Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշի-տուշի» չի լինի

Հուլիս 22,2010 00:00

Այսօր կմեկնարկի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները կընթանան մինչեւ տարեվերջ: Երեկվա ասուլիսում ՀՀ Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը տեղեկացրեց, որ փառատոնն այս տարի մասնակիցների պակաս չի ունենա. ընդլայնվել է եւ մասնակիցների աշխարհագրությունը, եւ քանակը: Կմասնակցի 13 երկրի 1200 ներկայացուցիչ: Ըստ փոխնախարարի, այսօրվանից մեկ շաբաթ շարունակ հանրապետությունում կատարողական արվեստի օրեր են լինելու: Նախատեսված են մշակութային միջոցառումներ, շրջայցեր Հայաստանի եւ Արցախի պատմական վայրեր, հանդիպումներ ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնյաների եւ հոգեւոր առաջնորդների հետ, կլինեն նաեւ վարպետության դասեր: Առաջին անգամ փառատոնի պատմության մեջ օգոստոսի 15-23-ը կկազմակերպվի Շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան:
Այս տարի որոշակի փոփոխություն է արձանագրվել նաեւ «Թատերական արվեստի օրեր» ծրագրում: «Եթե նախորդ տարիներին Սփյուռքի եւ Հայաստանի ռեժիսորների ու դերասանների մասնակցությամբ կազմակերպվում էին թատերական ներկայացումներ, այս անգամ հյուրախաղերով կներկայանա միայն Սփյուռքի 3 թատերախումբ՝ Բեյրութի «Վահրամ Փափազյան», Նյու Ջերսիի համազգային եւ Մոսկվայի հայկական թատերախմբերը: Աշնանը նախատեսել ենք նաեւ կերպարվեստի հայ գործիչների համաժողով»,- ասաց բանախոսը:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանն էլ վստահեցրեց, թե այս փառատոնը ամենեւին էլ ինքնագործունեություն կամ «տաշի-տուշի» անելու նպատակ չունի. «Փառատոնն ամրապնդում է Հայաստան-Սփյուռք կապերը»: Արդեն Հայաստան են ժամանել փառատոնի մոտ 450 մասնակից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից, Վրաստանից ու Իրանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել