Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳԻՐ ՉԿԱ

Հուլիս 23,2010 00:00

\"\"Աշոտ Մանուչարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

– ՀՀՇ 16-րդ համագումարի իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե առանց ղարաբաղյան հարցի լուծման, առանց հայ-թուրքական հարաբերությունների Հայաստանը տնտեսական եւ ժողովրդագրական զարգացում չի ունենա, անկախ նրանից, թե ում ձեռքին կլինի կառավարման ղեկը: Համամի՞տ եք:

– Հարցը շատ ավելի տարողունակ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Փորձեմ կանգ առնել նրա մի քանի կարեւորագույն բաղադրիչների վրա:

1. Դեռեւս անկախ պետականության կայացման շրջանում, 90-ականների սկզբին, երբ այն զուգորդվում էր ծավալվող արցախյան պատերազմով, իսկ հետագայում՝ պահպանվող հայ-ադրբեջանական առճակատմամբ, Հայաստանի քաղաքական մտքի համար ձեւավորվեց մի ֆունդամենտալ խնդիր՝ արդյոք Արցախի հարցը մի ծանրաքա՞ր է, որից պետք է հնարավորինս շուտ ազատվենք՝ երկրի զարգացումն ապահովելու համար, թե՞ դա մի հաղթաթուղթ է, որի ճիշտ կիրառման դեպքում մենք կարող ենք մեծագույն առաջընթաց ունենալ թե երկրի, թե շրջապատող աշխարհի ցանկալի զարգացումներն ապահովելու գործում: Այս հարցի պատասխանից (ըստ էության, այլ ոչ լոզունգային, այսինքն՝ առաջարկվող կոնկրետ ծրագրերով, գործունեության ծավալման սկզբունքներով, նպատակներով, այլ ոչ պարզունակ «այո» կամ «ոչ»-ով) են կախված բոլոր մյուս գնահատականները: Մինչեւ 93-94 թվականները հայկական քաղաքական միտքը ընդհանուր առմամբ կենտրոնացած էր երկրորդ մոտեցման վրա: Սակայն ավելի ուշ, ըստ քաղաքական մտքի «տնտեսականացման» (այսինքն՝ երբ մարդիկ քաղաքականության մեջ սկսեցին տեսնել ոչ թե նոր աշխարհ ձեւավորելու, այլ գոյություն ունեցողում իրենց եւ մերձավորների բարեկեցությունն ապահովելու միջոց), իրավիճակը կտրուկ փոխվեց, եւ այսօր այդ տնտեսականացված «քաղաքական» միտքը համատարած տիրում է Հայաստանում: Դուք տեսեք, փաստորեն չկան կուսակցություններ, գործիչներ, որոնք քիչ թե շատ բովանդակային առաջարկ (էլ չեմ ասում՝ ծրագիր) ներկայացնեն Արցախի հարցի վերաբերյալ: Էլ չեմ ասում՝ աշխատող, իրական տարբերակ:

2. Մինսկի տարբերակը չի պարունակել, չի պարունակում եւ չի էլ կարող պարունակել որեւէ լուծում Արցախի հարցի համար: Ոչ թե տերությունների ինչ-որ հատուկ նենգության, չարամտության պատճառով: Ոչ, այդպիսին է այսօրվա՝ արդեն հնացող, արդեն հեռացող, բայց առայժմ գոյություն ունեցող շահի աշխարհը: Իսկ այդ շահը կովկասյան կոմունիկացիոն միջանցքում վերածվել է մի պարզագույն հարցի՝ արդյոք արցախյան խնդրի լուծման շղարշի ներքո ռուսական զորքը կտեղակայվի՞ միջանցքում՝ դրանով այն վերցնելով լրիվ իր վերահսկողության տակ, թե՞ ինչ-որ շրջադարձում կհաջողվի նրան մոլորեցնել եւ այնտեղ տեղակայելով արեւմտյան ստորաբաժանումներ՝ նրան դուրս թողնել Կովկասից, ինչին կհետեւի Ռուսաստանի հեռացումը ողջ Կովկասից: Հնարավոր է եւ՝ երկրի կազմաքանդումը: Այսպիսով, ձեւավորվում է դասական փակուղի: Սրանով է պայմանավորված այսօրվա «status quo»-ն: Իհարկե, փորձելով մոլորեցնել մրցակցին, անդադար նորամուծություններ են մտցվել այս կամ այն տերության կողմից, շատ անգամ բավականին նուրբ նորամուծություններ: Վերջինը դրանցից Հայաստանում ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան զորավարժություններն են, որոնց ընթացքում նախատեսված է դաշինքի զորամիավորումների մուտքը Թուրքիայից Հայաստան: Սա սիմվոլների լեզվով ոչ այլ ինչ է, քան հասարակության նախապատրաստում եւ հաշտեցում հնարավոր ճգնաժամային (պատերազմական) վիճակում արցախյան առճակատման գոտում ՆԱՏՕ-ի խաղաղարար օպերացիայի անցկացմանը: Իսկ սա բարձրացնում է պատերազմի վտանգը, քանի որ այն բացառվում էր առաջին հերթին նման պատրվակով միջանցքում ռուսական բանակի տեղակայմամբ:

3. Այն, որ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս կոնֆլիկտի սառեցման դեմ՝ շատ բնական է, որովհետեւ խիստ վտանգավոր է թշնամության հավերժ պահպանումը: Անգամ եթե ինչ-որ ժամանակահատվածում, ինչպես վերջին տարիներն էին, հնարավոր լավագույն լուծումը status quo-ի պահպանումն է, այն սպասարկման կարիք ունի հատուկ ծրագրերով, մի կողմից՝ որ թշնամանքը ժողովուրդների միջեւ այդ ընթացքում ոչ թե աճի, այլ նվազի, մյուս կողմից՝ որ նոր նախադրյալներ ստեղծվեն հետագա՝ ավելի բարենպաստ պայմաններում խնդիրը լուծելու ուղղությամբ: Մինսկի խմբի գործառույթներն այս խնդիրները չլուծեցին: Հակառակը, թշնամանքը ժողովուրդների միջեւ ավելացավ, ինչը թույլ էր տալիս թելադրող պետություններին պատերազմով շանտաժը օգտագործել ինչ-ինչ սեփական նպատակներ սպասարկելու համար: Այսպիսով, եթե անգամ status quo եք ապահովում, բարի եղեք խոսել հարցի կարգավորումից՝ վերոնշյալ կանոնների շրջանակում:

4. Այլ բան է, թե ինչով եք հիմնավորում հարցի լուծման անհրաժեշտությունը: Եթե այն հիմնավորում եք կոնֆլիկտի բացասական ազդեցությամբ երկրի տնտեսական զարգացման, միգրացիայի, դեմոգրաֆիական աճի եւ նման այլ պարամետրերի վրա, ապա ինչպես արդարացի նշել են շատ-շատերը՝ բացասական գործոնների շրջանակում կոնֆլիկտը տասներորդական տեղ է զբաղեցնում նենգափոխած արժեհամակարգի, փաստացի կրոնափոխության, օրենքների՝ հիմնովին ոտնահարման եւ բազմաթիվ այլ գործոնների պարագայում: Մյուս կողմից՝ արցախյան ազատամարտը, շարունակվող կոնֆլիկտը, ի տարբերություն վերը նշված միանշանակ բացասական ազդեցության գործոնների, երկակի է: Այսինքն՝ կարող էր եւ խիստ դրական դեր խաղալ երկրի տնտեսական զարգացման եւ վերը նշված մյուս հարցերում՝ հայրենիք կերտելու մղելով, կոնսոլիդացնելով Արցախի ու Հայաստանի շուրջ ողջ հայությունը: Դա այդպես էր 88-90-ին եւ կշարունակվեր ուժեղանալով, եթե կյանքի չկոչվեին այն մյուս բացասական գործոնները, որոնք ոչ միայն ուղիղ հարված էին տնտեսությանը, այլեւ նախ եւ առաջ մարդկանց հավատին:

5. Եվս մեկ կարեւոր դրական դեր է կատարում պահպանվող արցախյան ճգնաժամը: Այն զուտ քաղաքական երեւույթ է եւ ենթակա չէ հայաստանյան «տնտեսականացման»: Բազմաթիվ փորձերը՝ այդ հարցը (ի դեպ, սույն եւ վերը նշված բոլոր դատողությունները վերաբերում են նաեւ հայ-թուրքական գործընթացին) միասին վերածել փողի եւ հանուն փողի իշխանության համար կռվի գործոնի, ավարտվել են ապարդյուն: Լինելով վերհայաստանյան, գլոբալ համակարգի համար կարեւոր գործոններ՝ այս երկու գործընթացները հայաստանյան քաղաքական գործիչների համար ենթակա չեն ներքին կամ ներքինից արտաքին առք ու վաճառքի: Նման քայլեր կատարողներին մեծ վնաս են հասցրել: Դեռ հարց է, թե ինչն ավելի մեծ հարված հասցրեց՝ փողի իշխանությունը եւ նրա ձեւավորած ռեժիմների կայունությո՞ւնը, իրար հաջորդող համաժողովրդական ընդվզումնե՞րը, թե՞ Արցախի, հայ-թուրքական հարցերով վերջիններիս թելադրվող հրամայականները: Շարժումները մի կողմից սասանում էին ռեժիմները, բայց նաեւ փողը պահպանելու մոլուցքի ուժեղացումով ամրապնդում նրանց ներքին համերաշխությունը: Մինչդեռ արցախյան եւ հայ-թուրքական հիմնահարցերը ազդում էին նրանց ներքին ամրության վրա՝ կանգնեցնելով կազմաքանդման եզրին:

– ՀԱԿ-ին համարո՞ւմ եք միակ ընդդիմադիր ուժ:

– ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը իհարկե երկրի առաջատար ընդդիմադիր ուժն են եւ իհարկե՝ ոչ միակը: Լինելով առաջատար քաղաքական ուժ՝ թե Կոնգրեսը, թե նրա լիդերի գործունեությունը ենթակա են մանրակրկիտ վերլուծության, անխնա քննադատության՝ բացթողումների դեպքում: Բայց այս դեպքում, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, կա մի կարեւորագույն առանձնահատկություն. Կոնգրեսը եւ նրա լիդերն ունեն մեկ այլ կարգավիճակ եւս՝ քաղաքական համակարգից դուրս եւ շատ ավելի տարողունակ: Պատմության ընթացիկ փուլում Կոնգրեսը կազմում է հայկական դիմադրության ողնաշարը, իսկ առաջնորդը՝ այդ ողնաշարն ամբողջականացնող առաջնային (միգուցե միակ) գործոնը: Դա մեր ժողովրդի ունակությունն է՝ դիմակայել իր համար խորթ, իր կարեւորագույն կենսական հանգամանքները խաթարող գործառույթներին թե երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս: Սա ոչ կազմակերպություն է, ոչ կառույց: Սա ավելի շատ Կոնգրեսի գործունեության շնորհիվ արթնացած, շատ անգամ նրա հետ քիչ ընդհանրություն, առանձին դեպքերում՝ թշնամանք ունեցող մեր հանրությունն է, ազգային ներուժի ամենատարբեր օղակները: Սա ավելի շատ մեր ազգային մարմնի ինքնապահպանության բնազդն է, որի շրջանակում, օրինակ, գործող նախագահը կարող է (կամ ստիպված է) ո՛չ ասել մի արտաքին անընդունելի առաջարկի՝ միայն մատնանշելով ՀԱԿ-ի գոյությունը, նրա հնարավոր արձագանքը: Այսինքն՝ փրկել իրեն եւ երկիրը զուտ թշնամական Կոնգրեսի՝ (Դիմադրության) գոյության հանգամանքով:

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել