Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները մի բան են ասում

Հուլիս 22,2010 00:00

«Էրեբունի» բժշկական քոլեջի տնօրենը՝ հակառակը

Օրերս «Էրեբունի» բժշկական քոլեջի մի քանի ուսանողուհիներ «Առավոտին» փոխանցեցին, որ գոհ են քոլեջում ուսուցման մակարդակից, սակայն իրենց մտահոգում է այն, որ տարեվերջին իրենցից շուրջ 15 000 դրամ են պահանջել դիպլոմ տրամադրելու համար: Նրանցից մեկն էլ նշեց, թե ուզում է գործերը վերցնել՝ տեղափոխվելու համար, սակայն կրկին գումար են պահանջում: Ըստ ուսանողուհիների՝ քոլեջում անգամ բացակայության համար են վճարում: «Առավոտը» այցելեց «Էրեբունի» բժշկական քոլեջ՝ տեղում պարզելու իրավիճակը: Զրուցեցինք տնօրեն Ալինա Քուշկյանի հետ: Նա ասաց, որ ոչ մի կերպ չի հավատում, թե իրենց ուսանողները նման բան արած լինեն. «Մեր ուսանողները լավն են, չեմ հավատում, որ որեւէ երեխա այստեղից դժգոհ գնա»: Քոլեջն ունի շուրջ 800 ուսանող, ուսուցումը չորս տարով է, ամերիկյան չափանիշներով այն համարվում է բակալավրի աստիճան, սակայն ՀՀ-ում ոչ մի կերպ չեն ուզում քոլեջի շրջանավարտներին այդպիսի դիպլոմ տալ: Ա. Քուշկյանը սկզբում վրդովվեց, թե ինչո՞ւ պիտի իրենցից դժգոհեն, եթե լավ են աշխատում, հավելեց, որ կան այլ քոլեջներ, որտեղ պատկերը խայտառակ է: Տիկին Քուշկյանն ասաց, որ իրենց ուսանողներից ոմանք տարեվերջյան քննությունների ժամանակ ասել են, թե խմբագրություններում ծանոթներ ունեն, ու եթե մի բանից գոհ չմնան՝ գնալու են բողոքեն, բայց, ըստ տնօրենի՝ ավելի հավանական վարկած է այն, որ եթե անգամ խմբագրությանը դժգոհած լինեն, ապա դա կազմակերպված կլինի այլ քոլեջների ղեկավարների նախանձի հողի վրա՝ մրցակցության պայմաններից դրդված:
«Էրեբունի» քոլեջում մեզ ցույց տվեցին «Երեւանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ում բացակայած ուսանողների բացակա դասաժամերի լրացման կարգը», որի համաձայն՝ «բացակա դասաժամերը լրացնելու համար բացակայած ուսանողները քոլեջի դրամարկղ են մուծում յուրաքանչյուր բացակա դասաժամի համար 200 դրամ, բացառությամբ ատամնատեխնիկական բաժնի, որտեղ սովորող ուսանողները բացակայած մեկ դասաժամի համար պետք է վճարեն 250 դրամ»: Այս գործընթացը կատարվում է փաստաթղթային սկզբունքով, որպեսզի հետո դասախոսը լրացնի ուսանողների բացակայած դասաժամերը: Քոլեջում պարզաբանեցին, որ դիպլոմների համար գանձվում է ընդամենը 3200 դրամ՝ հարկային օրենքի համաձայն: «Առավոտի»՝ քոլեջում գտնվելու պահին տնօրենը հրավիրեց բոլոր այն ուսանողներին, որոնք ցանկություն են հայտնել իրենց անձնական գործերը վերցնել եւ վերադարձրեց նրանց իրենց փաստաթղթերը՝ առանց գումար գանձելու: Այնուհետեւ տիկին Քուշկյանը խոսեց իրենց գործունեության մասին. «Վերջին տարիներին մարդիկ դաժան են դարձել, չեն հարգում մեծերին ու փոքրերին: Դրա համար էլ մեր կրթական մեթոդներից մեկը հոգատարություն սերմանելն է ապագա մասնագետների մեջ: Այցելում ենք ծերանոցներ, մանկատներ, օգնում մարդկանց, նրանց ենք քոլեջ հրավիրում, աշխատում Էրեբունու շրջանի սոցիալապես անապահով խավերի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել