Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, որտեղ հանգիստն են անցկացնում «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները: Նախագահը ճամբարականներին տեղեկացրել էր, որ հանդիպելու է նաեւ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների, այսինքն՝ այն երիտասարդների հետ, ովքեր այս տարի արտասահմանում ընդունվել են առաջնակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններ: «Ուզում եմ, որպեսզի մենք, իսկ ես ձեզանից մեկն եմ ինձ համարում, մեծ ջատագովը լինենք գիտելիքի, մեր օրինակով կարողանանք ուրիշներին ապացուցել, որ գիտելիք ունեցող մարդը մեր հասարակության մեջ պահանջված է: Մենք այսօր մեծ կարիք ունենք երիտասարդ մարդկանց, ովքեր գիտելիք ունեն եւ կարող են պետական կառավարման համակարգում աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Լույսի» 70 կրթաթոշակառուներ ներկայումս սովորում են ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Ավստրալիայի եւ այլ երկրների լավագույն համալսարաններում: Ս. Սարգսյանի հետ հանդիպմանը կրթաթոշակառուների մեծամասնությունը հավաստիացրել է, որ ուսումն ավարտելուց հետո պատրաստ է վերադառնալ Հայաստան: