Խոստացավ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նիստում երեկ որոշվեց հուլիսի 27-ին հայտարարել մրցույթ 7 մարզային հեռուստաընկերությունների համար: ՀՌԱՀ նիստի օրակարգում (նիստը տեւեց մոտ 5 րոպե) ընդգրկված էր մեկ հարց` ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին: Հուլիսի 20-ին ՀՌԱՀ-ն արդեն իսկ հայտարարել էր մրցույթ 18 հեռուստաընկերությունների համար: ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին կարգի համաձայն, մրցույթի հայտարարության օրվանից սկսած, մարզայինների պարագայում՝ հուլիսի 27-ից սկսած, 83-ից մինչեւ 93-րդ օրը ներառյալ հանձնաժողովը ստանալու է մրցույթին մասնակցելու հայտը եւ անհրաժեշտ փաստաթղթերը: Մրցույթում հաղթողի անունը հանձնաժողովը հրապարակում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 150-րդ օրը, բաց վարկանիշային քվեարկությամբ:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝ ի՞նչ երաշխիք, որ մրցույթներն անցկացվելու են ազատ եւ թափանցիկ, եւ կիսո՞ւմ է պարոն Ամալյանը հասարակության մեջ արմատացած այն տրամադրությունները, որ հանձնաժողովից չարժե օբյեկտիվ արդյունք ակնկալել, եւ այս բոլոր մրցույթները զուտ ձեւական միջոցառումներ են լինելու, ասաց. «Ես չէի ասի, որ կա հասարակական նման դիրքորոշում: Ես կարծում եմ՝ կա հասարակության մի շերտի նման դիրքորոշում: Բայց եթե նույնիսկ դա լիներ ամբողջ հասարակության դիրքորոշումը, ապա պիտի ասեինք՝ սիրելի հասարակություն, ակտիվությամբ մասնակցեք, եւ թող ձեւական չլինեն այդ մրցույթները»:
Արդար եւ անկողմնակալ մրցույթի անցկացման մասով էլ պարոն Ամալյանը ասաց. «Ես պարտավոր եմ երաշխավորել արդար եւ օբյեկտիվ մրցույթ»:
Հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ «մրցույթի ելքը կարող են որոշել մասնակիցների ներկայացրած ծրագրերը եւ առաջարկները»:
Պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ ինչո՞ւ չեն նշվում այն հաճախությունները, որոնց վրա հայտարարվում է մրցույթ, Գրիգոր Ամալյանն ասել է. «Մրցույթները հայտարարվում են թվային ցանցով հեռուստահեռարձակում իրականացնելու համար, իսկ թվային ցանցում հեռարձակումն իրականացվելու է մուլտիպլեքսներով, եւ որեւէ մեկ հեռուստաընկերության առանձին վերցրած հաճախություն չի հատկացվում, մի հաճախության վրա գործում են մի քանի հեռուստաընկերություններ»: Պարոն Ամալյանը չի պատասխանել «Ա1+»-ի հարցին՝ որո՞նք են այն 4 հաճախությունները, որոնք թվայնացվելու են, եւ խորհուրդ է տվել դիմել կապի եւ տրանսպորտի նախարարություն: