Յուրաքանչյուր գրողի կյանքի վերջալույսը մի լուսավոր ծիր է թողնում իր ընթերցողի հիշողության դաշտում: Համոզված եմ, որ իմ վերջալույսը նույնպես կթողնի իր ազդեցիկ հետագիծը քո հոգեւոր իշխանության անծայրածիր տարածքում, քանզի ես հոգեհարազատ եմ քեզ, քոնն եմ վերջապես՝ որպես մտածող եւ Մարդ աստծո:
Ուստի հաճությամբ քեզ նվիրելով սույն բանաստեղծական պրակը՝ թախանձում եմ այն կարդալ առանց ծուլանալու, մեկդի թողնելով առօրյա հոգսերդ, որոնցից կտրվել պիտի դժկամես:
Իմ անուրախ կյանքը հարուստ է ողբերգական դրվագներով, լի վերելքներով ու անկումներով, նվաճումներով ու նահանջներով, ձեռքբերումներով ու կորուստներով: Այս ամենի համար գոհություն եմ հայտնում իմ ճակատագրին եւ փառք առաքում Աստծուն: