Բուդապտում մեկնարկած հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշմարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանին բերեց մեկ բրոնզե մեդալ:
Հունահռոմեական ըմբիշ, 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը մեկնարկային գոտեմարտերում հերթականությամբ պարտության մատնեց Ֆինլանդիայի, Իտալիայի եւ Վրաստանի ներկայացուցիչներին, սակայն եզրափակչի ճանապարհին գոտեմարտը տանուլ տվեց ադրբեջանցուն եւ զրկվեց ոսկի նվաճելու հեռանկարից: Սակայն հայ ըմբիշը երրորդ տեղի համար մարտում առավելության հասավ դանիացի մրցակցի նկատմամբ եւ արժանացավ աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալին:
Նույն օրը մրցագորգ մտած մեր մյուս երեք մարզիկներից համեմատաբար հաջող հանդես եկավ 96 կգ քաշային Էդուարդ Սողոմոնյանը: Նա հանգրվանեց հինգերորդ հորիզոնականում: Իսկ Աշոտ Խաչատրյանը (50 կգ) եւ Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) տասնյակում են:
Երեկ երեկոյան պայքարի մեջ ներգրավվեցին մեր մյուս չորս հունահռոմեականները՝ Նարեկ Խաչատրյանը՝ 55 կգ, Գեւորգ Սահակյանը՝ 66 կգ, Արթուր Ալեքսանյանը՝ 84 կգ եւ Վաչիկ Եղիազարյանը՝ 120 կգ: