբյանն ու Սմբատ Կարա-Պողոսյանը, որոնք այս պահին նույնպես մեղադրվում են թմրանյութեր օգտագործելու եւ տարածելու մեջ. «Ռոմանը տաքսու վարորդ է աշխատել, իսկ Տիգրանը եւ Սմբատը հաճախ օգտվել են նրա ծառայությունից: Նրանց միջեւ թմրանյութերի մասին ընդհանրապես որեւէ խոսակցություն չի եղել: Սակայն իրավապահները սկսել են Ռոմանին էլ հետեւել ու հեռախոսային զանգերը ֆիքսել, թե որ օրը որ ժամին քանի անգամ են Տիգրանը եւ Սմբատը զանգել Ռոմանին»: Փաստաբանի խոսքերով, որ այս գործը շինծու է՝ պարզ է դառնում հենց միայն Սմբատ Կարա-Պողոսյանի տված ցուցմունքներից. նա իր ցուցմունքում նշում է, որ Ռոմանի հետ սեպտեմբերից են ծանոթ, մինչդեռ հեռախոսազանգերի վերծանման փաստաթղթերը միանգամայն այլ բան են վկայում: Բացի այդ, ըստ Ռ. Բալաբանյանի, Սմբատը սկզբում գրել է, որ Ռոմանին ճանաչում է 1 տարի, սակայն հետո փոխում է ցուցմունքը՝ գրելով 6 ամիս, ավելի ուշ նշում է, որ 3 ամիս է, ինչ Ռոմանին գիտի. «Սմբատն իր ցուցմունքում գրում է, որ Ռոմանից 7 անգամ է թմրանյութ ձեռք բերել, հետո առերես հարցաքննության ժամանակ ասում է՝ 1 անգամ»:

Սմբատի եւ Տիգրանի ցուցմունքներում նշած այն ժամանակահատվածը, թե այսինչ օրը այսինչ ժամին են իրենք Ռոմանից թմրանյութեր գնել, պաշտպանի խոսքերով, նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք ունեն մի քանի վկաներ, որոնք կփաստեն, որ այդ օրը այդ ժամին Ռոմանը տանը քնած է եղել. «Օպերատիվ աշխատակիցները Ռոմանին ասել են՝ դու թմրանյութ ես վաճառել հերթի տակ: Եթե նրանք այդպիսի օպերատիվ տվյալներ էին ստացել, ինչո՞ւ այդ հերթի պահին չեն այցելել, որպեսզի հենց գործի վրա բռնեն Ռոմանին եւ բացի այդ, կանխեն հանցագործությունը: Նրանք պնդում են, որ ունեն ձայնագրառումներ, որտեղ ապացուցվում է, որ Ռոմանից ցանկացել են թմրանյութ գնել, եթե նման փաստեր կան՝ ինչո՞ւ դրանք չեն տրամադրվում նախաքննական մարմնին: Բացի այդ, հեռախոսային խոսակցությունները իրավապահները վերծանել են նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 25-26-ը, եթե զանգերի վերծանումները նրանց տրամադրության տակ էին, եւ Ռոմանը, Սմբատը եւ Տիգրանը պարբերաբար իրար զանգել են, ինչո՞ւ օպերատիվ աշխատակիցները Տիգրանի եւ Սմբատի միջոցով չէին հետեւում, այդ 7 անգամ գնելուց մեկի ժամանակ Ռոմանին՝ թմրանյութ վաճառելու պահին, ինչո՞ւ չէին բռնում, ինչի՞ն էին սպասում: Չէ՞ որ իրավապահ մարմինը պարտավոր է կանխել առաջին իսկ կասկածի դեպքում, այլ ոչ թե թողնել, որպեսզի Տիգրանը, Սմբատը 7 անգամ թմրանյութ գնեին, մի բան էլ իրենք տարածեին, այսինքն՝ ստացվում է, որ օպերատիվ աշխատակիցները մի բան էլ նպաստել են թմրամոլության տարածմանը»:

Մի քանի կարեւոր հանգամանք եւս. կալանավորման օրը Ռոմանից, Տիգրանից եւ Սմբատից անալիզի համար մեզի նմուշներ են վերցրել, Ավանի նարկոլոգիական լաբորատորիայում կատարված փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Ռոմանի մեզի նմուշում կան ափիոնի ալկալոիդների հետքեր: Սակայն Ռոմանի պաշտպանի խոսքերով՝ քանի որ իրենց հավատ չեն ներշնչել այդ լաբորատորիայի փորձաքննության արդյունքները, իրենք միջնորդություն են ներկայացրել, որպեսզի լրացուցիչ անալիզ արվի եւ բացի մեզից, փորձաքննության ենթարկվի նաեւ Ռոմանի կրծքավանդակի մազը, քանի որ մազի դեպքում կեղծելու հավանականություն չկա: Մազի փորձաքննության ժամանակ Ռոման Սարգսյանի մազի նմուշի մեջ թմրանյութերի ալկալոիդներ չեն հայտնաբերվել: Պաշտպանի խոսքերով, փորձաքննությունն իրականացրել է փորձաքննությունների ազգային բյուրոն: Փոխարենը նույն բյուրոյում Ռոմանի մեզի անալիզի մեջ կրկին հայտնաբերվել են ափիոնի ալկալոիդների հետքեր: Ըստ պաշտպանի՝ պատճառն այն է, որ այս անգամ էլ փորձաքննության է ենթարկվել ոչ թե նոր մեզը, այլ այն մեզի նմուշը, որը կալանավորման օրը վերցվել է բոլորից: Հենց սա էլ Ռոմանի պաշտպանին հիմք է տալիս մտածելու, որ այն ժամանակ Ռոմանի մեզին խառնել են մեկ այլ անձի մեզ, որը թմրամիջոցներ է օգտագործում:

Նախաքննական մարմինը մի կարեւոր ապացույց էլ հարկ չի համարել կցել գործին, որն, ըստ Ռ. Բալաբանյանի, վկայում է, որ Ռոմանն այդ մասով էլ անմեղ է. «Ռոմանը թմրանյութեր վաճառելով՝ իբր տանը կուտակել է բավականին գումար՝ 860 հազար դրամ: Մենք այդ 860 հազար դրամի վերաբերյալ նախաքննության մարմնին ներկայացրինք բանկի փաստաթղթերն այն մասին, որ Ռոմանը եւ նրա կինը ցանկացել են ձեռք բերել ապառիկ ավտոմեքենա եւ դրա համար դիմել են բանկ եւ 500 հազար դրամ վարկ են վերցրել: Մենք այդ փաստաթղթերը տրամադրել ենք, սակայն նախաքննությունը դրան ուշադրություն չի դարձրել, ասելով, որ դրանք հիմք չեն»: Ռոմանի պաշտպանի խոսքերով՝ բնակարանը խուզարկելու ժամանակ իրավապահները ոսկու կշեռք են գտել. «Քանի որ Ռոմանը ժամանակին զբաղվել է նաեւ ոսկու եւ ադամանդի առուվաճառքով, այդ կշեռքն ունեցել է, այսօր դա էլ են դրել գործի հիմքում՝ իբր դրանով է կշռել հերոին ու ափիոն տեսակի թմրանյութերը: Ապացուցում են՝ իբր կշռաքարի վրա էլ են հայտնաբերել ափիոնի ալկալոիդներ, սակայն տարօրինակ է, թե ինչու են միայն ափիոն հայտնաբերել, Ռոմանը միայն ափիո՞նն է կշռել, իսկ հերոինն առանց կշռելո՞ւ է վաճառել»:

Նշենք, որ այս գործը վարել է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել