Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշումներ եւ բռնություն ԶԼՄ-ների հանդեպ

Հուլիս 22,2010 00:00

\"\"Այս տարվա 2-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել, ԶԼՄ-ի ու դրանց աշխատակիցների վրա տարբեր ճնշումների՝ 5, նույնքան էլ տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտումներ են արձանագրվել: Երեկվա ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2-րդ եռամսյակային զեկույցը ներկայացնելիս, կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական բռնությունները նվազել են 5-ով, իսկ ճնշումներն ավելացել 4-ով: Ճնշումների աճ է նկատելի նաեւ առաջին եռամսյակի համեմատ: 2009-ի համեմատ 4 դեպքով աճել են նաեւ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումները»:
Կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն էլ պարզաբանեց. «Քաղաքական միջավայրի ազդեցությունը կա. 2009-ի 2-րդ եռամսյակը համընկավ Երեւանի ավագանու ընտրությունների հետ եւ հիմնական բռնություններն արձանագրվել էին հենց այդ օրերին: Այս տարվա 2-րդ եռամսյակում գրանցված բռնությունները եւս քաղաքական լարված իրավիճակում էին՝ մայիսի վերջին ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների ակցիայի ժամանակ»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր զեկույցում նաեւ արձանագրել է իշխանությունների՝ ԶԼՄ-ին տնտեսական լծակներով ճնշելու փորձերը: «Տեխնիկական վերազինման նպատակով «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը ներկրել էր տեխնիկական սարքավորումներ, որոնք չէին մաքսազերծվում, որովհետեւ հարկային տեսչությունը իրենց հաշիվների վրա կալանք էր դրել՝ պատճառաբանելով, թե 822 հազար դրամ պարտք ունեն»,- ներկայացրեց պարոն Հարությունյանը: Ըստ փորձագետի, իրենք ուսումնասիրել են նաեւ ԶԼՄ-ին ճնշելու, տեղեկատվություն չտրամադրելու պատճառները. «Հիմնականում պաշտոնյաները «ՀՀ տեղեկատվության ազատության մասին» օրենքին լավ էլ ծանոթ են, բայց մտածում են, թե տեղեկատվությունը իրենց սեփականությունն է, իսկ տարբեր ճնշումների պատճառը գտնելը դժվար է, երբեմն դա էմոցիայի հետեւանք է կամ էլ ուժի ցուցադրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել