Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի կամավորները՝ կրկին Գեղարքունիքի մարզում

Հուլիս 22,2010 00:00

\"\"2009 թվականի օգոստոսի 8-ին տեղեկացրել ենք, որ արդեն երրորդ ամառն է, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղ են գալիս Փարիզի «CSOE»՝ «Որբերի եւ ուսանողների օգնության կոմիտե» բարեգործական կազմակերպության կամավորները եւ որոշակի աշխատանքներ իրականացնում. նորոգում համայնքի միջնակարգ դպրոցը եւ մանկապարտեզը։ Կամավորների մեջ կան նաեւ հայեր, նախորդ տարիներին նրանք աջակցել են Երեւանի 19 մանկապարտեզների եւ Գյումրիի դպրոցներին: Բացի շինարարական աշխատանքներից, կամավորները գյուղի երեխաների համար դպրոցում կազմակերպում են ճամբար՝ նրանց հետ անցկացնում են իրենց օրվա ազատ մասը, երեխաներին սովորեցնում են խոսել ֆրանսերեն։
Այս ամռանը «Որբերի եւ ուսանողների օգնության կոմիտե» բարեգործական կազմակերպության կամավորները չորրորդ անգամ են գալիս Հայաստան ու կրկին Լճափում են: Եկել է 20 կամավոր, որից 8-ը՝ հայ: Երիտասարդները կրկին աշխատելու են դպրոցը բարեկարգելու ուղղությամբ. նախատեսում են վերանորոգել դպրոցի 1 դասասենյակ, փոխել 3 դասասենյակների պատուհանները եւ դպրոցի մուտքի դուռը: Այս աշխատանքների համար անհրաժեշտ գումարը ուսանողների մերձավորներն են հանգանակել:
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Նվեր Պողոսյանը հանդիպել է կամավորներին եւ խոստացել անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց: Մարզպետարանն էլ կամավորների համար պարբերաբար կկազմակերպի ճանաչողական այցեր՝ մարզի պատմամշակութային վայրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել