«Առավոտի» նախորդ համարում ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Վիկ Դարչինյանը Ֆեռնանդո Մոնտիելի հետ այս աշնանը մենամարտելու ցանկություն է հայտնել: Իսկ երեկ «Fightnews.ru»-ն լրատվություն է տարածել այն մասին, որ Մոնտիելի եւ երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոների միջեւ նույն ժամկետներում մենամարտ կազմակերպելու պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել: Ըստ լրատվամիջոցի, այդ մասին հայտարարել է «Top Rank» պրոումոթերական ընկերության գործադիր տնօրեն Բոբ Արումը, որը հայտարարել է, թե մարտը կայանալու է նոյեմբերին՝ ԱՄՆ-ում, իսկ կոնկրետ օրը հայտնի կդառնա մոտ մեկ շաբաթվա ընթացքում, երբ ավարտվեն «Showtime» հեռուստաընկերության հետ խորհրդակցությունները:
«Դա դժոխային մարտ է լինելու, որին անհամբերությամբ եմ սպասում: Մոնտիելը շատ ուժեղ մարտիկ է, լավ արագություն ունի, բարձրահասակ է եւ հզոր: Բայց նույն որակները ես էլ ունեմ: Մի խոսքով, թե ինչպե՞ս կավարտվի մեր հակամարտությունը, պարզ կդառնա միայն ռինգում»,- ասել է Դոները: